Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ԿԱՅԱՑՐԵԼ



ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ԿԱՅԱՑՐԵԼԱննա Մարությանը կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, համալրել կին զինծառայողների շարքերը: Դեռ փոքրուց ծառայելու ցանկություն է ունեցել, իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ ցանկությունն ավելի է ամրապնդվել:

-2019 թվականին ընդունվեցի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Տարիներ անց հասկացա, որ այլ տեղ եմ տեսնում ինձ՝ բանակում։ Բառերով չեմ կարող արտահայտել, թե ինչքան ուրախացա, երբ իմացա, որ կարող եմ դիմել և ծառայության անցնել զինված ուժերում. վերջապես կզբաղվեմ սիրելի գործով, լիարժեք կիրացնեմ իմ հնարավորությունները, իմ փոքրիկ ներդրումը կունենամ բանակի զարգացման գործում։ Եվ ահա, իմ երազանքն իրականություն է դարձել,- հպարտությամբ ասում է երիտասարդ աղջիկը: -Իմ կարծիքով՝ մեր երկրում յուրաքանչյուր կին պետք է կարողանա առնվազն զենք բռնել, կրակել, ինքն իրեն ու ընտանիքին պաշտպանել։ Հենց այս համոզմունքն էլ ինձ բերեց բանակ։ Առաջնագծի զինվորը պետք է վստահ լինի, որ իր ընտանիքը թիկունքում պաշտպանված է։ Իսկ եթե մեր բնակչությունը՝ կին, թե տղամարդ, ինքնապաշտպանության հմտություններ ունենա, զինվորն իր ուշադրությունն ամբողջապես մարտական խնդրի վրա կկենտրոնացնի։ Բոլորս պետք է համախմբվենք, մի բռունցք դառնանք, որ մեր բանակն ավելի ամուր լինի։

Մեր հասարակությունում կանանց զինծառայության վերաբերյալ առկա կարծրատիպերին Աննան ըմբռնումով է վերաբերվում:

-Ուշադրություն չեմ դարձնում նման կաղապարված մոտեցմանը։ Ինձ հետ շփվողները այս հարցում աստիճանաբար փոխում են իրենց կարծիքը: Ծնողներիցս հաճախ եմ լսել՝ «Բանակը քո տեղը չէ, ծառայությունը քոնը չէ», բայց նրանք էլ հասկացել են իմ ընտրությունը, ընդունել և հարգել են իմ որոշումը: Մեծ է ցանկությունս իմ օրինակով ցույց տալ, որ առնվազն տարրական զինվորական պատրաստությունը հավասարապես կարևոր է թե՛ տղամարդու, թե՛ կնոջ համար: Զինծառայությունը հեշտ գործ չէ, այդուհանդերձ, վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Բանակը հենց իմ տեղն է։

Աննան վստահ է՝ կին զինվորականը չափազանց դրական ազդեցություն է ունենում ծառայակիցների վրա:

-Կնոջ ներկայությունը զորամասում շատ կարևոր է։ Տղամարդիկ ձգվում են, ավելի կարգապահ ու մարտունակ են դառնում։ Այն միտքը, որ զորամասի կանանց փոխարեն իրենց քույրը կամ մայրը կարող էր լինել, տղամարդկանց ստիպում է լինել առավել հարգալից ու կարգապահ։ Իհարկե, կին զինծառայողն էլ իր հերթին որոշակի արժեքային համակարգի, բարոյական ու մասնագիտական բարձր որակների կրող է, որի միջոցով էլ վաստակում է տղամարդկանց վստահությունն ու հարգանքը:

Զորամասում կինը պետք է լինի ամուր բնավորությամբ, կոփված, խիստ, պահանջկոտ, բայց նաև բարի ու հոգատար, իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի ռազմական գիտելիք ստանալու վրա։ Ինձ համար զինվորական կնոջ օրինակելի կերպարներ են կանանց գումարտակի իմ հրամանատարները։ Նրանց խիզախությունը, պատրաստվածությունն ինձ համար գերազանց ծառայելու լուրջ խթան են: Ինքս ինձ պարբերաբար ասում եմ՝ «Պետք է ամեն ինչ անեմ, որ նմանվեմ նրանց»։ Մեզ համար ոչ միայն հրամանատար են, այլև՝ ավագ ընկեր։ Նրանց անկեղծ վերաբերմունքը, հոգատարությունը, մարդկային ջերմությունն ինձ շատ են ոգևորում։

Աննան վերջերս է համալրել կանանց գումարտակը։ Խոստովանում է՝ դժվար է տնից հեռու լինել:

-Իհարկե, դժվար է նոր իրավիճակին, նոր միջավայրին արագ հարմարվելը, բայց իմ հրամանատարներն ու ծառայակիցներն ամեն ինչ անում են, որ ես ընտանեկան ջերմության պակաս չզգամ։ Զրոյից սովորեցնում են զինվորական գործը, երբ ինչ-որ բան չի ստացվում, օգնում են, նորից բացատրում։ Մթնոլորտը կանանց գումարտակում շատ դրական է։

ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ԿԱՅԱՑՐԵԼԶինվորական իր առօրյայի մասին պատմում է.

-Առավոտյան 6:30 «վերկացն» է: Ֆիզպատրաստությունից հետո անցնում ենք մասնագիտական պարապմունքներին՝ ըստ օրվա կարգացուցակի։ Վաղ արթնանալն ինձ համար բոլորովին դժվար չէ: Դեռ շարային պատրաստության հետ կապված որոշ դժվարություններ կան, բայց, վստահ եմ, որ առարկայի բոլոր նրբությունները կսովորեմ և դժվարությունները կհաղթահարեմ։ Ընդհանուր առմամբ, ձգտում եմ զարգացնել զինծառայողին անհրաժեշտ հատկանիշները՝ առավել կոփված ու պատրաստված լինելու համար:

Կնոջ կարևոր առաքելություններից է մայր, օջախի կին լինելը։ Աննայի պատկերացմամբ՝ զինվորական գործն ու ընտանիքը ներդաշնակորեն համադրվում են:

-Դեռ չեմ ծրագրում ընտանիք կազմել,- ասում է նա,- բայց իմ հրամանատարների մեծ մասը թե՛ տանտիկին է, թե՛ մայր: Նրանք կարողանում են ընտանեկան կյանքը համատեղել զինծառայության հետ ու երբևէ չեն դժգոհում, իրենց հոգատարությունն ու ջերմությունը բաշխում են հավասարապես։

Աննային հարցնում եմ իր երազանքների մասին: Մի պահ մտածելուց հետո ոգևորված պատասխանում է.

-Երազանք չէ, նպատակ ունեմ և հնարավոր ամեն ինչ անում եմ այն իրագործելու համար: Ուզում եմ վեց ամիս անց իմ զինվորական պատրաստվածությամբ ինչ-որ չափով հասնել հրամանատարներիս և մնալ բանակում՝ որպես պայմանագրային զինծառայող, կատարելագործել իմ ռազմական գիտելիքներն ու հմտությունները։ Եթե մարտական դիրքում զինվորի կողքին կանգնելու և Հայրենիքս պաշտպանելու կարիք լինի, միանշանակ պատրա՛ստ եմ։

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝

ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1538) 18.07.2024 - 24.07.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/07/2024