Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է



ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷԶինված ուժերում անցկացվում է զինծառայողների ատեստավորման գործընթացի հերթական փուլը: Զորավարժարաններից մեկում հետևեցինք ատեստավորվող խմբերից մեկի կրակային պատրաստության քննությանը:

Տարբեր զորատեսակներ ներկայացնող անձնակազմը հերթով ստանում է զրահաբաճկոնները, սաղավարտներն ու ինքնաձիգները և նախապատրաստվում մարտական հրաձգությանը: Քննական հանձնաժողովի անդամները մանրամասն հրահանգավորում են զինծառայողներին, խստորեն պահանջում պահպանել անվտանգության կանոնները:

Ատեստավորման հանձնաժողովի նախագահ, գնդապետ Սամվել Մինասյանը ներկայացնում է ընթացիկ պատկերը:

-Հանձնաժողովի աշխատանքներն ընթանում են կազմակերպված, բնականոն հունով,- ասում է գնդապետը: – Նախորդ օրերի արդյունքների հիման վրա կարելի է արձանագրել, որ ատեստավորման քննություններ հանձնող անձնակազմը լավ պատրաստված է, զինծառայողներն իրենց առջև դրված խնդիրները կարողանում են հաջողությամբ կատարել:  Ակնհայտ է, որ անձնակազմը իրեն լավագույնս դրսևորելու ձգտում ունի: Բոլորը գիտակցում են, որ բարելավելով իրենց ունակությունները, հմտությունները, մասնագիտական պատրաստության որակը՝ հընթացս բարելավում են նաև իրենց սոցիալական վիճակը, ինչը գերազանց ծառայության լրացուցիչ խթան է:

Կարող եմ փաստել, որ ատեստավորման ներկայացող յուրաքանչյուր հերթափոխ է՛լ ավելի լավ է նախապատրաստված լինում: Ուրախալի է, որ քննություններին շատ լավ են պատրաստված նաև զինվորական այնպիսի մասնագիտությունների ներկայացուցիչները, որոնք, թվում է՝ իրենց ծառայողական պարտականությունների բնույթով, ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ պատրաստվելու ավելի սահմանափակ հնարավորություններ պետք է ունենային: Օրինակ՝ մեր ռազմական բժիշկները շարային պատրաստության երեկվա քննության ժամանակ հաճելիորեն զարմացրին մեզ:

Այս պահին ատեստավորվում են ավագ ու կրտսեր սպաներ, պայմանագրային զինծառայողներ, շարքային կազմի ներկայացուցիչներ, նրանց թվում նաև կին զինծառայողներ կան: Մի մասն էլ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու է: Շատ են նաև իրենց առաջին ատեստավորումից հետո գնահատականների բարելավմանը ձգտողները: Մեկ անբավարար գնահատական ստանալու դեպքում զինծառայողները 15 օրվա ընթացքում քննական առարկան վերահանձնելու հնարավորություն ունեն: Այսօր կտեսնենք, թե ինչպես իրենց կցուցաբերեն անձնակազմերը կրակային պատրաստությունից: Թեև նրանց տրամադրվածությունից արդեն իսկ զգալի է, որ լավ են նախապատրաստվել:

Շուտով սկսվում է քննությունը: Զինծառայողները հրահանգչի հրամանից հետո շտապում են դեպի կրակակետը և իրականացնում թիրախների խոցումը: Կրակային պատրաստությունն այն վարժաձևերից է, որ հստակ կենտրոնացում և հանդարտություն է պահանջում: Այս դեպքում զինծառայողի հոգեբանական պատրաստվածությունը, տրամադրվածությունը պակաս կարևոր չեն, քան հրաձգություն իրականացնելու հմտությունը:

Լեյտենանտ Հարություն Սողոմոնյանը դիպուկ կրակով խոցում է երեք թիրախները՝ ստանալով «գերազանց» գնահատական: Հարությունը ամիսներ առաջ է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, այժմ կուրսանտական գումարտակում դասակի հրամանատարի պաշտոնն է զբաղեցնում:

-Ավարտական քննություններ հանձնելիս նույնպես հրաձգությունից «գերազանց» գնահատական եմ ստացել,- ասում է երիտասարդ սպան: -Անկեղծ ասած՝ կարիք չեղավ լրացուցիչ պարապելու ատեստավորման շարային կամ կրակային պատրաստության քննություններին: Միանգամից բարձր գնահատականներ եմ ապահովել: Հատուկ պատրաստվել եմ միայն ֆիզպատրաստության քննությանը՝ բարելավել եմ արդյունքներս:ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Խաղաղապահ ուժերի բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնի հրահանգիչ, ավագ սերժանտ Սմբատ Բուղդարյանը խաղաղապահ երեք առաքելության է մասնակցել: Այժմ էլ պատրաստվում է կատարելու կրակային պատրաստության քննական վարժությունը, իր հերթին է սպասում:

-Շատ գոհ եմ ատեստավորման գործընթացից, ամեն ինչ շատ լավ է կազմակերպված,- ասում է Սմբատը: -Ինձ համար շատ հեշտ են քննությունները: Արդեն հաջողությամբ հանձնել եմ շարային պատրաստության քննությունը «լավ» գնահատականով: Վաղը ֆիզիկական պատրաստության քննության երկրորդ մասն է, առաջին փուլով արդեն իմ «լավ» գնահատականն ապահովել եմ: Ատեստավորումը զինծառայողին օգնում է թե՛ մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահել, թե՛ ֆիզիկական առողջ ու ամուր մարզավիճակ ունենալ: Ինչու չէ, պակաս կարևոր չէ նաև սոցիալական վիճակի կտրուկ բարելավումը: Ատեստավորվող զինծառայողները իրենց պարտականություններն է՛լ ավելի մեծ ոգևորությամբ են իրականացնում:

Ենթասպա Լիլիթ Գալստյանը կրակային վարժությունը կատարելուց հետո իր արդյունքից գոհ է. ստացել է «լավ» գնահատական:

-Առաջին անգամ եմ մասնակցում ատեստավորմանը: Բնական է, անհանգիստ էի, լարվածություն կար, բայց փորձում էի կենտրոնանալ թիրախների խոցման վրա,- խոստովանում է Լիլիթը: -Եթե կարողանայի հաղթահարել հույզերս, վստահաբար ավելի լավ արդյունք կապահովեի, բայց այս ցուցանիշն էլ վատ չէ, գոհ եմ ինձնից: Առավել ևս, որ քննությանը հատուկ չեմ նախապատրաստվել: Կրակային պատրաստությունից նախկինում միշտ լավ արդյունքներ եմ գրանցել: Բայց, իհարկե, քննություն հանձնելիս պատասխանատվությունն ավելի մեծ է լինում, հույզերդ՝ ավելի շատ:

Ատեստավորման գործընթացի շնորհիվ զինծառայողները բարելավում են իրենց ծառայողական որակները: Իմ օրինակով ասեմ՝ ֆիզիկական պատրաստությունը իմ ուժեղ կողմերից չի եղել: Բայց սկսեցի մարզվել և օրինակ՝ վազքից հիմա շատ ավելի լավ արդյունքներ ունեմ: Ամեն ինչ այս գործընթացում նպաստում է, որ սկսես աշխատել քո անձնային, ֆիզիկական և մասնագիտական որակները բարելավելու ուղղությամբ:

Առաջիկա օրերին հերթական խմբի մասնակիցները քննություն կհանձնեն նաև մյուս առարկաներից: Բոլոր քննությունների արդյունքների հանրագումարով կորոշվի նրանց ընդհանուր գնահատականը: Ատեստավորման գործընթացը շարունակվում է՝ ներգրավելով ավելի մեծ թվով զինծառայողների ու նպաստելով բանակի մարտունակության ամրապնդմանը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐՄԵՆԱԿ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #27 (1540) 5.08.2024 - 12.08.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/08/2024