ՀԱՅՐԵՆԻՔԸ ԲՈԼՈՐԻՆՍ Է
Լուիզա Զաքարյանն օրեր առաջ զինվորագրվել է: Նա համալրել է կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցած կանանց շարքերը։
-Կենտրոնական հավաքակայանում տղաները զարմացած ինձ էին նայում, երևի առաջին անգամ էին տեսնում իգական սեռի զորակոչիկ,- ժպտալով պատմում է Լուիզան: Ապա լրջանում է ու շարունակում: -Մինչդեռ շատ երկրներում զինվորական ծառայությունը պարտադիր է ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց համար, ամենահայտնի օրինակը Իսրայելն է:
Լուիզան փոքր տարիքից է հրապուրվել զինվորական գործով:
-Հայրս զինվորական է, երկար տարիներ զինված ուժերում է ծառայել: Ես տեսել եմ նրա անսահման նվիրումն իր գործին։ Ազատամարտի մասնակից պապս էլ իր կյանքն է նվիրաբերել հայրենիքին…
Հայրենիքի հանդեպ անհուն սերը փոխանցվել է Լուիզային: Թեեւ քաղաքացիական մի քանի մասնագիտություն էր սովորել, նախընտրեց հայրենիքի պաշտպանի առաքելությունը:
-Բոլոր երազանքները, իղձերը, գաղափարներն իրագործվում են խաղաղ եւ կայուն հողի վրա: Իր երկրի ճակատագրով մտահոգ ամեն մարդ պետք է իր գործով նպաստի հայրենի եզերքի կայունացմանն ու ամրապնդմանը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ սեռն ու տարիքը էական չեն, հայրենիքը մեկն է, նրա պաշտպանությունը՝ բոլորինս,- բանաձեւում է Լուիզան: -Ցանկալի է նաեւ, որ յուրաքանչյուր կին հնարավորինս տիրապետի ռազմական գործի նրբություններին, թեկուզ զուտ ինքնապաշտպանական նպատակով:
Տեղեկանալով կանանց նորաստեղծ գումարտակի մասին՝ Լուիզան որոշել է զինվորական ճանապարհի առաջին քայլերը հենց այնտեղից սկսել:
-Անկեղծ ասած՝ երբ բարձրաձայնեցի մտադրությունս, ծնողներս կտրուկ դեմ արտահայտվեցին: Նրանք ասում էին՝ զինվորական ծառայությունը տղամարդկանց տիրույթ է, ինձ համար դժվար կլինի ֆիզիկական ծանրաբեռնվածությանը դիմանալ, երկար ժամանակով տնից-տեղից կտրված լինել: Տարբեր հիմնավորումներով փորձում էին ինձ հետ պահել մտադրությունս իրագործելուց։
Երկար զրուցեցի ծնողներիս հետ, Մոնթեի խոսքերն էլ վկայակոչեցի. «Ես հայ եմ, այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որեւէ ուրիշ հայի, ու իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաեւ կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ…»:
Ու ընդհանուր հայտարարի եկանք՝ ես զինվորական եմ դառնալու: Հիմա արդեն մերոնք հպարտանում են ինձնով…
Լուիզան անկեղծանում է. որքան էլ հաստատուն էր որոշում կայացնելիս, այնուամենայնիվ, սկզբնական շրջանում ինքն էլ որոշակի մտավախություններ ուներ՝ արդյոք կկարողանա՞ հաղթահարել ֆիզիկական և հոգեբանական դժվարությունները։
-Ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին շատ չէի մտածում: Սյունիքի մարզի Թասիկ գյուղում եմ ծնվել, մեծացել: Գիտեք՝ գյուղական առօրյան որքան բազմազբաղ է, ֆիզիկական ամենատարբեր աշխատանքներով լի: Արթնանում ես վաղ առավոտյան, միանգամից անցնում հող մշակելու, հետո տան մնացած գործերն ես անում: Այնպես որ՝ ծառայողական ծանրաբեռնվածությունից չեմ նեղվել: Հոգեբանական առումով էլ խնդիրներ չծագեցին, որովհետև կանանց գումարտակում մթնոլորտը բավականին ջերմ է, ընկերական: Ճիշտ է, հրամանատարները խստապահանջ են, սակայն բոլոր օղակներում փոխադարձ հարգանքի մթնոլորտ է։
Օրեր առաջ է զորակոչվել Լուիզան, սակայն իր համար արդեն նկատելի է փոփոխությունը. ասում է՝ ավելի ձիգ եմ դարձել, առավել պատասխանատու ու պարտաճանաչ:
-Օրը բավականին հետաքրքիր ու հագեցած է անցնում: Սովորում եմ ֆիզիկական ու շարային պատրաստություն, զինվորի պարտականություններ, ունենք նաև մասնագիտական դասաժամեր: Ամեն օր նոր գիտելիք ենք ստանում, նոր փորձառություն, նոր հմտություններ… Աշխատում եմ լավ սովորել, չթերանալ, քանի որ գիտակցում եմ՝ զինվորական գործում ամեն մանրուք էլ կարեւոր է: Սիրում եմ կարգուկանոն, կարգապահություն, ճշտապահություն: Այդ ամենը ես այստեղ գտել եմ:
Փոքր, բայց հաստատուն քայլերով Լուիզան գնում է դեպի իր նպատակների իրագործում: Վեց ամիս պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո նա որոշել է զինվորական բարձրագույն կրթություն ստանալ՝ ուսանել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում:
-Այնքան եմ ոգեւորված խոսել, պատմել ծառայությունից ու դրա կարեւորությունից, որ քույրս՝ Գայանեն էլ է որոշել զինվորական դառնալ: Ես ոգեւորում եմ նրան, ասում՝ Հայրենիքը բոլորինս է, ու պատիվ է քո երկրին ծառայելը…
Իսկ այն աղջիկներին, որ դեռ երկմտում են զինվորական ճանապարհն ընտրելու որոշում կայացնել, խորհուրդ կտամ միանալ մեզ: Վաղուց արդեն կարծրատիպերը կոտրվել են, համալրեք մեր շարքերը, ու միասին օգտակար լինենք Հայրենիքին:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #27 (1540) 5.08.2024 - 12.08.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում