ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՍ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
Էրիկ Հախվերդյանը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղից է: Նրա մանկությունը համընկավ պատերազմի, տնտեսական ճգնաժամի, ցրտի ու խավարի տարիների հետ: Բայց դժվարությունները ոչ թե բնակավայրը փոխելու, ապահով ու բարեկեցիկ ապրելու ցանկություն արթնացրին, այլ սեփական ծննդավայրը անվտանգ ու շեն դարձնելու միջոցների փնտրտուքի պատճառ դարձան: Որոնումները նրան տարան արտերկիր: Զինծառայությունն ավարտելուց հետո Էրիկ Հախվերդյանը 14 տարի ապրեց հայրենիքից հեռու և վերադարձավ մշտատև գյուղատնտեսության առաջադեմ փորձը հարազատ գյուղում ներդնելու հաստատ մտադրությամբ:
-Էրի՛կ, ե՞րբ, ո՞ր տարիքից սկսեցիք հետաքրքրվել գյուղատնտեսությամբ:
-Երբ փոքր էի, իմ ընտանիքը գյուղում շատերի նման անասուն էր պահում, այգեգործությամբ էր զբաղվում: Բայց ես տարված էի ֆուտբոլով և աշխարհագրությամբ: Մանկուց չեմ սիրել պարտադրանք, տուրք չեմ տվել կարծրատիպերին, ազատ եմ մտածել: Երազում էի խոշոր, հաջողակ գործարար դառնալ, որ կարողանամ բարեկեցություն ապահովել բոլոր հարազատներիս ու կարիքավոր մարդկանց համար:
-Սահմանամերձ գյուղի բնակիչներն առաջին հերթին խաղաղություն են երազում:
-Այո՛, սահմանամերձ գյուղի բնակիչները իրենց բոլոր նպատակներն ու երազանքները կապում են խաղաղության հետ: Իսկ խաղաղություն ծնողը ուժն է՝ հոգուդ ուժը, զենքիդ ուժը, հողիդ ուժը, երկրիդ ուժը… Եթե քո ռեսուրսները փոքր են, պիտի դրանք շատ արդյունավետ ու խնայողաբար օգտագործես: Ու պիտի ավելի մեծ ջանքեր ներդնես պաշտպանունակ լինելու համար: Այսինքն՝ բարեկեցությունն ու խաղաղությունը փոխկապակցված են:
Զինծառայությունն ավարտելուց որոշ ժամանակ անց մեկնեցի Ռուսաստան՝ աշխատելու: Շտապեմ ասել, որ երբեք արտերկրում մշտական բնակվելու մտադրություն չեմ ունեցել: Նույնիսկ այն ժամանակ, երբ հաջողել էի բիզնեսում, հասել էի ֆինանսական ապահովության, մտածում էի ծննդավայր վերադառնալու մասին:
-Ծննդավայրում ապրելը գիտակցված պա՞րտք է, թե՞ զգացմունքային մղում՝ կարոտից, սիրուց դրդված:
-Ե՛վ գիտակցված պարտք է, և՛ զգացմունքային մղում: 14 տարի արտերկրում եմ ապրել, շրջագայել եմ, եղել եմ Ավստրիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր: Տեսել եմ բազմաթիվ դրախտային վայրեր, բայց հոգիս միշտ կապված է մնացել իմ ծննդավայրին, մեր անտառներին, աղբյուրներին… Ղալինջաքարի ամրոցին, որը մեր ժողովրդի ազատասիրության, քաջության, պայքարող ոգու խորհրդանիշն է: Այն հուշում է, թե մեր նախնիները ինչ ծանր գնով են հայկական պահել հարազատ հողը, և պատգամում է արժանի լինել նախնիների հայրենասիրությանն ու նվիրումին: Հիմա, երբ մասնագիտանում եմ մշտատև գյուղատնտեսության ոլորտում, Եվրոպայում աշխատելու բազմաթիվ հրավերներ եմ ստանում: Պարզ է, որ արտերկրում ավելի հեշտորեն կիրականացնեի մտահղացումներս, ավելի մեծ գումարներ կաշխատեի, բայց ես մերժել եմ բոլոր հրավերներն ու այժմ իմ ծննդավայրում եմ: Պարզապես շուտով մեկնելու եմ եվրոպական երկրներից մեկում ուսանելու, կատարելագործելու մասնագիտական գիտելիքներս: Ուսումնառությունս ավարտելուց հետո վերադառնալու եմ ու, որքան էլ դժվար լինի, փորձելու եմ Հայրենիքում տարածել մշտատև գյուղատնտեսության առաջադեմ փորձը:
-Իսկ հիմա խնդրում եմ՝ պատմեք, թե ի՞նչ է նշանակում մշտատև գյուղատնտեսություն: Ես հարցազրույցից առաջ մի քանի հետաքրքիր հրապարակումներ կարդացի: Պարզվում է՝ գյուղատնտեսությունը կարելի է զարգացնել առանց թունաքիմիկատների՝ սովորելով վայրի բնությունից…
-Մշտատև գյուղատնտեսության բովանդակությունը լանդշաֆտի փոփոխության միջոցով բնության մեջ գործող էկոհամակարգերի ծառայեցումն է տվյալ տարածքին: Օրինակով բացատրեմ, որ ավելի հասկանալի լինի: Անձրևաջրերը պատնեշի չհանդիպելով՝ հոսում են և հեռանում տարածքից, բայց մարդը կարող է անձրևաջրերի հավաքման համար փոքր ջրամբարներ սարքել:
-Վայրի բնության մեջ նույնպես անձրևաջրերը ազատ հոսում են, պատնեշներ չկան:
-Ո՛չ, բնության մեջ այդ ամենը խիստ կանոնակարգված է: Առաջին հայացքից խառնաշփոթ հիշեցնող թմբերը, գոգավորությունները, գետնին թափված տերևներն ու փայտերը ունեն աչքի համար անտեսանելի ներդաշնակություն և կանոնակարգված գործառույթ են իրականացնում: Իսկ մարդու մշակած տարածքներում՝ արտաքին միջնորդությամբ, այդ ներդաշնակությունը խախտվում է: Մարդը չի կարող ավելի կայուն ու արդյունավետ ինքնապաշտպանական համակարգ հորինել, քան բնական համակարգն է: Առանց մարդու միջամտության անտառները կարող են ապրել դարերով, որովհետև ինքնակարգավորվում ու ինքնավերականգնվում են: Երբ մարդը թունաքիմիկատներով սպանում է վնասատու միջատներին, զուգահեռաբար խախտում է էկոհամակարգի գործունեությունը, որովհետև վնասատու միջատները կեր են օգտակար բզեզների ու թռչունների համար: Օրինակ՝ զատիկը ոչնչացնում է լվիճներին: Ուրեմն՝ լվիճներին թունաքիմիկատներով ոչնչացնելու փոխարեն այգում կարելի է ապահովել զատիկների ներկայությունը: Բերքատվությունը մեծացնելու համար պետք է դիմել բնական միջոցների՝ այնպիսի բուսատեսակներ տնկել, որոնք այգի կբերեն փոշոտիչներին: Հողին թափված տերևները, ճյուղերը ոչ միայն հողը սնուցող բնական հումք են, այլև պաշտպանում են այն բարկ արևից, ուժեղ քամիներից, ապահովում են հողի խոնավությունն ու միկրոօրգանիզմների կենսագործունեությունը: Իսկ մարդիկ հավաքում են գետնին թափված տերևներն ու ճյուղերը և այրում:
Ես շատ տպավորված էի այն ամենով, ինչ տեսա արտերկրում… ու սկսեցի սովորել: Առաջին փորձը կիրառել եմ Բերդավանի իմ այգում: Արդյունքը հրաշալի էր: Այսօր իմ այգում կա 56 տեսակի միրգ ու հատապտուղ, որոնց մի մասը ներմուծված է, առաջին անգամ է աճում հայկական հողի վրա:
-Վայրի բնությունը կրկնօրինակելու շնորհի՞վ եք հասել այդ արդյունքին:
-Ես ուսումնասիրել եմ այդ մրգերի ու հատապտուղների գոյատևման բնական պայմանները, հետո այդ պայմանները ստեղծել եմ մեր այգում: Շուտով Հայաստան կբերեմ անոնա, գովենյա: Վերջինը կոնֆետի նմանվող միրգ է, շատ քաղցր: Այսօր Բերդավանում աճում է Տիբեթյան մորի, որը 4-5 անգամ մեծ է մեր տեղական մորուց, մուշմուլա, որի համը նման է ծիրանի, դեղձի, մանդարինի խառնուրդին, մարակույա, որի պտուղը գդալով ես ուտում, պեկան ընկույզ, որը 15 անգամ գերազանցում է տեղական ընկույզին իր օգտակար հատկանիշներով ու շատ համեղ է…
-Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
-Մտադիր եմ արտերկրում կատարելագործել գիտելիքներս ու վերադառնալ Հայրենիք: Եվրոպայի մասին արդեն ասել եմ, բայց նաև Ավստրալիայում սովորելու եմ լանդշաֆտի դիզայն, ԱՄՆ-ում՝ ջրերի կառավարում: Այդ կրթությունը բավականին թանկ է, բայց ես որոշել եմ մասնագիտանալ մշտատև գյուղատնտեսության ոլորտում ու ոչինչ չեմ խնայելու դրա համար: Շատ ավելի մեծ այգի եմ կառուցելու Բերդավանում, որի միջոցով կազմակերպելու եմ ուսուցողական դասընթացներ:
…Արտերկրում ապրելիս հասկանում ես, որ ֆինանսական ապահովվածությունն ու բարեկեցիկ կյանքը չեն կարող լրացնել այն բացը, այն հոգեկան դատարկությունը, որը պայմանավորված է Հայրենիքից, քո ժողովրդի հոգսերից հեռու ապրելու, քո երկրի կառուցմանը չմասնակցելու իրողությամբ: Ու կյանքդ իմաստավորելու պահանջ ես զգում: Ի վերջո, հանգում ես այն մտքին, որ քո գործունեության առանցքը, գերնպատակը պիտի լինի երկրիդ օգուտ բերելը, այլապես եռանդդ կմարի, ու առաջ շարժվելու խթան չես գտնի: Նոր գաղափարներ շատ ունեմ: Ինձ անչափ խանդավառում է այն միտքը, որ մշտատև գյուղատնտեսության ներմուծումը կարող է Հայաստանը դարձնել էկոլոգիապես մաքուր սնունդ արտահանող երկիր: Լանդշաֆտի դիզայնի կիրառումը պաշտպանական բնագծերում կարող է զինվորների ու զինտեխնիկայի անվտանգության համար բնական միջավայր ստեղծել: Այնքան գործ կա անելու: Ամենակարևորն այն է, որ ինչ ձեռքբերումներ էլ ունենամ, ինչ հաջողությունների էլ հասնեմ, դրանք բացառապես ծառայելու են Հայրենիքիս:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #29 (1542) 27.08.2024 - 03.09.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում