Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԱԿՆԿԱԼ ԶԻՆՎՈՐԻՆ



ԱՆԱԿՆԿԱԼ ԶԻՆՎՈՐԻՆ«Սերժանտ Վաչե Եգանյանը զորամասի լավագույն զինվորներից է: Կարգապահ է, պարտաճանաչ, կիրթ ու բանիմաց: Գերազանց տիրապետում է իր զինվորական մասնագիտության բոլոր նրբություններին եւ պատրաստակամորեն սովորեցնում է ենթականերին»:

 

Այսպես է բնութագրում սերժանտ Եգանյանին հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Հարություն Արամյանը: Վաչեի նվիրված եւ օրինակելի ծառայության խոսուն վկաներն են նաեւ կրծքանշանները, բազմաթիվ պատվոգրերն ու շնորհակալագրերը:

-Կրակի կառավարման հաշվարկող եմ: Ծառայությանս մեծ մասն արդեն անցել է, սկզբում ուսումնական զորամասում եմ եղել, հետո, արդեն որպես կրտսեր հրամանատար, եկել եմ մշտական ծառայավայր,- ներկայանում է Վաչեն:

Մինչ զորակոչվելը Վաչեն ֆուտբոլով եւ շախմատով էր հրապուրված, մասնակցել է շախմատի հանրապետական մրցաշարերի: Բանակում եւս մասնակցել է շախմատային մրցումների եւ խրախուսվել «սերժանտ» հերթական զինվորական կոչումով:

Վաչեն Երևանի պետական համալսարանի ուսանող է, զորացրվելուց հետո շարունակելու է ուսումը. ապագա ծրագրավորող է:

-Իմ զինվորական մասնագիտությունը սերտորեն կապված է մաթեմատիկայի հետ, որի լավ իմացության շնորհիվ հրետանային հաշվարկի չորս տարբեր եղանակների եմ տիրապետում: Այնպես որ, մաթեմատիկական գիտելիքներս ինձ շատ պետք եկան: Զորամասում մասնագիտական դասաժամերը բավականին հետաքրքիր են անցնում: Թեմաները ծավալուն են, բազմաբովանդակ, ամեն դասաժամի մի նոր բան եմ սովորում ու յուրացնում: Գործնական պարապմունքներով էլ ամրապնդում եմ արհեստավարժությունս: Երկու ամսվա ծառայող էի, երբ առաջին անգամ մարտական հրաձգության մասնակցեցի: Ինձ վստահվել էր տվյալ հրանոթի կրակի հաշվարկ կատարելը: Մեծ էր պատասխանատվությունը, բայց նաև վստահ էի ուժերիս: Ճիշտ հաշվարկ կատարեցի, ու խոցումը արդյունավետ եղավ, ոնց էի ուրախացել,- իր ապրումներն է պատմում Վաչեն:

Ժամանակի ընթացքում Վաչեն ուսումնասիրել է իր զինատեսակը, ծանոթացել ամեն մանրուքին, կիրառման առանձնահատկություններին: Զենքին լավ տիրապետելը նրան հաղորդել է ավելի մեծ վստահություն, հմուտ եւ անսխալ գործելու վճռականություն: Նա հասկացել է՝ հրետանին իր դիպուկ կրակով վճռորոշ նշանակություն ունի մարտում: Զորամասում պատերազմ անցած սպաներ են ծառայում, նրանք բազմաթիվ օրինակներով փաստել են հրետանու կարևորությունը:

-30 տարի առաջ հայրս էլ է հրետանավորի մասնագիտությամբ ծառայել,- ասում է Վաչեն: -Նա ազատամարտի մասնակից է ու տարբեր դրվագներ է պատմել հերոսական այդ օրերից: Պատմելիս էլ միշտ ասում էր՝ երանի դու էլ հրետանային զորամասում ծառայես: Հորս ցանկությունը իրականացավ: Ու երբ զորամասում առավել խորությամբ ուսումնասիրեցի հրետանին, ավելի տարվեցի այս զինատեսակով: Երբեմն հայրիկիս հետ զրուցում ենք, ու ես հպարտությամբ ասում եմ՝ այսօր ունենք արդիականացված, ժամանակակից հրետանային միջոցներ: Ինքն էլ ընդունում է, որ իր ծառայության շրջանի համեմատ տարբերությունն ահռելի է: Իմ կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ այս մասնագիտությունը ես սովորել եմ ուսումնական զորամասում ու մինչ օրս էլ կատարելագործում եմ իմ գիտելիքները:

Անում եմ հնարավորը՝ ծառայության երկու տարվա ընթացքում զարգանալու, մասնագիտական առավելագույն օգուտ քաղելու համար: Սովորում եմ ոչ միայն իմ մասնագիտությունը, այլ նաև հրետանու հաշվարկի մյուս անդամների պարտականությունները, որովհետև պատերազմի ժամանակ պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակում գործելու, մարտական ընկերոջդ փոխարինելու: Ծառայության ամեն օրն ինձ հարստացնում է գիտելիքով, ամրացնում է ֆիզիկապես և հոգեպես: Մերոնք էլ են նկատել, ասում են՝ փոխվել եմ, մտածելակերպս, վարքս ավելի հասուն ու կշռադատված է, նույնիսկ շարժուձևս, կեցվածքս է փոխվել…

ԱՆԱԿՆԿԱԼ ԶԻՆՎՈՐԻՆՄի քանի ամիս հետո Վաչեն կավարտի ծառայությունը: Հետաքրքրվում ենք՝ երբ է վերջին անգամ տնեցիներին հանդիպել: Սերժանտի դեմքին ժպիտ է հայտնվում:

-Ամիսներ առաջ ինձ արձակուրդ էր տրամադրվել: Որոշեցի մերոնց չտեղեկացնել ու սիրուն անակնկալով զարմացնել: Էն էլ՝ տանը չէին, երկար սպասեցի մինչեւ եկան…

Մեր լրագրողական խումբը որոշում է անակնկալների սիրահար Վաչեին սեփական գեղեցիկ անակնկալը մատուցել՝ զորամասի հրամանատար, գնդապետ Պողոսյանն իր օրինակելի զինվորին շարքի առաջ խրախուսում է արձակուրդով: Զինվորի հոգում զգացողությունների խառնաշփոթ է՝ զարմանք, ուրախություն, հուզմունք…

Քիչ անց մեր մեքենան սլանում է դեպի Աշտարակ քաղաք՝ զինվորի տան ուղղությամբ: Ժամեր անց զինվորի  ընտանիքի  սովորական օրը տոն է դառնում…

Որդու անակնկալ այցը զարմացրել է ծնողներին: Մենք փակագծերն ենք բացում՝ հրամանատարությունը ձեր որդուն գերազանց ծառայության համար   խրախուսել է արձակուրդով։

-Անկեղծ ասած՝ ես սպասում էի հերթական արձակուրդի, բայց չէի կարող ենթադրել,  որ  այսպիսի անակնկալով տուն կգամ,- խոստովանում է օրվա հերոսը: -Հպարտ եմ, որ հրամանատարությունը գնահատել է իմ ձեռքբերումները և ինձ խրախուսել է: Հպարտությանս միախառնվել է նաեւ պարտավորվածության զգացումը՝ առավել պատասխանատվությամբ ու նվիրումով պիտի ծառայեմ…

Ուշադրությունը, վստահությունը, գնահատանքն ու ջերմ խոսքը զինվորին թեւ է տալիս, ոգեւորում ու ոգեշնչում: Արժեւորված զինվորն առավել մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ կծառայի: Եւ գուցե մեր հաջորդ անակնկալի հերոսը հենց դու ես լինելու, զինվո՛ր, որ հիմա աներեր կանգնած ես քո դիրքում:

Օրինակելի, պարտաճանաչ ծառայությունը միշտ էլ գնահատվում է: Սպասի՛ր մեզ…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #27 (1540) 5.08.2024 - 12.08.2024, Ազգային բանակ


13/08/2024