ՔՈ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՔՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է
Զրույց դերասան Ռազմիկ Խոսրոևի հետ
-Պարո՛ն Խոսրոև, ես ուզում եմ մեր զրույցն սկսել Խոսրոևների ասորական ընտանիքի պատմությունից:
-Ես մանկությունս հիշում եմ՝ սկսած օրորոցից: Ծնողներս տասը երեխա ունեին՝ 7 աղջիկ, 3 տղա: Ես ընտանիքի իններորդ երեխան էի: 6 տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա հորս: Նրան բանտարկել էին ասորիների հանդեպ բռնաճնշումների օրերին, իմ ծնունդից օրեր անց: Ստալինի մահից հետո հորս ներում էին շնորհել:
Ասորի բառն առաջին անգամ լսել եմ դպրոցում: Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչու են ուսուցիչներս ուրիշներին դիմում անունով, իսկ ինձ հաճախ կոչում էին ասորի: Ու ես ատում էի ասորի բառը: Տարիներ հետո պիտի հասկանայի, որ ասորիները մոլորակի հնագույն ու քաղաքակիրթ ժողովուրդներից են ու աշխարհին տվել են սեպագիր գրականություն, աշխարհի 7 հրաշալիքներից մեկը, մեծապես նպաստել են քրիստոնեության տարածմանը Արևելքում, ունեցել են հզոր պետություն և մշակույթ: Ու ասորի բառը պիտի դառնար իմ ամենամեծ հպարտությունը:
-Ձեր ծնողները ինչո՞ւ էին թաքցրել Ձեր ազգային պատկանելությունը, ինչո՞ւ չէին ասել, որ Դուք ասորի եք:
-Հայրս վախեցած էր: Նա բռնաճնշումներից հետո այդպես էլ ուշքի չեկավ ու մինչև վերջ ապրեց վախը սրտում: Երբ Յուրի Գագարինը թռավ տիեզերք, ես հորս հայտնեցի ուրախալի լուրը: Հայրս տագնապած նայեց շուրջն ու ասաց՝ տղա՛ ջան, դու գործ չունես:
-Ինչպե՞ս եղավ, որ նման միջավայրում արվեստի ճանապարհն ընտրեցիք:
-Ես մեծացել եմ սիրո, գեղեցկության ու քնքշանքի մթնոլորտում: Հիշում եմ՝ երբ քույրերիս հետ փողոց էի դուրս գալիս, բոլորը հիացած նայում էին նրանց, իսկ չճանաչողները հարցնում էին՝ ովքե՞ր են այս գեղեցկուհիները: Ի՞նչ իմանամ, գուցե դեպի թատրոն՝ դեպի արվեստներից գեղեցկագույնը տանող իմ ճանապարհն սկսվեց քույրերիս հմայքի, սիրո, նրբանկատության, բարության շաղախից… Կամ գուցե մեր հարևան հայրենադարձ Արշակն իմ հոգում արթնացրեց արվեստի թրթիռը: Նա հրաշալի գրաբար գիտեր: Արդեն ծերացել էր, լավ չէր տեսնում ու խնդրում էր, որ ես գրեմ իր թելադրածը՝ հատվածներ Խորենացուց, Նարեկացուց, Եղիշեից, որոնք երաժշտության պես էին հնչում իմ ականջին: Յոթերորդ դասարանում մեր հայերենի ուսուցչուհին հարցրեց՝ ո՞վ գիտի, թե ի՞նչ է գրաբարը, միայն ես պատասխանեցի ու սկսեցի արտասանել. «Սեւացեալ ներկան մորթք մարմնոյ նոցա, վասն զի ցերեկ արեւակէզք էին եւ զամենայն գիշերսն գետնաբեկք»:
Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև մեկ ուրիշ հայրենադարձ, որին, չգիտես ինչու, Պոպլիմոժե էին ասում:
-Ի՞նչ է նշանակում:
