Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱՔԱՋ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ԱՄԵՆԱՔԱՋ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸՄշուշն իջել, փակել է տեսադաշտը, դիրքը կտրել աշխարհից:

-Օդն էնքան սառն է, ասես աշուն լինի,- ասում է դիրքի պատասխանատուն՝ կապիտան Մարտիկ Օհանյանը:

-Գետնատնակում հաստատ տաք կլինի:

Կապիտանը ժպտում է:

-Գետնատնակում միշտ էլ տաք է, որովհետև տաք սրտով տղաներ են ներսում: Այնտեղ համերաշխություն կա, փոխվստահություն, ընկերասիրություն, խիզախություն… Իմ բոլոր զինվորները լավն են՝ առանց բացառության:

-Շա՞տ եք ջանացել այդ արդյունքի համար:

-Անկեղծ ասած՝ չէ՛: Նորակոչիկները սովորում են ավագներից: Հետո ավագները զորացրվում են, նորակոչիկները դառնում են ավագ, ու նոր եկած զինվորները արդեն նրանցից են օրինակ վերցնում: Այսպես, գրված ու չգրված վարքականոնը փոխանցում են իրար:

Ծանոթանում եմ Մարտիկ Օհանյանի կենսագրությանը: Ծնվել է Գորիսում: Ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ամուսնացած է:

-Հայ զինվորականի կրթության դասական ուղի եք անցել՝ ռազմամարզական վարժարան, ապա՝ ռազմական բուհ: Ենթադրում եմ՝ սպա դառնալը մանկության երազանք է եղել:

Կապիտանը բացասաբար օրորում է գլուխը:

-Ճիշտ հակառակը: Որպեսզի պատկերացնեք, պիտի շատ մանրամասն պատմեմ: Իմ ընտանիքում 7 հոգի էինք՝ անասնաբույժ պապս, բուժքույր տատս, հայրս, որ ընտանիքը պահելու համար ամեն գործ անում էր, տնային տնտեսուհի մայրս և ինձնից մեծ երկու քույրերս:

Մենք շատ անասուններ ունեինք՝ էլ կով ու հավ, էլ խոզ ու ճագար… Պարզ է, չէ՞, թե անասնաբույժ պապս ու հայրս, որը աշխատասիրության մարմնացում էր, ինչ հոգատարությամբ էին խնամում անասուններին: Ես էլ օգնում էի տան մեծերին, բայց երազում էի ավարտել դպրոցն ու հեռանալ Գորիսից, որ ազատվեմ ծանր գործերից: Տատիս օրինակն ամեն օր աչքիս առաջ էր, բայց ինձ բժշկությունն էլ չէր հետաքրքրում: Միակ բանը, որ սիրով էի անում, հորս մեքենան բզբզելն էր: Սովորել չէի սիրում, հիմնական զբաղմունքս դրսում խաղալն ու ընկերներիս հետ ժամանակ անցկացնելն էր: Քանի որ ընտանիքի միակ տղա երեխան էի, տանն ինձ երես էին տալիս, ոչինչ չէին ստիպում:

Մի օր էլ մեր դպրոց եկան ինչ-որ մարդիկ ու պատմեցին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին՝ հայրենիքի պաշտպանություն, զենք, ուժեղ տղա, պատիվ… Անհավանական բան կատարվեց ինձ հետ: Միանգամից որոշեցի, որ պիտի ընդունվեմ ռազմամարզական վարժարան: Տանը, բնականաբար, ընդդիմացան. ո՞վ կուզենար, որ իր փայփայած միակ որդին 14 տարեկանում հեռանա տնից, ապրի օտար միջավայրում… Հակառակ բոլոր ճնշումներին՝ ես չնահանջեցի:

-Մի՞շտ եք այդպես վճռական ու հաստատակամ:

-Այո՛, եթե խոսքը վերաբերում է կարևոր արժեքներին: Ինձ համար շատ թանկ են ընտանիքս, ընկերներս, աշխատանքս… Ու ամենակարևորը՝ Հայրենիքն ինձ համար վեր է ամեն ինչից: Բոլոր երազանքներս դրանց շուրջն են պտտվում:

-Ինչպիսի՞ն պիտի լինի կատարյալ ընտանիքը՝ Ձեր պատկերացմամբ:

-Որպեսզի երիտասարդ ընտանիքը կայանա, ծնողները պիտի ամուսնացած որդու, թոռների կողքին լինեն, նրանց խոսքը պիտի օրենք լինի ընտանիքի բոլոր անդամների համար: Կինը պիտի լինի խելացի ու պարկեշտ, որ կարողանա ճիշտ դաստիարակել երեխաներին, ձևավորել ուժեղ տղաներ ու համեստ աղջիկներ: Ես դեմ եմ երեխաներին ժամանակից շուտ ինքնուրույնություն, ազատություն տալու անհասկանալի թեզերին, երեխաները պետք է լսեն ծնողներին, կատարեն նրանց պահանջները, խորհուրդները, որ չափահաս դառնալուց հետո կարողանան ճիշտ ճանապարհ ընտրել:

-Տան տղամարդու մասին ոչինչ չասացիք:

-Տան տղամարդը ընտանիքի ողնաշարն է: Նա է կարգավորում ամեն ինչ: Պիտի ուժեղ բնավորություն ունենա և իր վարքով, խոսքով հեղինակություն լինի ընտանիքի համար:

-Իսկ ընկերությունն ինչո՞ւ է այդքան կարևոր:

-Ընկերության ընթացքում բացահայտվում, ընդգծվում են մարդու բնավորության լավ ու վատ գծերը: Անմիջապես երևում է՝ դու տալի՞ս ես, թե՞ վերցնում, պատրա՞ստ ես հանդուրժել, զիջել, ներել: Լավ ընկերը հարազատի պես թանկ է:

-Խոսենք հայրենասիրությունից, հետո կանդրադառնանք աշխատանքին:

-Հայրենիքը սիրելու համար պիտի հասկանաս, որ դու առաձին միավոր չես, այլ Ամբողջի մասնիկ, ունես ազգային պատկանելություն ու միլիոնավոր ազգակիցներիդ կապված ես բազմաթիվ ընդհանրություններով: Ինձ ու Լոռվա գյուղերից մեկում ապրող անծանոթ տղամարդուն կապում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, որը երկուսիս ընդհանուր կենսագրությունն է: Երկուսս էլ օտարին ներկայանալիս խոսում ենք Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, մեր մյուս հայտնիների մասին, ցույց ենք տալիս Գառնու տաճարը, հպարտանում ենք՝ Երևանն ավելի հին է, քան Հռոմը… Երկուսիս համար էլ Հայաստանը Տուն է, ուզում ենք մեր մեծ Տունը տեսնել ապահով, պաշտպանված, բարեկեցիկ ու հարմարավետ: Ու այս ընդհանրություններով մենք միմյանց համար դառնում ենք թանկ ու կարևոր: Յուրաքանչյուրս ուժեղ է՝ որպես միավոր, եթե ամուր ու միաձույլ է Ամբողջը: Եթե այն չլինի, մենք կպոկվենք իրարից, կոչնչանանք: Ասվածից հետևում է, որ Ամբողջը հազարապատիկ կարևոր է, քան ցանկացած միավոր: Շատերը սա գիտեն ենթագիտակցությամբ, որոշներին պիտի բացատրես, այնպես անես, որ քո ազգի գալիք սերունդը, քո զավակները, թոռները ինքնություն ունենան, պատիվ ու հպարտություն:

-Այս ամենը, որ պատմեցիք ինձ ընտանիքի, ընկերասիրության ու Հայրենիքի մասին, Ձեր զինվորներին պատմե՞լ եք:

-Իհարկե: Մենք հաճախ ենք զրուցում: Ես սիրում եմ լսել զինվորներիս, անպայման խնդրում եմ պատմել իրենց ընտանիքի, ընկերների, սիրելիների, նախասիրությունների մասին: Անկեղծ զրույցը մտերմացնում է, ես իրենցից եմ ինչ-որ բան սովորում, իրենք էլ՝ ինձնից: Ու այդպես ավելի ենք մոտենում իրար: Եթե զինվորը հասկանա, թե հրամանատարը ինչ է ակնկալում իրենից ու հանուն ինչի, ամեն ինչ կանի նրան գոհացնելու համար: Առավել ևս, եթե զգա հրամանատարի հոգատարությունը, տեսնի, որ ինքը կարևոր է նրա համար: Բանակում ընտանիքի, ընկերության ու հայրենասիրության նույն չափանիշներն են, տարբերություն չկա: Երբ ես դասակի հրամանատար էի, ինձ համարում էի զինվորներիս ավագ եղբայրը: Միշտ նրանց կողքին էի իմ օգնությամբ ու խորհուրդներով, բայց և պահանջում էի չխախտել ավագության օրենքը ու ենթարկվել ինձ: Ես շատ եմ սիրում իմ գործը: Օրհնում եմ այն օրը, երբ բանակի ճանապարհը բռնեցի: Հիմա ես երկու ընտանիք ունեմ, մեկը տանն է, մյուսը բանակում իմ ղեկավարած ստորաբաժանումն է: Քաղաքացիական ընկերներիս միացել են մարտական ընկերներս: Ծառայությունը, առաջնագիծը ինձ անասելի մոտեցրել են Հայրենիքիս: Երբ տղերքիս հետ մարտական հերթապահությունն ավարտած՝ իջնում եմ սարերից, հպարտության, երջանկության, արժանապատվության, հզորության այնպիսի զգացողություն եմ ունենում, որ բառերով չես նկարագրի:

Լրիվ մթնել է, կապիտանի դեմքը հազիվ է երևում, բայց աչքերի փայլը տեսնում եմ:

-Ամեն օր ես ու զինվորներս սեփական տան նման խնամում ենք մեր դիրքերը, նորոգում, որ ամեն ինչ կատարյալ լինի: Լավ կահավորված դիրքը զինվորի անվտանգությունն է ապահովում առաջին հերթին: Զինվորներին ամենաորակյալ սնունդն ենք տալիս, ամռանը զով հագուստ ունեն, ձմռանը՝ տաք, պարտադիր՝ փոխնորդ: Ապահովված են հիգիենայի անհրաժեշտ պարագաներով: Միշտ մաքուր են ու կոկիկ:

Որտեղ էլ ծառայեմ, համոզմունքս նույնն է լինելու՝ ես աշխարհի ամենաքաջ, ամենապատվով ու ամենահայրենասեր զինվորների հրամանատարն եմ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #27 (1540) 5.08.2024 - 12.08.2024, Ազգային բանակ


13/08/2024