ԾԱՌՆ ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ Է ԱՄՈՒՐ
-Այստեղ ձմեռն սկսվում է նոյեմբերին ու շարունակվում մինչև ապրիլ կամ մայիս: Այսինքն՝ տարվա կեսը ձմեռ է,- Թաթուլ Խաչատրյանը իր գյուղի մասին է պատմում՝ Լճավանի:
-Մեր ձմեռներն ուրիշ են: Մեկ էլ արթնանում ես ու տեսնում՝ գյուղը մնացել է ձյան տակ, որ կողմ նայում ես, ճերմակ է, ու դու վեց ամիս սառցե թագավորության բնակիչ ես լինելու: Տունը տաք է, մառանը՝ լի, դժվարն էն է, որ անելու գործ չկա: Աշխատանք չկա:
-Դրանից լավ բա՞ն,- զարմանում եմ,- նստիր ու վայելիր:
Թաթուլը ներողամիտ ժպտում է:
-Գյուղացու համար պարապ նստելը պատիժ է: Սպասում ենք, թե երբ ենք ազատվելու ձմռան գերությունից, երբ ենք սկսելու աշխատել: Ապրիլին ձմեռն սկսում է նահանջել, ծառերը ծաղկում են, լճակները պսպղում արևի տակ, աղբյուրները սառույցը ճեղքում են, մարդիկ դուրս են գալիս տներից, մտնում այգիները…
Թաթուլը այնքան սիրուն է պատմում իր գյուղի մասին, ու պատճառը միայն ծննդավայրի հանդեպ սերը չէ. նա հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ է, դասավանդում է Ախպրաձորի դպրոցում: Ամեն օր մի քանի կիլոմետր ճանապարհ է կտրում, գնում հարևան գյուղ, որ երեխաներին սովորեցնի իրենց մայրենի լեզուն ու առաջնորդի գրականության ազնիվ ու գեղեցիկ աշխարհ: Երբ դասերն ավարտվում են, սկսվում են այգեգործական աշխատանքները, անասունների խնամքը ու էլի շատ գործեր, որ միայն Գեղարքունիքի գյուղերին են հատուկ:
-Ապրիլ-մայիսին սկսում ենք ցանել, ամռանը մշակում ենք, աշնանը հավաքում ենք բերքը: Մեր կողմերում Հայաստանի բոլոր մրգերն ու բանջարեղենն աճում են: Բայց հիմնական եկամուտը ստանում ենք հացահատիկից ու կարտոֆիլից: Մարդիկ նաև անասնապահությամբ ու ձկնաբուծությամբ են զբաղվում:
Հիմա աշխատանքի եռուն շրջանն է, բայց Թաթուլի ընտանիքում աշխատող ձեռքի պակաս կա. երեք որդիներից երկուսը բանակում են: Հայկը անցյալ տարի է զորակոչվել, Արամը մի քանի օր առաջ զինվորացավ, իսկ Վախթանգը դպրոցական է:
-Փաստորեն, ամբողջ հոգսը մնացել է Ձեր ու Նվարդի ուսերին:
Նվարդը ընտանիքի մայրն է:
-Բա Վախթանգը:
-Վախթանգը ի՞նչ, դպրոցական է դեռ,- ասում եմ զարմացած:
Թաթուլը նայում է անմեկնելի հայացքով. դեմքին և՛ ժպիտ կա, և՛ տխրություն, և՛ կարոտ…
-Ես ու իմ երկու եղբայրները՝ Արթուրն ու Սևակը, 6-7 տարեկանից օգնել ենք մեր հորը: Իմ ընտանիքը նման է հորս ընտանիքին. հայր, մայր ու երեք որդի: Հորս անունը Հայկարամ է, ավագ որդիներիս կոչել եմ Հայկ և Արամ: Հայրս շատ լավ ընտանիք ուներ: Երբեք չեմ տեսել, որ ծնողներս վիճեն կամ կոպիտ խոսեն իրար հետ: Ուրախությունը սիրո ու համերաշխության մեջ է, մեկ էլ՝ ազնիվ վաստակի: …Մեր գյուղի գրեթե բոլոր տղաները ազնիվ են, պատվախնդիր, ծնողասեր, բարեսիրտ: Ես շատ եմ մտածել ու գտել եմ պատճառը՝ բոլորն էլ մանկուց աշխատել են: Երբ բարիք ես ստեղծում սեփական քրտինքով, ներսդ մաքրվում է, մտքերդ ազնվանում են, ուժեղանում ես: Միասին աշխատելը հոգիները կապում է իրար: Հայրս ու մենք՝ երեք եղբայրներով, մի ամբողջություն էինք: Հայրս հազվադեպ էր մեզ խրատում, բայց մենք նրանից արժանապատվություն էինք սովորում, բարություն, ներողամտություն, հոգատարություն: Նրա հետ յուրաքանչյուր շփում բարոյական դաս էր:
-Իսկ հայրենասիրությո՞ւն:
-Հայրենասիրությունը առանձին արժանիք չէ, բոլոր արժանիքների հանրագումարն է: Եթե ուզում ես տղադ հայրենասեր լինի, նրան պիտի ազնվություն սովորեցնես, պարտք ընտանիքի հանդեպ, հոգատարություն, ուրիշին օգնելու պատրաստակամություն, պատասխանատվություն, պատիվ… Հայրս ասում էր՝ անտարբերությունը ամենավատ արատն է: Այն, ինչ աչքդ տեսնում է, քեզ հետ կապ ունի: Հետո ասում էր՝ ծառն իր արմատներով է ամուր:
-Տղաներին Ձեր հոր պատգամներո՞վ եք դաստիարակել:
-Ե՛վ որդիներիս, և՛ աշակերտներիս նույնն եմ սովորեցնում՝ ընտանիքը սիրել, հարգել մարդկանց, կարիքավորին օգնել, ընկածին բարձրացնել, աշխատել… էսքանը որ իմացավ, Հայրենիքը կսիրի ինքնաբերաբար:
-Հայկն ու Արամը ո՞նց էին տրամադրված ծառայության հանդեպ:
-Տղամարդիկ պիտի պաշտպանեն երկրի սահմանները: Սա նույնքան սովորական է, որքան զավակներին ու ծնողներին խնամելը: …Բանակը կոփում է տղայի հոգին: Մարմինը գյուղական աշխատանքներում էլ կամրանա, հոգին բանակում է ուժեղանում: Այս տրամադրվածությամբ են նրանք զորակոչվել:
Թաթուլն առհասարակ չի խոսում դժվարություններից: Բայց ես ուզում եմ այս հրաշալի ընտանիքի հոգսերի մասին էլ իմանալ:
-Դժվար չէ՞, երբ երկու որդիներդ միասին բանակում են:
-Հայկն առաջնագծում է: Երբ էլ հարցնես՝ ո՞նց ես, կասի՝ շատ լավ: Արամն օրերս է զորակոչվել՝ էլի «շատ լավ» է: Ուրեմն՝ ես էլ լավ եմ ու լավ…
-Ո՞նց եք պատկերացնում ձեր ընտանիքի ապագան:
-Կուզենամ՝ երեք որդիներս էլ մեր գյուղում ապրեն ու շատ երեխաներ ունենան:
-Ո՞րն է Ձեր պատկերացրած երջանկությունը:
-Տղամարդը պիտի հպարտանա իր որդիներով, պատվարժան ընտանիք ունենա ու սիրած աշխատանք: Ես երեքն էլ ունեմ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #26 (1539) 25.07.2024 - 31.07.2024, Բանակ և հասարակություն