ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Հուլիսի 29-ից օգոստոսի 8-ը զինված ուժերում անցկացվեց «Դյուցազն» որակավորման մրցույթը: Հետախուզական և հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կատարեցին բարդ առաջադրանքները, հաղթահարեցին համապատասխան կահավորված արգելագոտիները: Բոլոր փորձությունները հաղթահարած զինծառայողներին շնորհվեց «Դյուցազն» որակավորման կարգ և խորհրդանշական սև բերետ:
Քննական հանձնաժողովի նախագահ, գնդապետ Լևոն Դավիդյանը ներկայացրեց մրցույթի անցկացման կարգը՝ ընդգծելով, որ սև բերետ կրելու իրավունքին արժանանում են բացառապես լավագույնները:
-Այս քննության նպատակը ոչ միայն հատուկ նշանակության և հետախուզության զինծառայողներից լավագույններին ընտրելն է, այլ նաև նրանց կամային և ֆիզիկական որակները բարձրացնելն է՝ ապահովելով առողջ մրցակցություն։ Հանձնաժողովի կազմում արհեստավարժ զինվորականներ են, որոնք ծառայողական լուրջ ուղի են անցել և իրենք էլ կրում են սև բերետներ։ Նրանք խստապահանջ, բայց և անաչառ գնահատել են մասնակիցներին։ Անձնակազմին ներկայացվող պահանջները շատ բարձր են, սահմանված չափորոշիչները զինված ուժերում ամենաբարդն են: Իրոք, լավագույն զինծառայողներին է շնորհվում սև բերետը, այն կրելը մեծ պատիվ է հատուկ նշանակության և հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների համար։ Բացի այդ, մեր հաղթող դյուցազունները երկու տարի դրամական նշանակալի լրավճար կստանան:
Երկու շաբաթ տևած մրցապայքարում մասնակիցները ուժերը չափեցին տարբեր մրցաձևերում: Նրանք քննություն հանձնեցին վազք, ձգումներ պտտաձողի վրա, համալիր վարժություններ, նռնակի նետում՝ ըստ հեռավորության և դիպուկության, կրակային պատրաստություն վարժաձևերից։ Ֆիզիկական վարժաձևերի կատարումը զինծառայողներից պահանջում էր ոչ միայն ուժի և դիմացկունության դրսևորում, այլև հոգեբանական բարձր պատրաստվածություն:
Հաջորդող օրերին «Դյուցազնի» կոչման համար պայքարող զինծառայողները կատարեցին պարաշյուտով թռիչքներ։ Այնուհետև քսան կիլոգրամ բեռնվածությամբ անցկացված երթուղու ավարտին ձեռնամարտի բռնվեցին հրահանգիչների հետ՝ հետախույզի որակավորման բարձրագույն շեմը հաղթահարելու և սև բերետ կրելու իրավունքին արժանանալու համար։
Մրցապայքարը թեժ էր: Տղաները փորձում էին լինել ամենաարագը, ամենաուժեղն ու ամենաճարպիկը: Ջրային արգելքի, թունավոր նյութերով վարակված տեղանքի հաղթահարում, մարտի դաշտից վիրավորների դուրսբերում և այլն՝ ֆիզիկական և կամային բարձր որակներ պահանջող վարժությունները տղաները կատարեցին ուժերի գերլարումով: Հանձնաժողովի անդամները յուրաքանչյուր վարժության ավարտին գնահատում էին լավագույնի կոչման հավակնորդների դիմացկունությունն ու հմտությունը:
Որոշիչ՝ ութերորդ փուլում անցկացվեց մենամարտ՝ երկու խաղակեսով։ Առաջին խաղակեսում թեկնածուն պայքարում էր մեկ «հարձակվողի» դեմ՝ միայն պաշտպանվելով, թույլատրվում էր հակառակորդի գործողությունների արգելափակում կարճատև բռնվածքով ոչ ավելի, քան 5 անգամ։ Երկրորդ խաղակեսում թեկնածուները պայքարեցին երկու մրցակիցների դեմ՝ առաջին րոպեի ընթացքում միայն պաշտպանվելով, դրանից հետո ստանալով պատասխան գործողությունների իրավունք։ Պայքարը թեժ էր, մրցակիցները՝ աննահանջ։
Փուլի արդյունքներով որոշվեցին հաղթող զինծառայողները՝ լավագույններից լավագույնները: Նրանց շնորհավորեց և «Դյուցազն» որակավորման կարգի բաղձալի սև բերետները հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
«Դյուցազնի» կոչման համար պայքարող զինվորականները նշում են՝ երկար են նախապատրաստվել այս մրցույթին, որը ոչ միայն ֆիզիկական ամրության ու պատրաստվածության քննություն է, այլև բարոյակամային որակների ստուգում է: Տղաները հուզված էին ու, միևնույն ժամանակ, հպարտ. կարողացել են պատվով անցնել բոլոր փորձությունները: Յուրաքանչյուր հետախույզի և հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողի համար սա կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկն է:
-Մեզ միավորել էր հետախույզի բարձրագույն կոչմանն արժանանալու ձգտումը։ Բնականաբար, հանրությունը որևէ մեկիս մասին չի իմանա, մենք հետախույզ ենք, սակայն այս մրցապայքարի շնորհիվ մենք ինքներս իմացանք սեփական հնարավորությունների սահմանը։ Սև բերետով զինվորական տեսնելիս ակամա հարգանք ես տածում նրա հանդեպ, դա մեր մասնագիտության մեջ լավագույնը լինելու վկայությունն է,- ասում է մասնակիցներից մեկը:
-Սև բերետ կրելու ցանկություն ունեցել եմ դեռևս կուրսանտական տարիներից,- ասում է ազնիվ պայքարում սև բերետը վաստակած հետախույզը: -Իմացա, թե ինչպիսի լուրջ փորձությունների միջով պետք է անցնեմ ու սկսեցի ավելի եռանդով մարզվել։ Անցավ տասը տարի, ու այսօր ես հասա իմ նպատակին։ Բացի ֆիզիկական պատրաստվածությունից, այս մրցման ժամանակ շատ մեծ նշանակություն ունի նաև հոգեբանական գերազանց պատրաստվածությունը։ Շատ կարևոր է, որ կարողանաս կամքդ բուռդ հավաքել ու անել առավելագույնը։
-Ամեն փուլում էլ կային դժվարություններ, բայց ես սովորել եմ հաղթահարել դրանք,- խոստովանում է լավագույնի կոչմանն արժանացած մյուս հետախույզը: – Ծառայությանս սկզբից ձգտել եմ արժանանալ այս պատվին: Ուզում էի նախ և առաջ ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ դա անել ու արեցի: Կանեմ առավելագույնը՝ իմ մասնագիտական հմտություններն ու կարողությունները է՛լ ավելի կատարելագործելու համար:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #27 (1540) 5.08.2024 - 12.08.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում