Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻՐԹ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԱԿ ՍՊԱՅԱԿԱԶՄԸ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔՆ Է



ԿԻՐԹ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԱԿ ՍՊԱՅԱԿԱԶՄԸ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔՆ ԷԳնդապետ Արթուր Մկրտչյանը արդեն 28 տարի ծառայում է ՀՀ զինված ուժերում։ Ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան (այն ժամանակ՝ ինստիտուտ), գերազանցությամբ սովորել է նաև ՌԴ ռազմահրետանային ակադեմիայում: Ծառայողական տարիների մեծ մասն անցկացրել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում: Մարտական գործողությունների մասնակից է, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր։ Ներկայումս գնդապետը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սպաների որակավորման կենտրոնի պետն է, զորքերում ձեռք բերած իր հարուստ փորձը  ներդնում է ռազմական կրթության ոլորտում։ Իր օրինակով է ցույց տալիս, թե որքան կարևոր է ինքնակատարելագործման ձգտումը։ Վերջերս գնդապետ Մկրտչյանը մասնակցել է ատեստավորման քննություններին, բոլոր առարկաներից ստացել է «գերազանց» գնահատական։

 

-Ատեստավորման գործընթացը, կարծում եմ, ավելի վաղ պետք է ներդրվեր զինված ուժերում: Հիմա ականատես ենք, թե զինծառայողները որքան հետևողականորեն են զբաղվում իրենց ֆիզիկական, կրակային, մասնագիտական պատրաստությամբ, և սա շատ գովելի է։ Ինչու չէ, քննությունները հաջող հանձնելուց հետո զգալիորեն ավելացող աշխատավարձը ևս զարգանալու կարևոր խթան է: Բնական է՝ բարձր արդյունքներ ցուցաբերելու ձգտումն ավելի մեծ է զինծառայողի գնահատված լինելու դեպքում,- ասում է գնդապետը, ապա հավելում: -Ատեստավորվելիս ձգտել եմ այնպես հանձնել քննությունները, որ օրինակ լինեմ մյուսների համար: Հատկապես սահմանամերձ զորամասերում ծառայելու ընթացքում ձեռք եմ բերել մասնագիտական մեծ փորձառություն, որն էլ կարողացել եմ ամբողջությամբ ներկայացնել քննական հանձնաժողովին:

Ռազմական ակադեմիայի որակավորման կենտրոնում վերապատրաստվում են հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գրեթե բոլոր զինծառայողները՝ շարքայինից մինչև փոխգնդապետ։ Այստեղ պատրաստություն են անցնում նաև «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները: Գնդապետ Մկրտչյանը վստահեցնում է՝ ակադեմիան ունի դասախոսական պատրաստված ու փորձառու կազմ, ուսումնամեթոդական հարուստ բազա:

-Բանակում զգալի բարեփոխումներ են ընթանում՝ սպառազինության արդիականացման, ամրաշինական աշխատանքների, ռազմական կրթության և այլ ոլորտներում: Մենք պարտավոր ենք որակավորման կենտրոնում ապահովել անձնակազմի համապատասխան պատրաստությունը։ Մեր խնդիրն է, որ բոլորը զորամասեր վերադառնան որակապես նոր, համապարփակ գիտելիքներով ու հմտություններով: Կիրթ ու մարտունակ սպայակազմը մեր բանակի հիմքն է,- նշում է կենտրոնի պետը:

ԿԻՐԹ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԱԿ ՍՊԱՅԱԿԱԶՄԸ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔՆ ԷԳնդապետ Մկրտչյանը ծնունդով Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից է:  Հասակ է առել մանկավարժների ընտանիքում, որտեղ ուսումն ու կրթությունը միշտ առաջնահերթություն են եղել։ Զինվորական գործի հանդեպ սերն ու ոգևորությունը նրան փոխանցվել են պապի եղբորից՝ Հարություն Մկրտչյանից։ Նա ծառայել է Թամանյան դիվիզիայում, Սևաստոպոլի համար մղվող մարտերի ժամանակ գործած բացառիկ սխրանքների համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Վահրամաբերդի դպրոցը նրա անունն է կրում:

-Մեր ազգուտակի մեջ միշտ առնվազն մի զինվորական պետք է լինի: Որոշեցի, որ այդ գործի շարունակողը ես եմ լինելու ու ընտրեցի զինվորականի պատվաբեր ուղին։

Գնդապետ Մկրտչյանը երկու դուստր ու մի որդի ունի: Ծառայողական կյանքի բոլոր փուլերում ընտանիքը միշտ նրա կողքին է եղել, կիսել է բոլոր դժվարությունները։

-Իհարկե, ընտանիքիս համար հեշտ չի եղել մի տեղից մյուսը տեղափոխվելը, նոր պայմաններին հարմարվելը, սակայն կինս և երեխաներս միշտ ասել են. «Որտեղ դու՝ այնտեղ էլ մենք»: Ընտանիքում ամենակարևորը համերաշխությունն է, փոխըմբռնումը, այդ առումով իմ բախտը բերել է:

Զինվորական ծառայության մասին գնդապետն այսպես է խոսում.

-Զինվորական կոլեկտիվն իմ երկրորդ ընտանիքն է: Նոր տարին ես միշտ դիմավորել եմ զորամասում։ Յուրաքանչյուր դեկտեմբերի 31-ին եղել եմ զինվորներիս կողքին, իսկ հունվարի 1-ին նոր միացել եմ ընտանիքիս։ Կինս ու երեխաներս միշտ ըմբռնումով են մոտեցել այս հարցին: Նրանք գիտեն, որ Հայրենիքս ու ընտանիքս իմ կյանքի երկու հենասյուներն են։ Եթե չսիրես Հայրենիքդ ու դրա պաշտպանությունն ապահովող գործդ, չես կարող սիրել նաև ընտանիքդ։

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՀԱՅԿ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (1542) 27.08.2024 - 03.09.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/09/2024