ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՐԴԻՆ ԴԱՐՁԱ
Հայկական բանակի զինվոր Սողոմոն Շաբոյանը 5 եղբայր և 8 քույր ունի: Ավագ եղբայրները կատարել են զինվորական պարտքը, կրտսերները սպասում են իրենց հերթին: Շաբոյանների ընտանիքում բոլորը գիտեն, որ տղամարդու կյանքի ուղին պիտի անցնի բանակով:
-Տղան իր ամբողջ կյանքում մի քանի պարտականություն ունի, որոնք պարտադիր պիտի կատարի,- ասում է Սողոմոնը,- պիտի դպրոց գնա, ծառայի բանակում, մասնագիտություն սովորի, աշխատի, բարեկեցություն ապահովի ծնողների, կնոջ ու երեխաների համար:
Զինվորական համազգեստով է, քիչ առաջ է հայրենիքը անձնվիրաբար պաշտպանելու, Հայրենիքի համար կյանքը չխնայելու հանդիսավոր երդում տվել: Դեմքը ժպտուն է, աչքերը պայծառ են:
-Հպա՞րտ ես,- հարցնում եմ: Նայում է շփոթված.
-Ինչո՞վ հպարտանամ:
-Դե, որ արդեն բանակում ես, զինվորական երդում ես տվել:
-Շատերն են բանակ գալիս, բոլորն էլ երդվում են: Կհպարտանամ, եթե ինչ-որ առանձնահատուկ բան անեմ բանակում:
Զինվորի անկեղծությունն ու դեմքով մեկ տարածված ժպիտը տրամադրում են զրույցի:
-Բա ինչո՞ւ ես էսքան ուրախ,- հարցնում եմ:
-Տնեցիներիս եմ տեսնելու, շատ եմ կարոտել բոլորին: Երբեք իմ ընտանիքից հեռու չեմ եղել, ու ծառայության առաջին մի քանի օրը էնքան անսովոր էր: Միտքս տնից չէր կտրվում: Ոնց որ կիսված լինեի. մի կեսս տանն էր, մյուս կեսս՝ բանակում:
-Կհաղթահարես,- ասում եմ վստահ:
-Իհարկե, կհաղթահարեմ,- պատասխանում է անմիջապես,- բանակում ամեն քայլափոխի պիտի ինչ-որ դժվարություն հաղթահարես: Բանակում ամեն օր նախորդ օրվանից ավելի ուժեղ ես դառնում: Իսկ երկու տարի հետո տեսնում ես, որ բոլորովին ուրիշ մարդ ես, անցել ես հասունության սահմանը ու տղամարդ ես արդեն:
-Ի՞նչ գիտես. նոր ես բանակ եկել:
-Ծառայած եղբայրներս են ասել,- պատասխանում է Սողոմոնը:
-Իսկ ի՞նչ կպատմես քո տեսածի մասին, ինչպիսի՞ն են առաջին տպավորություններդ բանակից:
Զինվորը մի քիչ մտածում է, հետո սկսում:
-Ծառայակիցներով արդեն հասցրել ենք ընկերանալ: Սպաները խստապահանջ են: Միշտ հսկողության տակ ես: Օրվա բոլոր վայրկյանները նախապես պլանավորված են: Բայց ինձ համար ոչ մի անակնկալ չկար. ես գիտեի, թե ուր եմ եկել և հոգեբանորեն տրամադրվել էի: Հետո ես սովոր եմ կարգուկանոնի: Մեր տանը 14 երեխա ենք, եթե կարգուկանոն չլիներ, տունը ավերակի կվերածեինք: Մեր ընտանիքն էլ իր «ուստավն» ուներ, ինչ խելքիդ փչեր՝ չէիր կարող անել: Չեմ չափազանցնում,- զինվորը ծիծաղում է:
-Ո՞ւմն էր ամենաբարձր կոչումը,- ես շարունակում եմ թեման՝ Սողոմոնի հանգով:
-Պապան բուրգի գագաթին էր, հետո գործում էր ավագության օրենքը՝ փոքրերը ենթարկվում էին մեծերին, իսկ մեծերը խնամում էին փոքրերին: Երեխաներից ավագները փոքրերին խրատում էին, բացատրում, սովորեցնում, ու երբ փոքրերը վատ արարք էին կատարում, ծնողներս մեծերին էին պատժում, որովհետև նրանք պատասխանատու էին փոքրերի համար: Երկու բան կա, որ ծնողներս չեն ներում՝ երբ ձեռք չես մեկնում քո օգնության կարիքն զգացողին ու գործդ թերի ես անում: Հայրս ասում էր՝ եթե պիտի գործի մեջ գլուխ պահես, մի՛ սկսիր, մի՛ արա: Մենք 14 երեխաներով շատ տարբեր ենք իրարից, բայց հորս պահանջած էդ երկու բնավորության գծերը բոլորս ունենք՝ մեր օգնության կարիքն ունեցողին երբեք մենակ չենք թողնում ու եթե ինչ-որ գործ ենք սկսում, չենք խնայում մեզ, որ լավ անենք:
-Կա՞ մի գործ, որ դու արել ես ու լավ ես արել:
-Փայտի փորագրություն եմ սիրել ու փայտագործություն եմ սովորել: Առավոտից իրիկուն տաշում էի ու փորագրում: Արդյունքում՝ իմ գործերը՝ սափորները, շերեփները, ամանները ներկայացվեցին ցուցահանդես-վաճառքին և բարձր գնահատականի արժանացան:
-Երբ զինծառայությունն ավարտես, փայտագործությա՞մբ ես զբաղվելու:
-Փայտագործությամբ կզբաղվեմ, բայց ոչ թե որպես մասնագիտություն, այլ՝ որպես հոբբի: Փայտը շատ տաք նյութ է, ջերմություն է հաղորդում իմ փորագրած ծաղիկներին, խաղողի ողկույզներին: Փորագրելիս ես կտրվում եմ աշխարհից, խաղաղվում եմ: Բայց ամենից շատ խոհարարությունն եմ սիրում: Այն արվեստ է, որի միջոցով և՛ ուտելիքի գեղեցիկ տեսքը պիտի ապահովես, և՛ կարողանաս հազարավոր համերը համադրելով՝ նոր հաճելի համեր ստանալ: Ազգային խոհանոցները բազմազան են, ու սովորելու շատ բան կա: Ու որ ամենակարևորն է՝ ստեղծագործելու, նոր բան ստեղծելու անսպառ հնարավորություն կա: Ես միջազգային կարգի խոհարար եմ դառնալու:
-Բարի ծառայություն,- ասում եմ զինվորին,- ու թող իրականանան բոլոր երազանքներդ:
-Սրանք ապագայի երազանքներ են,- պատասխանում է Սողոմոնը,- իսկ երեկ ես զինվորական երդումով Հայրենիքի որդին դարձա:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #29 (1542) 27.08.2024 - 03.09.2024, Ազգային բանակ