Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸ



Հերթական զորակոչն ավարտվեց։ Նորաթուխ զինվորների շարքերում շատ են ծառայության նպատակով արտերկրից Հայաստան վերադարձած  երիտասարդները: Զորամասերից մեկում հանդիպեցինք նրանցից մի քանիսին:

ՄԵՐ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸՇարքային Սամվել Կարապետյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է: Նրա ընտանիքը երկար տարիներ բնակվել է Աբխազիայում: Սամվելն այնտեղ դպրոց է հաճախել, բռնցքամարտով զբաղվել, մրցումների է մասնակցել և մարզական լուրջ հաջողություններ գրանցել: Թվացյալ անհոգ, երջանիկ կյանքում, սակայն, մի բան կիսատ էր:

-Վերադարձել եմ հայրենիք ոչ թե պարտադրանքով, այլ սրտիս թելադրանքով,- ասում է Սամվելը: -Աննկարագրելի սիրուն է Աբխազիան՝ հրաշք բնություն, ծով, բազմաթիվ տեսարժան վայրեր, բայց այն իմ հայրենիքը չէ: Ու որքան էլ գեղեցիկ էր այնտեղ, որքան էլ հետաքրքիր ու հագեցած էր անցնում օրս, միեւնույն է, հայրենի հողը ձգում էր ինձ՝ հիշեցնելով մանկությանս վառ պատկերներն ու հոգիս ջերմացնող հիշողությունները, բակի ընկերներիս, հարազատներիս… Օտարության մեջ ես հպարտությամբ եմ շեշտել իմ ազգությունը: Միշտ ասել եմ, որ հայ եմ ու պիտի գնամ հայրենիքիս ծառայելու:

Բազմանդամ ընտանիքում եմ մեծացել՝ հինգ եղբայր ենք ու մեկ քույր: Ավագ եղբայրս՝ Արտյոմը, նույնպես վերադարձել է հայրենիքի զինվորը լինելու նպատակով: Մի քանի ամսից նա կավարտի ծառայությունը: Շուտով մյուս եղբայրս՝ Հովհաննեսը կզորակոչվի: Դիմում է գրելու, որ ինձ հետ նույն զորամասում ծառայի: Հետո էլ իրար հետեւից փոքր եղբայրներս կզորակոչվեն… Հայրենիքին ծառայելը մեզ համար հպարտություն է, արժանապատվություն:

Սամվելն արդեն մեկ ամսվա ծառայող է, լիովին հարմարվել է բանակային ռիթմին: Որոշել է՝ բանակից հետո համակարգչային գիտելիքները կզարգացնի, կաշխատի այդ ոլորտում և կմնա հայրենիքում:

-Ծնողներս հիմա էլ Աբխազիայում են ապրում, աշխատում: Մինչև բանակ գալս հաճախ եմ ասել իրենց՝ վաղ, թե ուշ, միևնույն է, վերադառնալու եք ծննդավայր, ավելի լավ է, մի՛ հետաձգեք, որովհետև հայրենիքն է մեր հենման կետը…

-Իսկապես, ուրիշի հողը որքան էլ գեղեցիկ լինի, որքան էլ այնտեղ հարմարավետ ու բարեկեցիկ կյանքով ապրես, հայրենիք չի դառնա,-իր տեսակետն է բարձրաձայնում մյուս զրուցակիցս՝ շարքային Սամվել Մանուկյանը։ Սամվելը Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում է ծնվել, տարիներ անց ընտանիքը վերադարձել է իրենց բնակավայր՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղ:

-Ես առանց դժվարության կարող էի դառնալ Ռուսաստանի քաղաքացի: Տնեցիները վերջնական որոշում ընդունելը թողել էին իմ հայեցողությանը, բայց ես գիտակցաբար հրաժարվել եմ այլ պետության քաղաքացիությունից: Ճիշտ է, օտար հողում եմ ծնվել, բայց ազգությունս հայ է, ու պիտի ծառայեմ միայն ՀՀ բանակում: Կարծում եմ՝ չկա ավելի սուրբ պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը: Արդեն զինվորական երդում եմ տվել ու այդ օրը աննկարագրելի երջանիկ էի…

ՄԵՐ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸՇարքային Մանուկյանը պատմում է բանակային կյանքից: Ասում է՝  ծառայությունն իր հունով ընթանում է, միայն կարոտում է հարազատներին, բայց, դե, ընկերական նոր միջավայրն ու ծառայավայրի անսահման շքեղ բնությունը հնարավորինս մեղմում են կարոտը:

Մինչ զորակոչվելը տարբեր արհեստներ է սովորել՝ մեքենայի նորոգում, կոշկակարություն, վարսավիրություն, զորամասում էլ արդեն հասցրել է վարսավիրական հմտություններով փայլել՝ զինակից ընկերների մազերն է կտրել: Ժպտալով ասում է՝ դժգոհ չեն մնացել։

Սամվելը ծառայում է ամենայն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ: Զուգահեռ ծրագրում է իր ապագան: Ինչպես ամեն երիտասարդ, ինքն էլ բազում նպատակներ ու երազանքներ ունի ու բոլորն ուզում է հայրենիքում իրագործել։

-Կաշխատեմ, ընտանիք կստեղծեմ, զավակներ կունենամ… Զավակներիս հայրենի հողում, հայեցի միջավայրում կմեծացնեմ: Հայրս, հորեղբայրս մարտական գործողությունների մասնակից են, ու ես գիտեմ հողի արժեքը, այն պաշտպանելու գինը…

Հողի արժեքը գիտակցելով է Խաբարովսկից Հայաստան վերադարձել նաև շարքային Ագիթ Խուդոյանը:ՄԵՐ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸ

-Ազգությամբ եզդի եմ, բայց, հավատացեք, երբեք մտքիս ծայրով իսկ չի անցել չծառայել։ Հայրս էլ է ծառայել հայկական բանակում ու ինձ էլ պատվիրել է հարգով, պատվով, նամուսով ծառայություն իրականացնել: Այս  հողում ենք մենք ծնվել, այն սուրբ ու թանկ է մեզ համար: Այս պետության համար մենք նույնքան պատասխանատվություն ու պարտավորություն ենք կրում, որքան յուրաքանչյուր հայ:

Եզդի շատ տղաներ կռվել են, կյանքը նվիրել իրենց համար հայրենիքի պես հարազատ դարձած այս երկրին: Պատերազմի ժամանակ Ակնալճում՝ եզդիների սրբավայրում, եզդիները կամավորական ջոկատ կազմեցին ու  մեկնեցին կռվի դաշտ: Հորեղբայրս էլ է մարտական գործողությունների մասնակցել, իսկ իմ զորակոչվելու ժամանակ վարժական հավաքների էր:

Մեր զորամասում եզդիներ էլի կան, հայ տղաների հետ եղբայրների պես ենք, մեր լեզվով ասած՝ «բինա բրա» ենք,- մեր զրույցը եզրափակում է Ագիթը:

Ու եղբոր նման իրար թեւութիկունք, պատվի, պարտքի ու պատասխանատվության գիտակցումով ծառայում են տղաները, որ հարատևի մեր Հայրենիքը՝ ամուր լինի մեր հենման կետը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1541) 15.08.2024 - 22.08.2024, Ազգային բանակ


27/08/2024