Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԶ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ



ՊԱՐԶ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՃակատագրի բերումով՝ Սարգիս Արմուդճյանի ու Կարինե Բերբերյանի ճանապարհները խաչվեցին օտար երկրում՝ Հայրենիքից հեռու: Երկուսն էլ Սիրիայում էին ծնվել, ու Հայրենիքը երազի երկիր էր, ամենամեծ կարոտն ու ամենանվիրական բաղձանքը, որ ապրում էր սրտի մի անկյունում՝ առօրյա հոգսերի, մեծ ու փոքր ուրախությունների ու նպատակների կողքին: Ժամանակի ընթացքում ընտանիքը մեծացավ. ծնվեցին որդիները՝ Ալեքն ու Արան: Սարգիսն այդ ժամանակ փոքր խանութ ուներ, Կարինեն աշխատում էր մանկապարտեզում, ու որդիներին հայկական վճարովի դպրոց ուղարկեցին: Տղաները սովորեցին մայրենի լեզվով գրել ու կարդալ, դպրոցական ծրագրի շրջանակում ծանոթացան հայոց պատմությանը, մշակույթին ու մեծերին: Եվ մանուկ հոգիներում արթնացան ազգային ինքնության առաջին թրթիռները…

Հայաստան գնալու որոշումը ամենից շատ երեխաներին ուրախացրեց: Սարգիսն ու Կարինեն նույնպես խանդավառված էին մանկան պես. պիտի առաջին անգամ սեփական աչքերով տեսնեին պապերի երկիրը, իրականացնեին մի երազանք, որն ասես ծնված օրվանից իրենց հետ էր: …Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում, ու երևաց քաղաքի համայնապատկերը, Սարգիսն ու Կարինեն երջանկությունից արտասվում էին: Նոր ու անծանոթ ապրում էր. ամեն քայլափոխի զգում էին, որ տանն են, ամեն ինչ հարազատ էր՝ հողը, օդը, ջուրը, մարդիկ… Տղաները պակաս զարմացած չէին. «Մա՛մ, բոլորը հայերեն են խոսում, էս ինչքա՜ն հայ կա Հայաստանում»: Սիրիա վերադարձան հաստատ վճռով՝ պիտի մնացած կյանքը Հայաստանում ապրեն: Որոշ ժամանակ անց վաճառեցին տունը, խանութը՝ ինչ ունեին, և ուղևորվեցին Հայաստան:

Առանձնատունը, որ գնեցին Երևանում, այնքան հարազատ ու հարմարավետ թվաց, ասես՝ ամբողջ կյանքն այդտեղ էին ապրել: Այնուամենայնիվ, ինչ-որ բան պակաս էր. մարդկային շփման կարիք ունեին: Տարիների հեռվից դժվար է ասել՝ ո՞վ արեց առաջին քայլը, իրե՞նք գտան Մարգարիտ մայրիկին, թե հարևանուհին առաջարկեց իր օգնությունը արտերկրից եկած հայրենակիցներին: Այնքան հարազատացան, այնքան սիրեցին իրար, որ Կարինեն ինքն էլ չիմացավ, թե ինչպես սկսեց հարևանուհուն մամա կոչել: Որդիները Մարգարիտ մայրիկի թոռների հետ էին խաղում բակում: Ալեքին բանակ ճանապարհելիս Կարինեի կողքին Մարգարիտ մայրիկի աղջիկն էր՝ Հեղինեն:

Բանակի մասին խոսելիս Կարինեի աչքերը փայլում են: Արմուդճյանների ու Բերբերյանների տարագիր ընտանիքների արու զավակը արմատ է գցել հայրենի հողում, զինվորացել է սեփական Հայրենիքում՝ այս մտքից Կարինեի սիրտը անպատմելի բերկրանքով էր լցվում: Իսկ երդման արարողության ժամանակ պարզապես չէր կարողանում զսպել հույզերը. որդուն առաջին անգամ տեսավ հայկական բանակի համազգեստով՝ քաջ, ձիգ, հպարտ…

Կարինեն անկեղծորեն պատմում է նաև դժվարությունների մասին: Ալեքը ներամփոփ, չշփվող, զգայուն տղա էր, ու մայրը վախենում էր, որ նա լեզու չի գտնի ծառայակից ընկերների հետ, չի մերվի կոլեկտիվին, չի հարմարվի նոր իրականությանը: Սիրտը փոքր-ինչ հանգստանում էր, երբ հեռախոսով խոսելիս զինվոր որդին բարձր տրամադրություն էր ունենում: Ալեքը պատմում էր ծառայակից ընկերներից, զորամասային առօրյայից կամ մարտական հերթապահությունից ու անպայման հեռախոսային խոսակցությունը եզրափակում էր «ամեն ինչ լավ է» բառերով:

