Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՁԵԶՆՈՎ Է ՀԶՈՐ



ՀԱՅՐԵՆԻՔԸ ՁԵԶՆՈՎ Է ՀԶՈՐՀրազդանցի Ելենա Թադեւոսյանը և Տիգրան Գրիգորյանը  հինգ զավակ ունեն՝ երկու աղջիկ եւ երեք տղա: Ամռանը Գրիգորյանների առաջնեկը՝ Աղասը, համալրեց հայրենիքի պաշտպանների շարքերը:

-Ամբողջ օրը մտովի որդուս հետ եմ,- ասում է Ելենան: -Ընտանիքում մեծից փոքր զինվորական ենք դարձել, բանակին, զինվորին վերաբերող ամեն լուր մեր սրտի միջով է անցնում։ Երեխեքն էլ շատ կապված են, հեռախոսների էկրաններին զինվոր եղբոր նկարն է, բոլորին ցույց են տալիս, հպարտանում:

-Աղասի բանակի խնջույքի ժամանակ ես Վրաստանում խոտի հոկեյի  մրցումների էի մասնակցում,- պատմում է զինվորի կրտսեր եղբայրը՝ 13 տարեկան Արմանը: -Շատ էի ուզում առաջին տեղը գրավել ու հաղթանակը զինվոր եղբորս  նվիրել։ Ճիշտ է՝ մրցանակային տեղ գրավեցինք, բայց դա իմ ուզածը չէր: Մոտակա ժամանակներս մեկնելու եմ մրցումների Իտալիա: Այնտեղ կխաղամ ուժերիս գերլարումով, որ խոսքիս տերը լինեմ:

Օրերս Գրիգորյանները հարազատ-բարեկամներով, ընկերներով գնացել էին իրենց զինվորի երդման արարողությանը ներկա լինելու: Ելենան պատմում է այդ օրվա մասին՝ հուզմունք, հպարտություն միախառնելով:

-Անհամբեր սպասում էինք այդ օրվան, զորակոչվելուց հետո առաջին անգամ պետք է տեսնեինք Աղասին: Ամբողջ գիշեր աչք չփակեցի, սպասում էի լուսանալուն: Զինվորական երդումը «Եռաբլուրում» էր… Միանման համազգեստով ձիգ, խրոխտ կանգնած տղաների շարքերում դժվար էր մեր զինվորին գտնելը: Աղասին առաջինը քեռին նկատեց: Հեռվից տղաս թիկնեղացած երեւաց: Զինվորական երդման ավարտից հետո ամուր գրկեցի զինվոր որդուս, շատ էի կարոտել: Իրապես՝ ավելի ձիգ էր դարձել, ավելի մկանուտ, առնական: Զինվորական կյանքի այս փոքր ժամանակահատվածը ոչ միայն ավելի էր ամրացրել որդուս, այլ նաև բառապաշարն էր փոխել։ Երբ հարցրի՝ ո՞նց ես, տղա՛ս, ամեն ինչ լա՞վ է, պատասխանեց՝ ճիշտ այդպես, մա՛մ ջան…

Որդին բանակային անցուդարձից է պատմել, մայրը որդու ամեն բառի հնչերանգն է «վերծանել». տղայի ուրախ ձայնը խաղաղեցրել է մոր սիրտը:

-Աղասին բոլորն էլ շատ են սիրում: Կարգապահ է, պարտաճանաչ, հարգանքով, մեծի հետ մեծ է, փոքրի հետ՝ փոքր: Հարեւանները միշտ ինձ բարեւելիս Աղասից են հետաքրքրվում՝ բարեւ, զինվորի մայր,  մեր զինվորը ո՞նց է…

-Հպարտություն է զինվորի ծնող լինելը,- կնոջ խոսքը շարունակում է Տիգրանը: -Ամեն անգամ, երբ մեր ընտանիքում արու զավակ է ծնվել, ասել եմ՝ հայրենիքի մի  պաշտպան էլ ծնվեց: Պիտի ամեն տղա դեռ փոքր տարիքից գիտակցի, որ հայրենիքին ծառայելը պատիվ է, արժանապատվություն: Զավակներիս հետ հաճախ եմ զրուցել այս թեմայով: Բացատրել եմ, թե որքան կարևոր է ամուր կառչած մնալը մեր արմատներին: Հողը հայրենիք է դառնում, երբ շարունակում ես ապրել այդ հողի վրա, ստեղծում ես, արարում, շենացնում, ծաղկեցնում… Օտար երկիր գնացեք, շրջագայեք, բայց վերադարձեք, որովհետեւ հայրենիքից թանկ ոչինչ չկա, ու այն ձեզնով է հզոր:

Գրիգորյանների զավակները հայրենասեր ու հայրենատեր գաղափարներով են դաստիարակվել: Ու այժմ պատվախնդրորեն ծառայում է Աղասը՝ օրինակ հանդիսանալով իր փոքր եղբայրների՝ ապագա զինվորների համար:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (1542) 27.08.2024 - 03.09.2024, Բանակ և հասարակություն


10/09/2024