Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՎԱԾ ԿՅԱՆՔ



ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՎԱԾ ԿՅԱՆՔԹովմասյանների օջախում մանկան ճիչ լսվեց: Ընտանիքի զավակներից Հայկը զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս, և նորածինը լույս աշխարհ գալով՝ իր հետ բերեց ապրելու նոր հույս, նոր ուժ: Ծնողները պատմում են Հայկից, խոսում երեխայի ծնվելուց հետո իրենց հույզերի, ապրումների մասին…

 

Կյանքով լեցուն երիտասարդ էր Հայկը, ամեն օրը հագեցած էր անցկացնում, ասես շտապում էր ապրել: Ճանաչողները նրան բնութագրում են որպես կամեցող, բարեսիրտ, անմիջական, մեծի հարգն իմացող… Հայրենի եզերքի հանդեպ անսահման սեր ուներ, հաճախ էր արշավների գնում ու ամեն անգամ մի գողտրիկ անկյուն բացահայտում։ Լուսանկարել շատ էր սիրում, ու Հայաստանի չքնաղ բնապատկերները հաճախ հայտնվում էին նրա ֆոտոխցիկի օբյեկտիվում: Ինքն էլ էր լուսանկարվում՝ իր լուսավոր ու բարի ժպիտով:

Հայկը Ֆրանսիայում էր, երբ տեղեկացավ 44-օրյա պատերազմի մասին: Որոշեց  վերադառնալ, հայրենիքին պարտքը տալ, տղերքի կողքին լինել: Երբ իր հերթն եկավ, ըստ կարգի զորակոչվեց, ծառայության անցավ սահմանային զորամասերից մեկում: Կարգապահ, օրինակելի վարքով միշտ աչքի ընկած Հայկը բանակում էլ էր մշտապես լավագույնների շարքում: Նվիրված ծառայության համար հրամանատարությունը մի քանի անգամ խրախուսեց արձակուրդով։ Տնեցիները պատմում են, որ այդ կարճատեւ արձակուրդներին էլ աշխատում էր բոլոր ծանոթներին, հարազատներին  հանդիպել, ոչ մեկին չէր մոռանում։

Իր ստորաբաժանումը մարտական հերթապահություն էր իրականացնում բարձրադիր տեղանքում: Հպարտությամբ ասում էր՝ ես վերեւում եմ, իմ սարերում…

Ծառայել էր արդեն մեկ տարուց ավելի, երբ հերթական մարտական գործողություններն սկսվեցին: Հայկը զոհվեց, ու նրա ընտանիքում թանձրացավ տխրությունը, մոռացվեց ուրախությունը:

Զինվորի մայրը՝ Սեդան, պատմում է.

-Հայկս հուլիսի 27-ին պիտի զորացրվեր: Աստծուց ամեն օր խնդրում էի, որ այդ օրվան մոտ իմ կյանքում ինչ-որ հրաշք կատարվի, ցավը մի քիչ թեթեւացնի: Ու Հայկը մի օր երազիս եկավ, ասաց՝ մա՛մ ջան, հունիսին կամ հուլիսին կգամ, սպասի՛ր…

Հուլիսի 22-ին Թովմասյանների ընտանիքում երեխա ծնվեց՝ կոտրելով ծանրացած լռությունը: Փոքրիկին կոչեցին Ռոբերտ՝ Ռոբ. Հայկն այդ անունը շատ էր սիրում:

-Երբ ծննդատանը առաջին անգամ փոքր որդուս տեսա, անբացատրելի զգացողություններ ապրեցի, անսպասելիությունից քարացել էի՝ Հայկիս այնքան նման էր Ռոբը,- հուզմունքը թաքցնելով պատմում է նորածնի հայրը՝ Կարենը:

-Չգիտեմ ինչու, բայց վստահ էի, որ տղա է ծնվելու, վերածնունդ է խորհրդանշելու,- արցունքոտ ժպտում է մայրը: -Փոքրիկն իր ծնունդով վերաիմաստավորեց մեր կյանքը: Մինչ այդ շատ դժվարությունների միջով անցանք, բարդությունների պատճառով նույնիսկ ուզում էի ընդհատել հղիությունս: Հոգեվիճակս  աննկարագրելի ծանր էր, բայց ծննդատան արհեստավարժ անձնակազմի հոգատար ու սրտացավ մոտեցման շնորհիվ հաղթահարեցի ամեն դժվարություն, ու մեր հրաշքը ծնվեց: Որքան էլ դժվար ու ծանր լիներ, փոքրիկը լույս աշխարհ պիտի գար, բարեխոսը Հայկս էր…

Ծնողները վստահ են, որ ավագ եղբոր նման բարի, սրտացավ, մեծահոգի է լինելու փոքրիկ Ռոբերտը, նաև՝ հայրենիքի հանդեպ անսահման սիրով լցված:

-Փոքրիկը մեր շունչն է, մեր թթվածինը: Ինքն իր ծնունդով երջանկություն է բերել մեր օջախ, գունավորել մեր կյանքը, այն նորովի շարունակելու իմաստ հաղորդել… Երբ քնում է, բոլորս անհամբեր սպասում ենք արթնանալուն, որ գրկենք, սիրենք, փայփայենք: Ուզում եմ խորհուրդ տալ որդեկորույս մայրերին՝ անփարատելի է վիշտը, բայց, մի՛ հուսալքվեք, մի՛ կոտրվեք, ուժ գտեք ձեր մեջ ու վերստին ապրեք մայրության բերկրանքը: Երեխայի ծնունդը լույսի, հույսի շող է, ապրելու իմաստ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս՝. ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (1542) 27.08.2024 - 03.09.2024, Ճակատագրեր


10/09/2024