Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ԿԱՆՉՈՒՄ



ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ԿԱՆՉՈՒՄԱմառային զորակոչը շարունակվում է: Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության թիվ 2 տարածքային ստորաբաժանման բակը վաղ առավոտից մարդաշատ է. բանակ են ճանապարհում հայրենիքի ապագա պաշտպաններին: Պատասխանատուները զորակոչվող տղաների փաստաթղթերն են ևս մեկ անգամ ստուգում, ճշգրտում իրենց մոտ առկա տվյալները: Աշխատակիցներից մեկն առաջարկում է.

-Էդմոն Սամվելյանի մասին գրեք: Դիմում է գրել,  որ գնա բանակ, թեեւ օրենքով իրեն տարկետում է հասնում:

Էդմոնը կարող էր շարունակել կրթությունը, ավարտել դպրոցն ու նոր միայն զորակոչվել: Նա բացատրում է, թե ինչու է որոշել այժմ համալրել հայրենիքի պաշտպանների շարքերը:

-Կարծում եմ՝ նախընտրելի տարբերակը սա է՝ կծառայեմ բանակում, կվերադառնամ, կշարունակեմ ուսումս, գիտելիքներս թարմացնելուց հետո բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Ամերիկյան համալսարան կդիմեմ: Մեր դպրոցում զինվորական գերազանց պատրաստություն եմ անցել, կարելի է ասել՝ զինվորական «այբուբենին» բավականին ծանոթ եմ: Ինձ համար հայրենիքին ծառայելը ոչ թե պարտք է, այլ՝ պատիվ. չես գնում օտարի համար ծառայելու, օտարի երկիրը պաշտպանելու, այլ քո երկրի, քո եզերքի պաշտպանն ես: Քո հարազատների, ընկերների, մեզնից առաջ մարտական դիրքը պահած զինվորների ու նրանց ծնողների համար ես կանգնում սահմանին: Այնպես որ, բարձր տրամադրությամբ ու պատրաստված գնում եմ ծառայելու:

Զինկոմիսարիատում մարդկանց հոսքը շատանում է: Չգիտեմ՝ ուրիշ ազգեր ոնց են զինվորին բանակ ճանապարհում, բայց Հայաստանում հարևաններով, բարեկամներով, ընկերներով  են գալիս:

-Հրաչյա Սերոբյան,- ներկայանում է մյուս զրուցակիցս,-ընդամենը մի քանի օր առաջ նույն կազմով հարևանիս տղային՝ Գեւորգին, որ նաև մանկությանս ընկերն է,  ճանապարհեցինք բանակ, հիմա էլ ինձ են ճանապարհում… Շատ եմ ուզում  Գեւորգի հետ նույն զորամասում ծառայել. միասին ավելի հեշտ կլինի հաղթահարել բանակային կյանքի դժվարությունները: Բայց, դե, գիտեք, վիճակահանություն է, չգիտեմ, որ զորամասը կընտրեմ: Ինչ էլ լինի, մի բանում վստահ եմ՝ լավ եմ ծառայելու, փոքր եղբորս համար օրինակ եմ լինելու: Հայրենիքի սահմանները  պաշտպանելն այժմ նաև ինձ է վստահվելու, ու իրապես պատիվ ու հպարտություն է երկրիդ զինվորը լինելը:

Զինվորի մայրը՝ տիկին Արմինեն, հպարտությամբ լսում է որդուն, ապա փարվում է զինվոր զավակին ու մաղթանքների, հորդորների տարափ հղում.

-Խաղաղ երկնքի տակ ծառայեք, մեր զինվո՛ր որդիներ: Իրար հանդեպ եղբոր պես ներող ու հանդուրժող, սրտացավ ու նվիրված եղեք, ծառայեք մեկմեկու թև ու թիկունք դարձած: Միշտ հիշեք՝ ամեն դժվարություն էլ հաղթահարելի է, ու ամենակարեւորը՝ տանը սպասում են ձեզ…

Երիտասարդ ֆուտբոլիստ Գրիգոր Յաղջյանն էլ է բանակի շարքերը համալրում: Նրա զորակոչվելու օրերին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերն էին ընթանում, ու դարպասապահ Գրիգորը, որ ոչ մի ֆուտբոլային խաղ բաց չէր թողնում ու սրտատրոփ հետեւում ֆուտբոլային ամեն զարգացման, արդեն զորամասում կտեղեկանա առաջնության արդյունքների մասին:

-Հիմա ես ավելի կարեւոր առաքելություն ունեմ` հայրենիքի «դարպասներն» եմ պաշտպանելու,- ասում է Գրիգորը:

Զորակոչիկ Սարգիս Ազիզյանը բանակում ծառայությունը յուրաքանչյուր տղայի համար համարում է կյանքի կարեւոր  ու պատասխանատու շրջափուլ:

-Երկու եղբայր ենք, ավագ եղբայրս նվիրված ծառայել է հայրենիքին, ինձ էլ խորհուրդ է տվել՝ պատվախնդրորեն ծառայել ու պարզ ճակատով տուն վերադառնալ: Ծառայությունից հետո  որոշել եմ Ֆրանսիական համալսարանում սովորել, զուգահեռ կաշխատեմ: Հազար ու մի երազանք ու նպատակ ունեմ իրագործելու, իսկ մինչ այդ՝ հայրենիքն է կանչում…

Սարգիսի  մայրը՝ Քրիստինե Վարդապետյանն ասում է.

-Երկրորդ զավակիս եմ բանակ ճանապարհում, արդեն մի քիչ փորձառություն ունեմ, բայց, դե, հուզմունքն ու հպարտությունը միախառնվել են, մեր որդիները հիմա Հայրենիքի որդիներն են նաև… Բոլոր զինվորներին բարի ու խաղաղ ծառայություն եմ մաղթում:

Զորակոչիկ Գրիգորի Խանգելդյանն ամռանն ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, բանակից հետո նոր դասի կգնա: Մինչ  թատերական բուհ ընդունվելը տարբեր դերեր է խաղացել, «Դեպի ճամբար» հումորային հեռուստասերիալում է նկարահանվել: Կատակում է՝ «Դեպի ճամբարից» հետո՝ դեպի բանակի հերթն է… Ուրախությամբ է գնում ծառայության, գիտակցումով, որ ծառայությունը ոչ միայն հոգեպես ու ֆիզիկապես կոփում է երիտասարդներին, այլ նաեւ ամրացնում է հայրենիքը:

Բաժանման հուզիչ պահն է՝ արցունք, ժպիտ, գրկախառնություն, խորհուրդներ ու բարեմաղթանքներ, ամեն ինչ միախառնվել է: Քիչ անց ավտոբուսները շարժվում են դեպի կենտրոնական հավաքակայան՝ տեղափոխելով հայրենիքի նոր պաշտպաններին: Մեկը ֆուտբոլիստ է, մյուսը՝ դերասան, հաջորդը՝ նկարիչ… Հիմա արդեն բոլորն էլ զինվոր են:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1538) 18.07.2024 - 24.07.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/07/2024