Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԱՎԻԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԸ



ՀԱՅ ԱՎԻԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԸՄԻՔԱՅԵԼ  ՊՈՂՈՍՅԱՆ

 

Միքայել Պողոսյանը ավիաշինության բնագավառի բացառիկ մասնագետներից է: Ավիակոնստրուկտոր է, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս։

Ծնվել է 1956 թ. ապրիլի 18-ին Մոսկվայում։ 1979 թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը: Այնուհետև աշխատանքի է անցել Սուխոյի անվան ավիաշինական գործարանում՝ որպես ինժեներ-կոնստրուկտոր։ Տարիների ընթացքում նա մասնագիտական մեծ վերելք է ունեցել, տարբեր պաշտոններ զբաղեցրել: Ղեկավարել է գործարանի փորձարարական կոնստրուկտորական բյուրոն, ապա դարձել է «Սուխոյ» գործարանի գլխավոր տնօրենը:

Որպես կոնստրուկտոր և տեխնիկական ղեկավար մասնակցել է մի շարք ինքնաթիռների ստեղծման աշխատանքներին: Համատեղության կարգով նշանակվել է «Сухой»-ի հիմնական մրցակից «МиГ» կոնցեռնի գլխավոր տնօրեն։

2011 թ. Միքայել Պողոսյանը նշանակվել է ռուսական «Միացյալ ավիաշինական ընկերության» նախագահ։ Պետական այդ ընկերությունը միավորել է ավիաշինության բնագավառի գրեթե բոլոր ռուսական ընկերությունները, այդ թվում՝ «Миг», «Су», «Як», «Ил», «Ту» և տասնյակ այլ ընկերություններ ու գործարաններ։ Միավորման այս քայլով փորձ էր արվում է՛լ ավելի զարգացնել ու բարգավաճման նոր մակարդակի հասցնել ավիաշինությունը։ Փաստացի, Միքայել Պողոսյանը ղեկավարել է այս կարեւորագույն ոլորտի գրեթե բոլոր հեռանկարային նախագծերը, որոնք տարեկան տասնյակ միլիարդ դոլարի եկամուտ են բերել։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ավիաշինությունը արագորեն քանդվում էր, չէր ֆինանսավորվում եւ ոչ մի նախագիծ, իսկ միջազգային շուկաներում շատ դաժան մրցակցություն էր։ Պողոսյանի ջանքերով իրականացվում են մի քանի հեռանկարային ծրագրեր՝ համագործակցելով նաև արտասահմանյան մի շարք հեղինակավոր ընկերությունների հետ: Արդյունքում ապահովվել է ռուսական ընկերությունների կայուն զարգացումը:

Մեր հայրենակցի ղեկավարման տարիները նշանակալի են ռուսական իրականության համար բացառիկ մի քանի նախագծերի սկզբնավորմամբ։ 2002 թ. «Сухой» ընկերությունը հաղթում է նոր սերնդի կործանիչի ստեղծման մրցույթում, ինչն ամենամեծ ձեռքբերումն էր ընկերության պատմության մեջ։ Բացի դրանից, Միքայել Պողոսյանը նախաձեռնում է նաեւ ընկերության համար բոլորովին նոր՝ մարդատար ինքնաթիռի ստեղծման գործընթացը։ Պողոսյանի ղեկավարությամբ «Сухой» ընկերությունը բացառիկ վերելք է ապրում՝ 2010 թ. ապահովելով մոտավորապես 40 միլիարդ ռուբլի ֆինանսական շրջանառություն։

Ուսումնասիրելով ավիաշինության բնագավառի բոլոր նրբությունները՝ Պողոսյանն առաջ է քաշում քաղաքացիական ինքնաթիռների արտադրության նոր ու համարձակ մի նախագիծ՝ Sukoi Superjet-100 ժամանակակից օդանավը:

Միքայել Պողոսյանը անմիջական մասնակցություն է ունեցել «Су-27», «Су-30», «Су-33», թեւի հակադարձ սլաքաձեւությամբ «Су-47» ռմբակոծիչի եւ այլ հեռանկարային նախագծերում: Հեղինակ է ավելի քան 14 գիտական աշխատանքների, ունի 11 հայտնագործություն։

Ավիաշինության բնագավառում Միքայել Պողոսյանի ձեռքբերումները նշանակալի են: Նա պարգեւատրվել է պետական եւ կառավարական մի շարք մրցանակներով, արժանացել ՌԴ Պատվո շքանշանի։

Միքայել Պողոսյանը չի մոռացել նաև իր հայրենակիցներին, կազմակերպել է տեխնիկական եւ ավիաշինության ոլորտում սովորելու պատրաստակամություն դրսեւորած մի խումբ հայ երիտասարդների ուսուցումը Ռուսաստանի առաջատար բուհերում։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (1542) 27.08.2024 - 03.09.2024, Ճակատագրեր


10/09/2024