Անկեղծ լինելու համար պիտի ասենք, որ «ամեն ինչ լավ է» արտահայտությունը բնավ էլ չէր նշանակում, թե դժվարություններ չկային: Երբ հավաքակայանում Ալեքին առաջարկեցին հրետանավոր դառնալ, առանց երկար մտածելու համաձայնեց: Բայց ուսումնական զորամասում պարզվեց, որ հրետանավոր դառնալը այդքան էլ հեշտ չէ, պիտի օրնիբուն սովորի իր նոր մասնագիտությունը, զարգացնի և՛ ֆիզիկական, և՛ մտավոր կարողությունները: Բացի դրանից, պիտի կարողանա մտերմանալ, ընկերություն անել տարբեր բնավորության, տարբեր մտածելակերպի զինծառայողների հետ: Ծառայության ընթացքում հասկացել էր՝ առողջ միջանձնային հարաբերություններն ու միասնությունը պարտադիր պայման են զինվորական կոլեկտիվի հաջողության ու բարձր արդյունքի համար: Պիտի խոսեն, ճանաչեն, վստահեն, օգնեն իրար, պիտի մեկը մյուսի հոգսը կիսի, այլապես թիմ չեն դառնա: Մինչդեռ հրետանին թիմային աշխատանք է պահանջում, այն անհատական զենք չէ:

ՊԱՐԶ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԻնքն էլ չհասկացավ, թե ինչ կատարվեց: Իր բնավորությո՞ւնը փոխվեց, թե՞ նվիրական գաղափարի շուրջ համախմբվելը հեշտացրեց շփումը: Մտքով չէր անցնի, որ ամիսներ անց իր ամենամեծ ձեռքբերումը համարելու է զինակից ընկերներին ու զորացրվելուց մի քանի օր անց արդեն կարոտելու է նրանց, խոսելու, զրուցելու կարիք է զգալու:

Ուրիշ ձեռքբերումներ էլ ուներ: Զինծառայությունը համբերատարություն սովորեցրեց: Ուրիշի կարծիքը լսելու, հարգելու, համակերպվելու ու հանդուրժելու կարողություն: Սովորեց զիջել: Եթե ուզում ես ընկերություն անել, պիտի զիջես, որովհետև մարդիկ տարբեր են ու, որքան էլ փնտրես, ճիշտ քեզ նման մտածողների չես կարող գտնել: Ու պիտի ազնիվ լինես բոլոր հարաբերություններում, մարդկանց հետ շփվես ոչ թե ստանալու, այլ տալու ակնկալիքով:

Այս ամենով հանդերձ, ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ բանակը իրեն Հայրենիք տվեց: Դիրքերում, մարտական հերթապահության ժամանակ զգաց դա: Հայրենիքի ու մարդու կապը առանձնահատուկ է: Կարող ես ապրել Հայրենիքում, բայց Հայրենիք չունենալ, քանի դեռ չես գիտակցել որդիական պարտքդ, քանի դեռ հոգուդ մեջ չի ծնվել քո հողի, քո ժողովրդի հանդեպ սեր ու քո սրբությունները կյանքի գնով պաշտպանելու մղում:

…Օրեր առաջ Արմուդճյանների ընտանիքը կրկին ամբողջացավ. Ալեքը ավարտել է զինծառայությունն ու արդեն տանն է: Առաջիկա անելիքները հստակ են. կշարունակի ուսումը, Ինֆորմատիկայի քոլեջում ստացած գիտելիքները կօգնեն, որ ընդունվի Գեղարվեստի ակադեմիա: Հայրենիքում կիրականացնի վաղեմի երազանքը՝ դառնալ բնակարանների նախագծող: Առհասարակ, բանակից հետո ավելի համարձակ է նայում ապագային, ավելի շատ է վստահում ինքն իրեն, հողն ավելի ամուր է զգում ոտքերի տակ: Իսկ ընտանիքի մայրը պարզապես երջանիկ է: Ոչ մի բարդ բանաձև չկա, պարզ, մարդկային երջանկություն է. սեփական հայրենիքում են ապրում, խաղաղություն է, բոլոր սիրելիները ողջ-առողջ կողքին են, ընտանիքում սեր, ջերմություն, փոխըմբռնում կա, գլխի վերև տանիք ունեն, աշխատում, վաստակում են օրվա հացը… Որդին էլ զինվորական պարտքը պատվով կատարել, վերադարձել է տուն:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #27 (1540) 5.08.2024 - 12.08.2024, Ազգային բանակ


13/08/2024