Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐԱԶԱՆՑԻՐ ՄԵԶ



ԳԵՐԱԶԱՆՑԻՐ ՄԵԶԲագրատ ու Վարդան Ղևոնդյանները երկվորյակ եղբայրներ են: Նրանք ծառայել են նույն հրետանային դիվիզիոնի տարբեր մարտկոցներում: Երկուսն էլ «Բանակի գերազանցիկ» են, ունեն նաև այլ խրախուսանքներ՝ «Քաջարի մարտիկ», «3-րդ կարգի հրետանավոր», «Մարտական հերթապահություն» կրծքանշաններ և այլն: Օրերս եղբայրները զորացրվել են՝ երկու տարի պատվով ծառայելուց հետո:

Ղևոնդյանների տունը եկեղեցու մոտ էր, ու երկվորյակ եղբայրների ամենավառ տպավորությունները հենց եկեղեցու հետ են կապված: Տարածքը մարդաշատ էր, շատերը գալիս էին պարզապես զբոսնելու, ծանոթ-անծանոթների հետ զրուցելու:

-Ազատ ժամերին հաճախ էինք այնտեղ լինում: Հոգևորականների, տարբեր մարդկանց հետ շփումներում շատ բան իմացանք ու հասկացանք մարդկային պարզ, բոլորին հասկանալի ու հետաքրքիր հարաբերությունների ու զգացմունքների մասին,- պատմում է Բագրատը: -Ներիր ընկերոջդ, ուղղվելու հնարավորություն տուր նրան, օգնիր, որ ավելի լավը դառնա: Համբերատար եղիր. համբերությունը մեծ ուժ է ու նպատակին հասնելու առաջին նախապայմանը: Ազնիվ ու արդարամիտ եղիր և խիզախորեն գնա դեպի ճշմարտությունը: Մի վախեցիր դժվարություններից, շատ սովորիր, շատ աշխատիր, հավատա քո ուժերին, երբեք մի հրաժարվիր քո երազանքներից: Անտարբեր մի եղիր, քո շուրջը ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար միշտ էլ ուժ կգտնես: Տուր՝ առանց հետ ստանալու ակնկալիքի, բարի գործեր արա:

Սիրիր Հայրենիքդ, սիրիր այն հողը, որից մարմին ես առել: Պատրաստ եղիր կյանքի գնով պաշտպանելու քո սրբությունները՝ Հայրենիքդ, ծնողներիդ, ժողովրդիդ արժանապատվությունը, անցյալն ու ապագան:

Հենց այս արժեքներն էլ հետզհետե ձևավորեցին տղաների բնավորությունը, դարձան ապրելու վարքականոն:

-Ես ու Բագրատը որքան արտաքինով, նույնքան էլ բնավորությամբ ենք նման իրար: Նույն խառնվածքը, նույն նախասիրություններն ունենք, նույնիսկ նույն առարկաներն էինք լավ սովորում դպրոցում՝ մաթեմատիկան ու ֆիզիկան: Երկուսս էլ ընդունվեցինք Ճարտարագիտական համալսարան: Իսկ գալիք ծառայությանը նախապատրաստվում էինք առանձնակի ջանասիրությամբ: Զինվորական ծառայությունը, մեր պատկերացմամբ, տղամարդու ամենակարևոր պարտականությունն է, որ պետք է կատարես նվիրումով ու անթերի,- ասում է Վարդանը: -Մենք մարզվում էինք, գնում էինք ըմբշամարտի և օրինակելի զինվոր դառնալու վճռականությամբ սպասում էինք մեր զորակոչին:

Հաշվի առնելով տղաների մաթեմատիկական գիտելիքները, նրանց զորակոչեցին ուսումնական զորամաս՝ սովորելու հրետանու հաշվարկողի զինվորական մասնագիտությունը: Հիմա, երբ արդեն պատվով են ավարտել զինծառայությունը, եղբայրները անկեղծանում են և ասում, որ ծառայության առաջին ամիսը շատ դժվար էր: Ուսումնական զորամասում զինվորի յուրաքանչյուր րոպեն ծրագրված էր՝ հավելած ֆիզիկական մարզումների ծանրությունը: Բայց երկվորյակ եղբայրները նույնիսկ միմյանց չէին պատմում իրենց խնդիրների մասին ու անտրտունջ հաղթահարում էին բոլոր դժվարությունները: Ասում են՝ մեզ ուժ էր տալիս, ոգևորում էր այն, որ սիրում էինք զինվորական մասնագիտությունն ու մեր զենքը:

