Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ



ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ «Հայ զինվորը» պարբերաբար հարցախույզ է իրականացնում՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐԱՍՊՐԱՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ

 

Նախկին զինվորական եմ: 1997թ. ծառայության եմ անցել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Հերթական արձակուրդներիս մեկնում էի մեր հայրենիքի տարբեր անկյուններ, լինում սահմանամերձ բնակավայրերում, զորամասերում, առաջնագծում։ Այդ մասին պատմող գեղարվեստական վավերագրություններս տպագրվում էին «Հայ զինվոր»-ում, Հայաստանի, սփյուռքի թերթերում ու  ամսագրերում։ Առանձնակի սիրով էի գրում խիզախ հայուհիների մասին, որոնք տղամարդկանց հավասար կրում էին պատերազմական օրերի դժվարությունները, դառնությունները և ոչ միայն չէին ընկճվում, այլև ոգևորում, գոտեպնդում էին զինակիցներին։

Հիշում եմ, թե ինչ հիացմունքով էին պատմում պատերազմի մասնակից Շուշանիկ անունով մի բուժքրոջ մասին։ Ֆիզիկապես ուժեղ լինելով՝ Շուշանիկը կարողանում էր վիրավորներին շալակած դուրս բերել կրակագծից։ Խիզախ, կամային բացառիկ հատկություններով օժտված կին էր։ Տղամարդիկ նույնիսկ երկյուղում էին նրանից, այնքան ուժեղ էր ու անահ։ Բուժքույր էր, բայց, որ տեսնում էր՝ տղաները վարանում են մարտի գնալ, ինքն էր առաջ նետվում, վտանգի պահին աչքն էլ չէր թարթում:

Մեր պատմության էջերում նման խիզախ հայուհիների մասին բազում հիշատակություններ, հերոսական, հուզիչ դրվագներ կան: Այսօր էլ մեր հայրենիքին հզոր պաշտպաններ են պետք, և կանայք միանշանակ պետք է լինեն այդ պաշտպանների առաջին շարքերում։ Մեր աղջիկները ճկուն միտք ունեն, շնորհալի են, զինծառայության պարտականությունները կատարելիս պարտաճանաչ են: Նրանք հեշտությամբ կյուրացնեն ժամանակակից զինատեսակներին տիրապետելու համար անհրաժեշտ գիտելիքները։

Կանացի քնքուշ էությունը արիության ծովեր է ամփոփում, որ ալեկոծվում են հայրենիքի համար վտանգի պահին։

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐԼՈՒՍԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

Դպրոցական տարիներին «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան շատ էի սիրում, աչքերս փակ քանդում-հավաքում էի զենքը: Զինվորական համազգեստի հանդեպ էլ միշտ առանձնահատուկ հարգանք եմ ունեցել։

Ես կողմ եմ զինված ուժերում կանանց ծառայությանը: Այդ թեմայով հաճախ լսել եմ հակասական կարծիքներ, բայց, լավ է, որ ժամանակի ընթացքում շատ կարծրատիպեր են կոտրվել։ Բանակում կանայք ապացուցել են, որ թևութիկունք են տղամարդկանց, անհրաժեշտ պահին ոգեշնչում են նույնիսկ իրենց ներկայությամբ:

Երկու տղա ունեմ, ապագա երկու զինվորի մայր եմ: Երեխաներիս ռազմամարզական ճամբար եմ ուղարկում, որ ավելի մարզված, կոփված ու պատրաստված գնան բանակ։ Ու շատ կցանկանամ, երբ որդիներս ծառայեն, իրենց զորամասում նաեւ կին զինծառայողներ լինեն. նրանք մոր գորովով, քրոջ սրտացավությամբ կվերաբերվեն մեր զինվոր զավակներին։

Խորագիր՝ #29 (1542) 27.08.2024 - 03.09.2024, Բանակ և հասարակություն


10/09/2024