ԱՆԴՐԱՆԻԿ ԻՈՍԻՖՅԱՆ
Անդրանիկ Իոսիֆյանը խորհրդային շրջանի ականավոր հայ գիտնական է: Նա հրթիռային գիտության հիմնադիրներից է, օդերևութաբանական արբանյակների գլխավոր կոնստրուկտորը։ Մեծ ներդրում է ունեցել Խորհրդային Միությունում ատոմային էներգետիկայի, հրթիռատիեզերական համակարգերի, ատոմային ռեակտորների ստեղծման, աերոհիդրոդինամիկայի բնագավառների զարգացման գործում: Իոսիֆյանը 27 գյուտի և 100-ից ավելի հիմնարար աշխատությունների հեղինակ է: 1930-ական թվականներից խորհրդային կառավարությունն Անդրանիկ Իոսիֆյանի գիտական գործունեությունը պահել է գաղտնի: Նրա իրական անունը մամուլում սկսել է շրջանառվել 1971 թ. հետո միայն:
Դեռևս ուսանողական տարիներին Անդրանիկ Իոսիֆյանը նկարագրել է էլեկտրական թնդանոթի մեխանիզմը և իր գյուտը ուղարկել է Մոսկվա։ Երիտասարդ գյուտարարին անմիջապես հրավիրել են հանդիպման և ուղեգրել համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտ՝ իր առաջարկը կյանքի կոչելու: Ինստիտուտում անցկացրած տարիներին Իոսիֆյանն իրեն դրսևորել է որպես փայլուն ինժեներ, գյուտարար և շուտով գլխավորել է կոնստրուկտորական բյուրոն։ 1930-ական թվականներին Խորհրդային Միությունում փոքր, թեթև, անաղմուկ ուղղաթիռ ստեղծելու փորձեր էին կատարվում։ Իոսիֆյանը ստեղծել է հեռակառավարվող էլեկտրական ուղղաթիռ։ Այն աշխատում էր ոչ թե ավիացիոն բենզինով, այլ էլեկտրական մալուխով սնուցվող շարժիչով, պտուտակի տրամագիծը երկու մետր էր։ Նախատեսված էր դիտարկման, հետախուզության և հրետանու կրակի ուղղորդման համար։ 1941 թ. ուղղաթիռը փորձարկվել է, սակայն Հայրենական մեծ պատերազմի սկսվելը կասեցրել է այդ ուղղությամբ աշխատանքները։
1935 թ. նույն էլեկտրատեխնիկական ինստիտուտում Անդրանիկ Իոսիֆյանը հիմնել է ռազմական էլեկտրոնիկայի լաբորատորիա, որտեղ ստեղծել է նավային հրանոթների նշանառության ջերմատեղորոշիչ համակարգ: Այն 8 կմ շառավղով հայտնաբերում էր հակառակորդի նավը՝ որսալով ծխնելույզների տաքությունը։ Աշխատանքն արժանացել է Ստալինյան մրցանակի։ Այդ տարիներին Իոսիֆյանը ևս մի փայլուն գյուտի հեղինակ է դարձել՝ նա կատարելագործել է այսպես կոչված «Սելսինը»՝ փոփոխական հոսանքի էլեկտրական միկրոմեքենան, որն ապահովում էր չափիչ սարքերի տվյալների համաժամանակյա փոխանցում առանց հպման։ Մասնագետների կարծիքով՝ այս գյուտն իր նշանակությամբ հավասարազոր էր հեռախոսի կամ հեռագրի գյուտին։ Ոչ հպումային Սելսինի արտոնագրերն անմիջապես գնել են Անգլիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Իտալիան և Ֆրանսիան։
1939 թ. Նյու Յորքի՝ «Ապագայի աշխարհը» խորագրով համաշխարհային ցուցահանդեսում Խորհրդային Միությունը ներկայացրել էր Մագնիտագորսկի կոմբինատի մանրակերտը՝ հրավառարաններով և շենքերով։ Շոգեքարշերի և վագոնների կրկնօրինակները մոտ 60 մ երկաթուղով շարժվել են առանց մարդու միջամտության։ Ինժեներական այս յուրօրինակ մտահղացման հեղինակը Անդրանիկ Իոսիֆյանն էր։
1940 թ. նա պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել պրոֆեսորի կոչում։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Իոսիֆյանը ռազմական նշանակության գործարանի տնօրեն էր: Երիտասարդ ինժեներ, ֆանտաստիկ ժանրի գրող Ալեքսանդր Կազանցևի հետ Իոսիֆյանն ստեղծել է հեռակառավարվող փոքրիկ հրասայլեր: 1942 թ. Կերչի թերակղզում այդ հրասայլերով պայթեցվել է գերմանացիների 9 տանկ, իսկ 1944 թ. Լենինգրադի շրջափակումը ճեղքելու ժամանակ հրասայլերի օգնությամբ ոչնչացվել են խորհրդային մի ամբողջ դիվիզիա կանգնեցրած կրակակետերը։
Պատերազմից հետո Անդրանիկ Իոսիֆյանի հիմնադրած էլեկտրամեխանիկայի համամիութենական ինստիտուտը հսկայական դեր է խաղացել գիտության և էլեկտրատեխնիկական արդյունաբերության զարգացման գործում։ Նրա աշխատանքների արդյունքում Խորհրդային Միությունում արտադրվել են ավիաշինությունում անհրաժեշտ տարբեր նշանակության ներկեր, ներծծվող նյութեր և այլ պարագաներ։ Այդ հիմքի վրա էլ ստեղծվել է ավիացիոն նոր էլեկտրատեխնիկան։ 1949 թ. նորաստեղծ ՏՈՒ-4 ռմբակոծիչները մասնակցել են զինվորական շքերթի Մոսկվայի Կարմիր հրապարակում։
1956 թ. Իոսիֆյանը Երևանում հիմնադրել է իր ղեկավարած համամիութենական էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մասնաճյուղը։ Հայաստանում էլեկտրատեխնիկական գիտության և արդյունաբերության գրեթե բոլոր ուղղությունները նախանշել և կյանքի է կոչել Անդրանիկ Իոսիֆյանը։
1950-ական թվականների սկզբին Իոսիֆյանը մի խումբ երիտասարդ գիտնականների հետ միասին ստեղծել է խորհրդային առաջին թվային փոքրածավալ հաշվողական մեքենան՝ Մ-3-ը։ Այն Երևանում մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի ստեղծման հիմք է դարձել, և առաջին տնօրեն է նշանակվել Սերգեյ Մերգելյանը։ Գիտության այս հեռանկարային ճյուղը Հայաստանում բուռն զարգացել է։ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում հիմնադրումից ընդամենը 3 տարի հետո ստեղծել են երկու հաշվիչ մեքենա՝ «Արագած» և «Երևան», իսկ 5 տարի հետո՝ ԽՍՀՄ-ում կիսահաղորդիչներով աշխատող առաջին հաշվիչ մեքենան՝ «Հրազդանը»։
1950-ական թվականներին բուռն զարգացում է ապրել հրթիռային տեխնիկան և տիեզերքի հետազոտությունը։ Իոսիֆյանը դարձել է ռազմական և տիեզերական հրթիռաշինության գլխավոր կոնստրուկտորներից մեկը: Խորհրդային առաջին տիեզերանավերն ամբողջությամբ հագեցած էին Իոսիֆյանի ստեղծած եզակի էլեկտրասարքավորումներով։ Մասնագետները նրան դասել են այնպիսի նշանավոր գործիչների կողքին, ինչպիսիք էին Կուրչատովը, Կորոլյովը, Կելվիշը և այլք։
ԽՍՀՄ կառավարության որոշմամբ՝ Անդրանիկ Իոսիֆյանը նշանակվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և տիեզերական սարքերի ու էլեկտրասարքավորումների գլխավոր կոնստրուկտոր։ Սերգեյ Կորոլյովի և Միխայիլ Յանգելի հետ միասին Իոսիֆյանը ԽՍՀՄ գլխավոր կոնստրուկտորների խորհրդի անդամ էր։ Առաջին արբանյակը տիեզերք բարձրացրած հրթիռը, հետո նաև Յուրի Գագարինի «Восток» տիեզերանավը հագեցած էին մեր հայրենակցի նախագծած եզակի սարքավորումներով: Այդ աշխատանքների համար Իոսիֆյանը արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։
Անդրանիկ Իոսիֆյանը մահացել է 1993 թ. ապրիլի 12-ին՝ իրենից հետո թողնելով գիտական հարուստ ժառանգություն:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #26 (1539) 25.07.2024 - 31.07.2024, Հոգևոր-մշակութային