Տղաները միմյանց լրացնելով պատմում են հրետանավորի հետաքրքիր ծառայության մասին:

-Հրետանին թիմային զինատեսակ է, իսկ մենք սիրում ենք թիմային աշխատանքը, երբ ընդհանուր արդյունքը պայմանավորված է թիմի բոլոր անդամների գործունեությամբ, և այդ պատճառով մեկը պատասխանատվություն է կրում մյուսի աշխատանքի համար: Թիմային աշխատանքը մտերմացնում է մարդկանց, դրդում է ապրել միմյանց հոգսուցավով, բնավորության գծերից հոգատարությունն է արթնացնում: Հրետանին ինտելեկտուալ զենք է, նրա ճշգրտությունը կախված է քո ճիշտ հաշվարկից: Քո գիտելիքը անմիջապես դառնում է արդյունք: Հրետանին ճկուն է, հնարավորություն է տալիս արագ տեղաշարժվել ու կրակային նոր դիրք զբաղեցնել:

Բագրատ և Վարդան Ղևոնդյանները ուսումնական առաջին փուլն ավարտել են «կրտսեր սերժանտի» ուսադիրներով, որից հետո մեկ ու կես տարի մարտական հերթապահություն են իրականացրել սահմանային զորամասերից մեկում:

Հրամանատարների բնութագրմամբ՝ Բագրատ և Վարդան եղբայրները ծառայել են նվիրումով, անթերի տիրապետել են իրենց զենքին, եղել են պարտաճանաչ, կարգապահ ու պատասխանատու, աչքի են ընկել ընկերասիրությամբ: Տղաները օրեր առաջ են զորացրվել, բայց արդեն կարոտում են դիրքերն ու մարտական հերթապահությունը:

-Անցյալ տարի մեր ստորաբաժանումը ճանաչվել է  մարտական հերթապահություն իրականացնող լավագույն դիվիզիոնը,- ասում է Վարդանը,- ու այդ հաջողության համար յուրաքանչյուր զինվոր իր ավանդն ունի:

Բագրատն էլ շարունակում է.

-Ոչ մի տեղ քեզ այնքան կարևոր և ուժեղ չես զգում, որքան դիրքերում: Ոչ մի տեղ Հայրենիքն այդքան սրտամոտ ու թանկ չէ, որքան մարտական հերթապահություն կատարելիս: Ոչ մի տեղ ընկերությունն այդքան անկեղծ, անշահախնդիր ու նվիրված չէ, որքան բանակում:

Ղևոնդյան եղբայրների երազանքներն էլ են ընդհանուր: Ցանկանում են շարունակել ուսումը Ճարտարագիտական համալսարանում, լավ մասնագետ դառնալ: Երկու եղբայրներն էլ բուհ են ընդունվել բարձր գնահատականներով և սովորում են անվճար: Նրանք նույնիսկ հասցրել են գործ գտնել ու սովորելուն զուգընթաց աշխատելու են: Քաղաքացիական կյանքը՝ աշխույժ ու եռանդուն, ամբողջովին կլանել է նրանց: Բայց… հոգուց մի մասնիկ, այնուամենայնիվ, նրանք թողել են սահմանին:

-Մտածում եմ՝ տեսնես հիմա ո՞վ է կանգնել իմ տեղը շարքում, ո՞ւմ են տվել զենքս,- ասում է Վարդանը: -Ես նրան ուզում եմ ասել՝ հիշիր, թե այս զենքը ինչ երկար ճանապարհ է անցել մինչև քեզ հասնելը, քանի զինվորի ծառայողական կենսագրության հետ է այն կապված, ինչ թանկ հիշողություններ է մարմնավորում, ինչպիսի պատմություն ունի: Ես ցանկանում եմ, որ քո նվաճումներով գերազանցես մեզ: Վստահ եմ՝ մեզանից առաջ ծառայածները նույնը մեզ են ցանկացել: Երբ քո ծառայության երկու տարին անցնի, ավելի լավ կհասկանաս իմ խոսքերը:

Բագրատի աչքերում վառ արտահայտված հույզ ու ապրում կա: Հարցնում եմ.

-Իսկ դու ասելիք չունե՞ս քո զենքի նոր տիրոջը:

Գլխով է անում.

-Ունեմ… Դիրքը քո տունն է, զենքը՝ քո ամենամոտ բանակային ընկերը: Հարազատի պես խնամիր ու պահպանիր նրանց:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #26 (1539) 25.07.2024 - 31.07.2024, Ազգային բանակ


02/08/2024