-Չգիտեմ, այդ բառը մնացել է հիշողությանս մեջ այնպես, ինչպես լսել եմ: Նա միակն էր, որ բամբակ հավաքելու էր գալիս՝ ջութակը թևի տակ: Երբ բոլորը գնում էին հաց ուտելու, նա ինձ համար նվագում էր: Ազգանունը Կոնդուրջանյան էր, անունը չեմ հիշում, նրա ժառանգները հիմա էլ ապրում են Վեդիում: Պոպլիմոժեն հրաշալի էր նվագում: Գուցե դեպի թատրոն իմ ճանապարհն սկսվեց բամբակի դաշտերի ճերմակ գեղեցկությունից, որտեղ Պոպլիմոժեի կատարմամբ հնչում էին համաշխարհային դասականների անմահ գործերը:
19-20 տարեկանում առաջին անգամ ներկայացում եմ նայել՝ Սունդուկյան թատրոնում «Արա Գեղեցիկ և Շամիրամ» պիեսն էին բեմադրել: Խորեն Աբրահամյանը խաղում էր Արա Գեղեցիկ, Լյուսյա Հովհաննիսյանը՝ Շամիրամ, Մետաքսյա Սիմոնյանը՝ Նուարդ: Ես ցնցվելու աստիճանի տպավորված էի: Թեև Նաիրի Զարյանը ահագին չարություն էր հավելել Շամիրամի կերպարին, իրականում դա մեծ սիրո անզուգական պատմություն էր:
-Ձեր կենսագրության մեջ գրված է, որ սովորել եք Սառը մետաղների տեխնիկումում:
-Տեխնիկումը հիմնել էին Արփա-Սևան թունելը բացելուց հետո, որպեսզի կադրեր պատրաստեն թունելում աշխատելու համար: Ես ավարտեցի այդ կրթօջախն ու սկսեցի աշխատել: Այդ ժամանակ էլ ծանոթացա ու ընկերացա Ռազմիկ Արոյանի հետ:
-Ռազմիկ Արոյանը այն դերասա՞նն է, որը «Թթենի» ֆիլմում խաղացել է Սամսոնի կերպարը:
-Այո՛, նա փառահեղ դերասան էր ու բազմաթիվ հրաշալի կերպարներ է կերտել կինոյում և թատրոնում: Մի օր էլ Ռազմիկն ասաց՝ Աճեմյանը ստուդիա է բացել Սունդուկյան թատրոնում, ես երկու օրից քննության եմ: Ասացի՝ կգամ, քեզ կոգևորեմ: Երբ Ռազմիկը մտնում էր քննության, դռների մոտ հանդիպեցի մեծն Աճեմյանին: Նա նայեց դեմքիս, առանց բառ ասելու՝ ձեռքս դրեց իր թևի տակ ու ինձ առաջնորդեց վերև: Ապա ինձ թողեց քննասենյակի դռան մոտ, ինքը մտավ քննության: Քիչ անց դիրիժոր Օհան Դուրյանի կինը՝ Քնարիկը, մոտեցավ ինձ ու ու տարավ քննասենյակ: Աճեմյանը ինձ տեսնելով, ասաց՝ անուն, ազգանուն, հայրանուն: Խոսրոև Ռազմիկ Նիկոդեմի՝ պատասխանեցի: Ինչո՞ւ է ազգանունդ և-ով վերջանում՝ հարցրեց: Ասորի եմ՝ ասացի: Ու այդ ժամանակ Աճեմյանը մաքուր ասորերեն հարցրեց՝ Շլամալոխուն, քեֆըտ դախիթուխ (բարև, տրամադրությունդ ինչպե՞ս է)։ Ես շոյվեցի, զարմացա: Պարզվեց՝ Աճեմյանը վանեցի է, Վանում իրենց հարևանությամբ շատ ասորիներ են ապրել, ու ինքը մանկության տարիներին շփվել է նրանց հետ:
…Երբ պարզվեց, որ ընդունվել եմ Աճեմյանի ստուդիան, գնացի գյուղ՝ լուրը ընտանիքիս հաղորդելու: Հորս ասացի, որ թողնում եմ աշխատանքս թունելում ու գնում եմ սովորելու, դերասան եմ դառնալու: Հայրս իր ամբողջ բնատուր իմաստնությամբ հանդերձ՝ անտառաճանաչ էր: Նա հարցրեց՝ դերասանը ի՞նչ է: Ես չգիտեի՝ ոնց բացատրեմ: Ասացի՝ ամեն երեկո մարդիկ իրենց դառը քրտինքով աշխատած փողից վճարելու են, որ գան ու ինձ նայեն:
-Շատ «դիպուկ» եք բացատրել:
-Հայրս նայեց-նայեց, ասես փորձում էր դիտարժան բան գտնել դեմքիս, հետո բահը դրեց ուսին ու ասաց՝ ես նրա հերն անիծեմ, որ քեզ նայելու համար պիտի փող տա: Ամեն անգամ, երբ վարագույրը բացվում է, ու ես տեսնում են հանդիսատեսին, հորս խոսքերն եմ հիշում:
-Մի զրույցի ժամանակ ասացիք, որ հայ թատրոնի մեծերը սիրել են Ձեզ: Նույնիսկ Փարաջանովն է ընկերություն արել Ձեզ հետ:
-Այո՛, ես հայ հանճարներին եմ աշակերտել, նրանցից եմ դերասանի վարպետության դասեր առել, նրանց կերպարով եմ դաստիարակվել՝ որպես արվեստագետ: Քանի-քանի անգամ եմ քնել Փարաջանովի տանը՝ Վրաստանում: Կարևոր բնորոշիչ կա, որ արվեստագետին տարանջատում է մյուսներից՝ դիտողունակ աչքն ու զգայուն սիրտը: Արվեստագետը տեսնում է այն, ինչը մյուսները չեն նկատում: Դերասանը բեմի վրա մարդ է կերտում: Նրա հոգին պիտի լցված լինի հույզերով, մտքերով, ապրումներով, զգացմունքներով, ասելիքով: Հանդիսատեսը գիտի, որ բեմում կատարվող իրադարձություններն իրական չեն, ասենք՝ Օթելլոն չի խեղդում Դեզդեմոնային, բայց, այդուհանդերձ, գալիս է թատրոն՝ տեսնելու, զգալու, ապրելու: Գալիս է «խաբվելու»: Հանդիսատեսն անգիր գիտի սյուժեն, բայց ուզում է վերապրել, շփվել վեհ զգացմունքների, բարձր գաղափարների հետ: Դերասանը պիտի խորապես գիտակցի, թե ինչ կարևոր առաքելություն է վերապահված իրեն:
-Երբևէ խաղացե՞լ եք ասորու կերպար:
-Ո՛չ: Բայց ես գրել ու բեմադրել եմ երկու ասորական պիեսներ՝ «Ասորուհին» և «Մոռացվածները»: Մեկը Արտաշատում է բեմ բարձրացել, մյուսը՝ Երևանում:
-Ի՞նչ էր Ձեր ասելիքը և ո՞ւմ էր ուղղված:
-Մենք փշրված, փլատակված բեկորիկներ ապարանքի,
Մենք տերևներ հողմահարված հսկա կաղնու…
Ուր ես, Նինվե՛,
որ երբևէ հանգուցում էր իր սրտի մեջ
ճամփաները հեռու-մոտիկ երկրների…
Ուր է այսօր Բաբելոնի աշտարակը բարձրաթռիչք…
Սա իմ երկխոսությունն է հայ ժողովրդի հետ: Ես նրանց ասորիների ցավի մասին եմ պատմում՝ հուսալով, որ երբեք չեն զգա այդ անպատմելի ու չբթացող կսկիծը:
-Մի՞թե 2500 տարին բավական չէր՝ հաշտվելու պետականության կորստի հետ, բավական չէր, որ ցավը բթանա:
-Կորստի ցավը 2500 տարի անամոք է յուրաքանչյուր ասորու սրտում: Եթե մենք աչքի առաջ ունենայինք ինքնիշխանությունը կորցրած ազգի որևէ շոշափելի օրինակ, գուցե ավելի մեծ ինքնազոհողությամբ պաշտպանեինք մեր պետականությունը:
-Ասորի ժողովո՞ւրդն է մեղավոր իր պետականության կորստի համար:
-Բա էլ ո՞վ: Միշտ ժողովուրդն ինքն է մեղավոր իրեն պատուհասած արհավիրքների համար: Ասորի զորավարը իր բանակը նվիրեց բարեկամ երկրին՝ համոզված, որ բարեկամ երկիրը վտանգի պահին հարազատի պես կօգնի իրեն, բայց հենց այդ բարեկամից էլ ստացավ ամենածանր հարվածը: Հզոր մշակույթը չօգնեց: Քրիստոնեությունը չօգնեց: Ոչինչ չի օգնում, եթե քո երկրի սահմանների պաշտպանությունը պայմանավորում ես օտարի բարեհաճությամբ, երբ համամարդկային գաղափարները գերադասում ես ազգայինից:
Համաշխարհային գրականության հիմքում ընկած է «Գիլգամեշը», որն աշխարհի հնագույն գրականությունն է: Ասորիներն են ստեղծել աշխարհի ամենահին իրավունքը՝ Համմուրապի օրենսգիրքը, ասորիները բաբելոնական ճարտարապետության հեղինակներն են, Կտակարանի բնագրերը հունարեն և ասորերեն էին: Ասորիները այս տարի 2 հազար 677-րդ անգամ ապրիլի 1-ին տոնեցին իրենց Նոր տարին: Մենք նույնիսկ համազգային մատաղի ծես ունենք: Բայց… չունենք ամենակարևորը:
-Որպես դերասան՝ Ձեր ավանդն անուրանալի է հայ թատերարվեստի զարգացման գործում: Գնահատելի են նաև այն ջանքերը, որ Դուք ներդնում եք ասորի ժողովրդի ազգապահպանության համար: Ձեր նախաձեռնությամբ՝ ասորիներն արդեն ունեն իրենց եկեղեցին Հայաստանում:
-Ես նախաձեռնեցի աշխարհի հնագույն՝ Արևելյան եկեղեցու հիմնումը Հայաստանում: Ասորական Սուրբ Թովմաս եկեղեցու ավերակների վրա Դվինում կառուցվեց Արևելյան կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցին: Հիմա մենք եկեղեցի ունենք նաև Արզնիում, ունենք մեր հոգևոր հայրը՝ Մար Ավան: Վերջերս մեր կաթողիկոսը եկավ Հայաստան, ամուր կապեր հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու հետ: Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, որը բարեհաճ վերաբերմունք ունի ոչ միայն ասորիների, այլև մյուս ազգային փոքրամասնությունների հանդեպ: Հայաստանի ասորի երեխաները կարող են կրթություն ստանալ մայրենի լեզվով, ունենք ռադիոհաղորդում:
Իմ աղջիկը՝ Անահիտ Խոսրոևան, պատմագիտության դոկտոր է, դասավանդում է Հարվարդի համալսարանում և իրեն նվիրել է ասորիների պատմությանն ու ասորական խնդիրներին: Եթե ժամանակին այսպես պայքարեինք մեր ազգապահպանության համար ու գնահատեինք մեր պետականությունը, այսօր բոլորովին ուրիշ ճակատագիր կունենայինք:
-Պետականությունը կորցրած ժողովուրդները տարիների ընթացքում դանդաղ վերանում են՝ որպես էթնիկ միավոր: Ո՞րն է ասորիների բացառիկությունը:
-Մենք կառչում ենք մեր ավանդույթներից, մենք ամեն ինչ անում ենք, որ պահպանենք մեր ինքնության բաղադրիչները: Եթե ժողովուրդը չի ուզում մեռնել, նրան ոչ ոք չի կարող սպանել: Իսկ պետականություն ունեցող ժողովուրդը գոյատևելու, զարգանալու, իր ինքնության բոլոր գույները պահպանելու ավելի մեծ հնարավորություններ ունի:
-Ասորիները հրաշալի զինվորներ են ՀՀ բանակում: Երբ Հայաստանի սահմանները վտանգվել են, նրանք զենքը ձեռքին պաշտպանել են այն երկիրը, որտեղ ապրում են: Ասորական ազգային գաղափարախոսության մեջ կա՞ երկրորդ Հայրենիքի գաղափարը, թե՞ ամեն ինչ ինքնաբուխ է:
-Հայերն ու ասորիները ներհյուսված պատմություն ունեն: Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված ասորիների շիրիմներին մենք ասորական դրոշ ենք խոնարհում ու ասում ենք, որ նրանք զոհվել են հանուն Հայրենիքի: Վերջին պատերազմում բազմաթիվ ասորիներ կռվեցին, այդ թվում՝ իմ եղբայրը, եղբորս տղան, 10 ասորի զոհվեց: Պատմությունը ցույց է տալիս, որ հողը բանակն է պահում: Եթե բանակդ ուժեղ չեղավ, թշնամին հողիդ հետ մշակույթդ էլ կխլի, կենսագրությունդ էլ, փառքդ էլ…
-Ինչո՞վ կեզրափակեք մեր զրույցը:
-Եթե որոշել ես ապրել, կապրես: Եթե որոշել ես ուժեղ լինել, կլինես: Եթե որոշել ես հաղթել, կհաղթես: Քո ճակատագիրը քո՛ ձեռքերում է:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #25 (1538) 18.07.2024 - 24.07.2024, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում