Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ՆՊԱՏԱԿ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է



ԱՄԵՆ ՆՊԱՏԱԿ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԷՍտորաբաժանման հրամանատար, լեյտենանտ Նարեկ Մինասյանը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանավարտ է: Քաղաքացիական բուհում բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում երկուսուկես տարի յուրացրել է ռազմական գործը։ Ներկայումս ծառայում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում։ Վերջերս խրախուսվել է՝ ճանաչվելով զորամիավորման լավագույն ստորաբաժանման հրամանատար։ Լեյտենանտ Մինասյանի հետ զրուցել ենք նոր տեսակի մոդուլային զորանոցների, ծառայողական առօրյայի, անձնակազմի մասին։

 

-Կյանքում ամենակարևոր որոշումները երբեմն շատ պատահական են կայացվում,- ասում է երիտասարդ սպան: -Մի օր անցնում էի ռազմական ակադեմիայի կողքով, ու գեղեցիկ շինությունը հետաքրքրեց ինձ: Հարցուփորձ արեցի, պարզվեց՝ չափազանց կարևոր դերակատարում ունեցող կրթական համալիր է: Ու միանգամից մտքովս անցավ՝ ինչ լավ կլիներ՝ այստեղ սովորեի։ Ես այդ ժամանակ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էի։ Իմացա «Պատիվ ունեմ» ծրագրի մասին ու որոշեցի դիմել։ Արդյունքում՝ զուգահեռ սկսեցի սովորել ԵՊՀ-ում և ռազմական ակադեմիայում։

Քիմիայի ֆակուլտետի ավարտական քննությունները հանձնելուց անմիջապես հետո Նարեկը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ներգրավվել է եռամսյա վարժական հավաքներին:

-Այդ ընթացքում բացառապես գործնական պատրաստություն էինք անցնում, մասնագիտական գիտելիքներ էինք ստանում, ֆիզիկապես կոփվում: Այնուհետև նշանակվեցինք դասակի հրամանատարների պաշտոնների տարբեր զորամասերում,- ասում է Նարեկը: -Արդեն այս զորամասում ծառայության անցնելով որպես ստորաբաժանման հրամանատար՝ իմացա, որ նախորդ հրամանատարը՝ ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանը, զոհվել է պատերազմում: Նա ռազմական ակադեմիայում իմ առաջին դասակի հրամանատարն էր: Գոռը սպայի կատարելատիպ էր ինձ համար՝ խելացի, կիրթ, իր գործին լավ տիրապետող, համարձակ ու խիզախ։ Ու ես կրկնակի պատասխանատվությամբ սկսեցի ծառայել, փորձեցի նմանվել նրան: Ժամանակի ընթացքում համոզվեցի՝ եթե ունես ցանկություն, ջանք ու եռանդ չխնայելու վճռականություն, ամեն նպատակ իրագործելի է։

Երիտասարդ սպան խոսում է ծառայողական առօրյայի, զորամասում կենցաղային նոր պայմանների մասին:

-Զորամասում մոդուլային տեսակի նոր կառույցներ են շահագործման հանձնվել: Ապահովված են անհրաժեշտ պայմանները զինծառայությունը արդյունավետ ու նպատակային կազմակերպելու համար՝ սկսած զինվորների կացարաններից, ֆիզհրապարակից, վերջացրած հրաշալի ճաշարանով ու մաքուր լոգարաններով։ Մեր առօրյան բավականին հագեցած է: Վստահ կարող եմ ասել՝ նման պայմաններում բոլորը առավել հաճույքով են ծառայում:

Ֆիզպատրաստության ժամ է: Զինվորները մարզվում են, բարդ վարժությունները կատարում ակնհայտ թեթևությամբ։ Լեյտենանտի գնահատմամբ՝ իր ստորաբաժանման զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է:

-Մինչև մեր զորամաս գալը, տղաները ուսումնական զորամասերում մարզվում են, կոփվում, բարելավում իրենց ֆիզիկական տվյալները: Այդ հիմքի վրա էլ այստեղ աշխատում ու զարգացնում ենք տղաներին։ Արդյունքը ինքներդ եք տեսնում: Զորամասի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում, ֆիզիկական և մասնագիտական պատրաստությունն առաջնահերթ նշանակություն ունեն: Պակաս կարևոր չէ նաև կրակային պատրաստությունը։ Թե՛ զինվորը, թե՛ սպան պետք է կարողանան դիպուկ կրակել,- ասում է Մինասյանը, ապա խոսում առաջնագծում ծառայելու նշանակության և կարևորության մասին:

-Դիրքապահ ծառայությունն էլ յուրահատուկ մի փորձառություն է տղաների համար: Յուրաքանչյուրը նախ պետք է ըմբռնի ու հասկանա, թե ինչու է բարձրանում դիրքեր, ինչ խնդիր է վերապահված իրեն։ Եթե զինծառայողը զգաց, հասկացավ այդ ամենը, մարտական հերթապահությունը նրա համար ակամա պատվաբեր ու կարևոր գործ կդառնա։ Մեր գերխնդիրն ու նպատակը մարտական հերթափոխին ներգրավված բոլոր զինծառայողներին այդ գիտակցման բերելն է։ Մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայությունը պատվաբեր է և պատասխանատու: Բոլորս այստեղ պատրաստ ենք մեր Հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևոր առաքելությանը:

Նարեկ Մինասյանը վստահ է՝ զինվորի ու սպայի լավ ծառայությունը միշտ գնահատվում է։ Փոքր առաջընթացն անգամ հրամանատարական կազմը նկատում է  և ձգտում խրախուսել, ոգևորել: Դրա վառ ապացույցն իր օրինակն է: Պատասխանատու և զգոն ծառայության, ծառայողական բարձր ցուցանիշների համար երիտասարդ լեյտենանտին ներկայացրել են խրախուսման։

-Իհարկե, զորամիավորումում լավագույն ստորաբաժանման հրամանատար ճանաչվելը հաճելի անակնկալ է, բայց նաև մեծ պատասխանատվություն է, մասնագիտական ձեռքբերումներն ավելացնելու պարտավորություն: Ընդհանրապես, խրախուսանք կիրառելը չափազանց արդյունավետ է: Շատ եմ ուրախանում, երբ զինվորներս իրենց լավ են դրսևորում ծառայության ընթացքում, անպայման նրանց ներկայացնում եմ խրախուսանքի։ Իմ ենթակայությամբ գործող ստորաբաժանման զինվորներից շատերը «Մարտական հերթապահություն», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշան են կրում, ստացել են պատվոգրեր՝ իրենց գիտելիքների բարձր մակարդակի, զինվորական մասնագիտությանը լիարժեք տիրապետելու համար։ Խրախուսանքը նպաստում է, որ զինվորները ավելի եռանդով ու ոգևորությամբ ծառայեն:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #27 (1540) 5.08.2024 - 12.08.2024, Ազգային բանակ


13/08/2024