ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎ-130
Անվանի հայ ծովակալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Իսակովը մեծ ներդրում ունի ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի զարգացման գործում: Մարշալ Գեորգի Ժուկովը իր հուշերում գրել է. «Ես խորապես համոզված եմ, որ Իվան Ստեփանի Իսակովը Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ամենատաղանդավոր և ակնառու հրամանատարներից մեկն էր»:
Ծնվել է 1894 թ. օգոստոսի 22-ին Ստեփան Տեր-Իսահակյանի և ծագումով շվեդուհի Իդա Լաուերի ընտանիքում։ Փոքր տարիքից նրան հետաքրքրել է ծովագնացությունն ու ճանապարհորդությունը, նա անքուն գիշերներ է անցկացրել նշանավոր ծովակալների մասին պատմող գրքերի առջև: Երազել է նավարկել, ծովայինի կյանքով ապրել:
Ապագա ծովակալը դիմում է ներկայացնում ընդունվելու ծովային կորպուս, սակայն նրան մերժում են՝ ազնվական ծագում չունենալու պատճառով։ Ընդունող հանձնաժողովի ներկայացուցիչը խորհուրդ է տալիս սովորել հետևակային գծով, որովհետև, ըստ նրա, մինչ այդ նավատորմում ոչ մի հայ չի ծառայել։ Իսակովը նրան հիշեցնում է նավատորմում ծառայող երկու հայի՝ Նովոռոսիյսկ քաղաքի հիմնադիր Լազար Սերեբրյակովի (Ղազար Արծաթագործյան՝ 1810-1862) և ստորջրյա նավագնացության գիտակ, ծովային ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդր Գարսոևի մասին։ Բայց նրան, միևնույն է, չեն ընդունում:
Այդուհանդերձ, պատանի Հովհաննեսին հաջողվում է մասնակցել գարդեմարինյան (ծովային) դասընթացներին, ստանալ միչմանի կոչում։ Այդպես սկսվում է նրա վերելքը ծովագնացության բնագավառում: Նա ծառայության է անցնում Սիբիրյան ռազմական նավատորմում։ Փայլուն կատարելով առաջադրված խնդիրները՝ 1917 թ. մայիսին նշանակվում է «Իզյասլավ» նավի հրամանատարի ավագ օգնական։
Հովհաննես Իսակովի՝ որպես փորձառու, կազմակերպված ծովայինի ունակությունները փայլուն արտահայտվեցին «Սառցային երթի» պատմական օրերին, երբ ռուսական նավերը գերմանական շրջապատումից պետք էր փրկել և Հելսինկիից Կրոնշտադտ տեղափոխել։ 1921 թ. Իսակովը նշանակվում է «Իզյասլավ» ականակրի հրամանատար, իսկ մեկ տարի անց, արդեն ծովային ավագ սպայի կոչումով, Իսակովը տեղափոխվում է Սևծովյան նավատորմի վարչություն։
1928 թ. Սանկտ Պետերբուրգում ավարտում է ռազմածովային ակադեմիային առընթեր բարձրագույն հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները և ծառայության անցնում նավատորմի գլխավոր շտաբում։ Զորքերի կառավարման գերագույն մարմնում աշխատելու այդ տարիները դարձան նրա կայացման նոր փուլը։
1932 թ. մարտին նշանակվում է ռազմածովային ակադեմիայում՝ որպես ավագ դասախոս։ Այդ ժամանակ ակադեմիայում դասավանդելն այնքան էլ հեշտ չէր, քանի որ չկային համապատասխան դասագրքեր ու ձեռնարկներ։ Իսակովն ունկնդիրների համար կազմում է ուսումնական ձեռնարկներ։
Այդուհետ նավատորմում զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Իսակովն իր ուժերն ու գիտելիքները նվիրում է նավատորմի գործողությունների մշակման, զորամասերի կազմակերպման ու ամրապնդման գործին։ Ծառայողական որակավորումներում Իսակովը բնութագրվում է որպես համարձակ, բացառիկ գրագետ ու կրթված հրամանատար։
1938 թ. Հովհ. Իսակովը նշանակվում է ռազմածովային ժողկոմի տեղակալ՝ համատեղելով ռազմածովային ակադեմիայի պետի պաշտոնը։1940 թվականին Հովհաննես Իսակովին շնորհվում է ծովակալի կոչում։
Հայրենական մեծ պատերազմի սկզբից ծովակալը ամենադժվար տեղամասերում էր։ 1942 թ. հուլիսին Իսակովը նշանակվում է հյուսիսարևմտյան ուղղության գլխավոր հրամանատարի ծովային գծով տեղակալ և ակտիվ մասնակցություն ունենում Բալթիական ու Սևծովյան ռազմական նավատորմների գործողությունների մշակման, ծովափնյա պաշտպանության կազմակերպման, ցամաքային զորքերի տարհանման աշխատանքներին։ Պաշարված Լենինգրադում ծովակալն իր գիտելիքներն ու եռանդն ուղղեց քաղաքի պաշտպանության ուժեղացմանը, ծովային հրետանու և ավիացիայի արդյունավետ օգտագործմանը։ Չնայած գործադրած մեծ ջանքերին և գերազանցող ուժերին՝ թշնամուն չի հաջողվում առաջ անցնել։ Ղեկավարման իր ունակություններով Իսակովն աչքի է ընկնում նաև ռազմաճակատի այլ ուղղություններում:
1942 թ. հոկտեմբերի 4-ին Իսակովը ծանր վիրավորվում է։ Բժիշկներն ստիպված անդամահատում են նրա ոտքը։ Ծովակալը երբեք չի կորցնում ինքնատիրապետումն ու արիությունը և 1943 թ. մայիսին վերադառնում է շարք։
1955 թ. նրան շնորհվում է ԽՍՀՄ նավատորմի ծովակալի կոչում, որը հավասարազոր էր ցամաքային զորքերի մարշալի կոչմանը։ Մեկ տարի հետո նա նշանակվում է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի գիտական խորհրդատու, իսկ 1958 թ. մինչև իր մահը (1967 թ. հոկտեմբերի 11) զբաղեցնում է ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչի պաշտոնը։
Նավատորմի ուժերը և զորքերը հմուտ ղեկավարելու, Հայրենական մեծ պատերազմի տարիներին ցուցաբերած արիության ու խիզախության համար 1965 թվականին ծովակալ Հովհաննես Իսակովին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Իր փառահեղ կենսագրության ընթացքում ծովակալն արժանացել է բազմաթիվ շքանշանների ու մեդալների, տարբեր երկրների կառավարական պարգևների։ Նրա մասին գրվել են գրքեր, ակնարկներ, ստեղծվել են փաստագրական ֆիլմեր։ Նրա անունով են կոչվել ԽՍՀՄ ծովուժի մի հածանավ, ստորջրյա լեռ Խաղաղ օվկիանոսում, պողոտաներ, փողոցներ Երևանում և այլ քաղաքներում։ Երևանի համանուն պողոտայում 2005 թ. օգոստոսի 22-ին՝ իր ծննդյան 111-րդ տարեդարձի կապակցությամբ, կանգնեցվել է ականավոր ծովակալի հուշարձանը։
Հովհաննես Իսակովը թողել է գիտական հարուստ ժառանգություն։ 1936 թ. նրա՝ «Ճապոնացիների գործողությունը Ցինդաոյի դեմ 1914 թ.» ուսումնասիրությունը համարվում է ռազմածովային արվեստի պատմության կարևորագույն նվաճում։ Աշխատության մեջ հեղինակը վերլուծում է ճապոնական ուժերի մարտավարության առանձնահատկությունները։ Իսակովը գրել է ռազմածովային թեմայով շուրջ 200 գիտական աշխատություններ, որոնցից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով և հիմք դարձել ռազմածովային նավատորմի կանոնադրություններ կազմելու համար։ Նա գիրք է գրել նաև առաջին հայ ծովակալ Լազար Սերեբրյակովի և ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին։
1946 թ. լույս է տեսել Հովհ. Իսակովի «Հայ ծովայինները Հայրենական մեծ պատերազմում» աշխատությունը։ Ըստ հեղինակի մտահղացման՝ այդ գործը կոչված էր ներկայացնելու ոչ միայն հայրենակիցների սխրանքները, այլև պետք է փոխեր այն կարծիքը, որ, եթե հայերը ծով չունեն, ծովուժում պիտանի չեն ծառայության համար։ Այս երկն արժեքավոր էր նաև նրանով, որ սկիզբ դրեց Երկրորդ աշխարհամարտում հայ մարտիկների կատարած սխրանքների ուսումնասիրությանը։
Հովհ. Իսակովի գիտական գործունեության մեջ բացառիկ տեղ ունի եռահատոր «Ծովային ատլասը», որի խմբագրական խորհրդի նախագահն էր։ Հատորները հաջորդաբար լույս են տեսել 1950, 1953, 1963 թվականներին։ «Ծովային ատլասը» եզակի աշխատանք է, որտեղ մանրամասն ներկայացված են ծովի հատակի ռելիեֆը, ծովի ջրերի ֆիզիկական հատկությունները, ջերմաստիճանի հաշվեկշիռը, եղանակի տարեկան բաշխումը, փոթորիկների ժամանակ ալիքների բարձրությունը և ուղղությունը, ծովուժի ընդհանուր պատմությունը և այլն։ «Ծովային ատլասը» ռազմածովային աշխարհագրության, նավագնացության, համաշխարհային օվկիանոսի ֆիզիկական աշխարհագրության տեղեկատու ուղեցույց է և ծովայինների հանրագիտարան, որի առաջին հատորի կազմման համար 1951 թ. Հովհ. Իսակովն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
Ծովակալն զբաղվել է նաև գրական գործունեությամբ։ Նրա լավագույն պատմվածքներն ու գրական ակնարկներն ամփոփված են երեք ժողովածուներում՝ «Պատմվածքներ նավատորմի մասին», «Անընկճելի մայորը» և «Ծովային պատմվածքները»։
Խորագիր՝ #28 (1541) 15.08.2024 - 22.08.2024, Հոգևոր-մշակութային