Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԻՆ



ՆՎԻՐՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԻՆԱվագ լեյտենանտ Արթուր Խաչատրյանը վերջերս կայացած ինժեներասակրավորային դասակի հրամանատարների համաբանակային մրցույթում գրավեց առաջին տեղը: Նա գերազանց արդյունք ցույց տվեց մրցութային բոլոր առարկաներից՝ ֆիզիկական պատրաստություն, մարտավարամասնագիտական պատրաստություն, ինժեներական պայմանական նշաններ և այլն:

-Սովորաբար առավելագույն արդյունքի ձգտող անձինք ունենում են հստակ դրդապատճառ, որը դառնում է նրանց առաջ մղող հոգեբանական խթանը: Ո՞րն է լավագույնը լինելու Ձեր դրդապատճառը:

-Ես պատահականորեն չեմ հայտնվել բանակում: Զինվորական համազգեստը եղել է իմ մանկության երազանքը: Շատ եմ սիրում ու կարևորում աշխատանքս: Առանց կեղծ համեստության կասեմ, որ հայրենիքի պաշտպանությունը որպես մասնագիտություն ընտրելու համար պիտի բազում արժանիքներ ունենաս, որովհետև զինվորականի գործը հենց նրանով է բարձր ու պատվարժան, որ դժվար է, վտանգավոր, պահանջում է խիզախություն, կամքի ուժ, մտավոր բարձր ունակություններ, հեշտ կյանքից հրաժարվելու ու գործի մեջ ամբողջ ուժերդ ներդնելու պատրաստակամություն:

Երկրի պաշտպանությունն սկսվում է ամուր սահմանից ու սահմանապահի բարձր ոգուց: Ինձ համար չկա ավելի գեղեցիկ կառույց, քան կահավորված առաջնագիծը: Առաջնագծում ինժեներական աշխատանքներ կատարող անձնակազմի ու հրամանատարի ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածությունը պիտի շատ բարձր լինի: Ես անընդհատ սովորում եմ: Ինքնակատարելագործումը, մասնագիտությանը ավելի լավ տիրապետելու մշտական ձգտումը, կարելի է ասել, իմ ներշնչանքն են:

-Փաստորեն, փոքր տարիքից նման գաղափարներով ներշնչված՝ նախապատրաստվել եք զինվորական ծառայության:

-Դպրոցական տարիներին ես բոլորովին ուրիշ մարդ էի, զինվորական գործը գլխիվայր փոխեց ինձ: Ինքնամփոփ, չշփվող երեխա էի, սովորել չէի սիրում, մի քանի ընկեր ունեի ընդամենը: Զինվորական համազգեստն ու սպայի մասնագիտությունը ինձ համար անիրականալի երազանք էին, ու ես ընդունվեցի քոլեջ՝ սովորելու գազի ստորգետնյա խողովակների շահագործում ու սպասարկում մասնագիտությունը: Այդտեղ բազում առարկաների շարքում մեզ նաև «Նախնական զինվորական պատրաստություն» էին դասավանդում: Հրաշալի ուսուցիչ ունեինք՝ ավագ լեյտենանտ Մարատ Մարտիրոսյանը: Ու նրա շնորհիվ հետզհետե բանակը դարձավ շատ մոտ ու իրական, կրկին արթնացավ մանկության երազանքս…

Ես զինվորական դառնալու որոշում կայացրի: Երբ հորս ասացի, որ ուզում եմ դիմել ռազմական բուհ, պատասխանեց՝ ես միայն հպարտ կլինեմ: Ու ես լծվեցի երազանքս իրականացնելու գործին: Մեր ռազմագիտության ուսուցիչը հավելյալ պարապում էր ինձ հետ, զինվորական մասնագիտական գիտելիքներ էր տալիս: Ես զբաղվում էի սպորտով՝ քիքբոքսինգ, սթրիթ վորքաութ (բակային մարզումներ): Սթրիթ վորքաութի Հայաստանի առաջնությունում գրավեցի 3-րդ տեղը: Մարզումներից բացի, կարդում էի, սովորում, զարգանում: Հետզհետե փոխվեց նաև բնավորությունս: Միանգամից ասես դուրս եկա կաղապարից: Քոլեջն ավարտեցի գերազանցության դիպլոմով և ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, այժմ՝ ակադեմիա: Համալսարանում ինձ նշանակեցին ջոկի հրամանատար: Երկրորդ կուրսում արդեն կուրսի ավագն էի: Պարզվեց՝ ոչ թե ինքնամփոփ եմ ու մեկուսացած, այլ նախաձեռնող եմ ու կազմակերպելու ջիղ ունեմ:

Համալսարանում ինձ շատ է օգնել իմ կուրսանտական ընկերը՝ Մաքսը: Դժվարությունների ժամանակ նա միշտ եղել է կողքիս՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն: Դա մարտական ընկերության իմ առաջին փորձն էր:

-Կուրսանտական ջոկի հրամանատարի փորձառությունը օգնե՞ց Ձեզ հետագայում ինժեներական դասակ ղեկավարելիս:

-Իհարկե, շատ օգնեց: Մասնագիտական գիտելիքներից բացի, ես կարևորում եմ զինվորական միջավայրում անձնակազմի հետ շփվելու և մարդկանց ճանաչելու կարողությունը, որը ռազմական բուհն է տվել ինձ: Երբ նշանակվեցի ինժեներական դասակի հրամանատար, առաջին խնդիրը, որ դրեցի ինքս իմ առջև, ենթակա անձնակազմին խանդավառելն ու հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ միավորելն էր: Ներքին մղումն ու նվիրումը գաղափարին բազմապատիկ ուժեղացնում են մարդուն, դարձնում եռանդուն ու նպատակասլաց:

-Իսկ ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով է հնարավոր անձնակազմի հոգում արթնացնել ներքին մղումն ու նվիրումը գաղափարին:

-Առաջին հերթին կարևոր է հրամանատարի կերպարը: Որպեսզի խոսքդ արժանահավատ լինի, ու մարդիկ գան քո հետևից, պիտի ունենաս մտավոր բարձր մակարդակ, բազմակողմանի գիտելիքների մեծ պաշար: Ոչ ոք չի վստահի թերուս ղեկավարին: Ես շատ եմ կարդացել ու հիմա էլ շատ եմ կարդում: Իմ սեղանին միշտ գիրք կա՝ մասնագիտական, գեղարվեստական, գիտական: Գիրքը միտքդ դարձնում է վերլուծող, զանազան բարդ իրավիճակներից ելքեր է հուշում, սովորեցնում է ճանաչել մարդու հոգին, բազմաթիվ դրական հատկանիշներով է օժտում քեզ, հղկում, հարստացնում է բառապաշարդ:

Հաջորդ կարևոր պայմանը զինվոր-հրամանատար հարաբերությունն է: Եթե ուզում ես մարդուն տանել քո հետևից, պիտի սիրես, հարգես նրան ու այնպես անես, որ ինքն էլ քեզ սիրի ու հարգի: Սա ոսկե կանոն է: Ջոկի, դասակի հրամանատարը զինվորի հետ անմիջականորեն շփվող զինվորական առաջին ղեկավարն է ու պիտի կարողանա այդ շփումը վերածել փոխվստահության, ընկերության:

Ես մեծ ուշադրություն եմ դարձնում նաև զինվորների մասնագիտական պարապմունքներին: Իր գործին լավ տիրապետելը ոչ միայն լրացուցիչ քաջություն ու ինքնավստահություն է տալիս զինվորին, այլև մեծացնում է նրա պատասխանատվությունն ու առհասարակ դրական վերաբերմունք է ձևավորում ծառայության հանդեպ:

Եվ վերջինը՝ պիտի կարողանաս լսել զինվորին: Ծնողներին, սիրած աղջկան, հայրենի եզերքը կարոտելը, սիրելը, տխրելը ու այդ մասին բարձրաձայնելը թուլություն չէ, նույնիսկ ցանկալի է, որովհետև Հայրենիք ասելիս դու առաջին հերթին պատկերացնում ես այն ամենը, ինչ մոտ է սրտիդ:

-Դուք ո՞ւմ կամ ի՞նչ եք կարոտում:

-Ես հրազդանցի եմ, Լեռնանիստ գյուղից: Իմ ծառայության վայրը հեռու է իմ տնից: Ես կարոտում եմ մեր գյուղի ձմեռը, սպիտակ, անծայրածիր դաշտերը, սարերից թափվող աղբյուրները: Մեր կողմերում քարերի տակից սառնահամ աղբյուրներ են բխում: Ծնողներիս եմ կարոտում: Բանակում ինձ առաջին անգամ այցելեցին մտքեր, որ երբեք չէի ունեցել, օրինակ՝ որ պիտի շատ լավ պահեմ-խնամեմ ծնողներիս:

Ես մեր գյուղացիներից եմ սովորել կողքինի արարքների ու վարքի համար պատասխանատվություն կրելու առաքինությունը: Մեր գյուղացիները յոթ պորտ հեռու ազգականի հաջողությամբ հպարտանում են ու սխալի համար ամաչում: Երբ կողքիդ մարդուն քննադատում ես վատ արարքի համար, պիտի իմանաս, որ այդ քննադատության կեսը հենց քեզ է ուղղված, որովհետև նրա ձեռքը չես բռնել, ճիշտ ուղին ցույց չես տվել ու չես փրկել ձախողումից: Այս մտածողությունը ինձ շատ պետք եկավ բանակում, որտեղ յուրաքանչյուր փոքր կամ մեծ ստորաբաժանում մեկ միավոր է ու հենց ներքին ամուր կապերով է ուժեղ ու մարտունակ:

-Իսկ ի՞նչ հետաքրքրություններ ունեք ծառայությունից դուրս: Հնարավորություն ունե՞ք վերականգնելու ուժերը, լիարժեք հանգստանալու:

-Վերջերս նոր նախասիրություն ունեմ՝ սկսել եմ նվագել: Կիթառ եմ նվագում, դուդուկ, դհոլ: Ինքնուս եմ, բայց մեծ հաճույքով եմ պարապում, հանգստանում եմ նվագելիս, լիցքաթափվում եմ: Շարունակում եմ զբաղվել սպորտով: Ու գեղարվեստական գրքեր եմ կարդում: Որոշել եմ շրջագայել Հայաստանով մեկ, ծանոթանալ բոլոր վայրերին, տեսնել ամեն անկյուն: Սա նույնպես նոր մղում է. ուզում եմ Հայրենիքս ամբողջական, մանրամասն կրել հոգուս մեջ, ոչինչ բաց չթողնել:

-Իսկ ո՞րն է երիտասարդ զինվորականի երազանքը:

-Ուզում եմ լավ ընտանիք կազմել: Ուզում եմ զավակներս ապրեն ավելի հզոր երկրում, ծառայեն ավելի ուժեղ բանակում: Բայց սա ոչ թե երազանք է, այլ կյանքի նպատակ: Սա զինվորականի իմ պարտքն է Հայրենիքի առաջ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #26 (1539) 25.07.2024 - 31.07.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/08/2024