ՇՆՈՐՀԱԼԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
Բանակում շնորհալի զինվորները շատ են: Արվեստի, մշակույթի ոլորտներում իրենց ունակությունները նրանք կիրառում են ծառայությունն առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար:
Շարքային Նարեկ Պողոսյանը վերջերս է զորակոչվել բանակ եւ կարճ ժամանակահատվածում զորամասում աչքի է ընկել ոչ միայն բարեխիղճ ծառայությամբ, այլ նաեւ իր գեղեցիկ, սրտահույզ կատարումներով:
-Փոքր տարիքում «Արեւիկ» համույթում եմ երգել: Սովորել եմ Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի էստրադային վոկալի բաժնում, հետո ընդունվել եմ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ,- ներկայանում է Նարեկը:
Քոլեջը գերազանցության դիպլոմով ավարտելու շնորհիվ Նարեկը միանգամից ընդունվել է կոնսերվատորիայի 2-րդ կուրս՝ ջազ-փոփ բաժին: Օժտված երիտասարդը թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում տարբեր երաժշտական մրցույթների է մասնակցել, մրցանակների արժանացել: Չեխիայում, Գերմանիայում էլ վարպետության դասերին կատարելագործել է ձայնային տվյալները: Հիմա ուսումնական զորամասում հրետանավորի մասնագիտության «վարպետության դասերին» է մասնակցում:
-Հրանոթի կիրառման կանոններն ու նրբություններն ենք սովորում: Ծառայության ամեն օրը հագեցած է, նոր գիտելիքներ ենք յուրացնում: Աշխատում եմ ամեն րոպեն հնարավորինս արդյունավետ օգտագործել, լավ սովորել, քանի որ չեմ սիրում թերանալ եւ ոչ մի ասպարեզում:
Ծառայության ազատ պահերին Նարեկը հաճախ լսարանում երգում է զինակից ընկերների համար:
-Տարբեր նախասիրություններ ունեն տղերքը, տարբեր ոճերի երգեր են սիրում, բայց կան երգեր, որ բոլորն էլ անխտիր սիրում են: Ամենասիրելին ու հոգեհարազատը «Թռչեի մտքով տուն» երգն է: Մինչ բանակ գալս երգել եմ այդ երգը, բայց հիմա կատարումս ավելի զգայական է՝ ապրում եմ ամեն բառն ու տողը… Հզոր ուժ ու ազդեցություն ունի երգ-երաժշտությունը, այն կարող է կարոտ մեղմել, հուզել, ոգեշնչել, մղել հերոսացման…
Նարեկը ծառայությունից հետո շարունակելու է ուսումը կոնսերվատորիայում, երազում է մեծ բեմերի մասին:
-Ձգտելու եմ երաժշտական բոլոր բարձունքները նվաճել: Միշտ Հայաստանն եմ ներկայացնելու, Հայաստան անունն եմ բարձր հնչեցնելու:
Մեր մյուս զրուցակիցը շարքային Արամ Վահանյանն է:
-Մեկ ամիս է՝ կտրվել եմ իմ արվեստից: Կլառնետահար եմ, հիմա նաև ֆագոտահար, բայց ոչ թե ֆագոտ երաժշտական գործիքի, այլ հակատանկային հրթիռային համակարգի,- կատակում է Արամը: -Մի խոսքով՝ հակատանկիստ եմ:
Արամը սովորել է Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցում, զուգահեռ նաեւ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի փողային բաժնում: Այնուհետ ընդունվել է մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետ ու զորակոչվել բանակ:
-Առանց արվեստի կյանքն անհնար է պատկերացնել, սակայն հիմա ավելի կարեւոր գործ եմ կատարում՝ հայրենիքիս զինվորն եմ: Ինձ համար երկու առաջնահերթ արժեք կա՝ ընտանիք եւ հայրենիք: Ընտանիքս հայրենի եզերքում պաշտպանելու գիտակցումով էլ ծառայում եմ:
Բանակից հետո կլառնետահար Արամը որոշել է ծիրանափողին՝ դուդուկին տիրապետել:
-Կարծում եմ՝ երաժիշտը չպետք է սահմանափակվի մի գործիքով: Շվի, կլառնետ նվագում եմ, ուզում եմ նաև դուդուկ նվագել սովորել: Դուդուկը յուրահատուկ ու գեղեցիկ հնչողություն ունի, դրանով հոգու երաժշտություն են նվագում: Պատահական չէ, որ հայկական դուդուկի երաժշտությունը դեռեւս տարիներ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը:
Արամը երազում է պրոֆեսիոնալ ու հայտնի երաժիշտ դառնալ, ասում է՝ ամեն ջանք ու եռանդ ներդնելու է, որ իրականացնի իր համարձակ երազանքները՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով հայրենիքը ծաղկեցնելու, շենացնելու գործում:
-Արվեստի գործիչն էլ մշակութային առաջնագծի զինվոր է ու իր ոլորտում ձեռքբերումների միջոցով կարող է նպաստել հայրենիքի հզորացմանը, զինվորի ու սպայի մարտական ոգու ամրապնդմանը,- զրույցին միանում է շարքային Գագիկ Սեւոյանը: -Նկարիչ եմ, հատկապես գծանկարչություն եմ սիրում: Բանակից հետո որոշել եմ ճարտարապետական համալսարան ընդունվել: Շատ երազանքներ ունեմ, բայց մի բան հաստատ է՝ երազանքներդ իրագործելուց առաջ նախ երկիրդ ամուր ու անառիկ պիտի պահես: Ու հիմա ես ձգտում եմ նախևառաջ լավ զինվոր լինել:
Շնորհաշատ այս երիտասարդները մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրումով զինվորի իրենց առաքելությունն են իրականացնում: Զորացրվելուց հետո նրանք շարունակելու են ծառայությունը նույն նվիրումով՝ արդեն մշակութային առաջնագծում:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԴԱՎԻԹ ԱԲԱՂՅԱՆԻ
Խորագիր՝ #29 (1542) 27.08.2024 - 03.09.2024, Ազգային բանակ