Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐ ԵՎ ՋԱՆՔ



ՍԵՐ ԵՎ ՋԱՆՔՀովիկ Զարգարյանի գործերն եմ դիտում՝ փայտաշեն գունավոր մեքենաներ, մրգեր, շերեփներ, զարդեր, մետաղից ու քարից պատրաստված իրեր… Թվում է՝ դրանք հեքիաթից են եկել իրականություն՝ իրենց հետ բերելով լույս, անհոգություն ու հրճվանք… Խաղալիքները տեսնելուն պես մտածեցի, որ հեղինակը մանկության տարիներին ամբարած երջանկությունը, սերն ու ջերմությունն է բաժանում մարդկանց:

 

-Իմ ընտանիքը 18 տարի վագոն-տնակում է ապրել: Պատերազմի, խավարի, ցրտի տարիներն էին: Մայրս խնամում էր երեք մանկահասակ երեխաներին, հայրս ամեն առավոտ գնում էր անտառ՝ օրվա կերակուրը հայթայթելու: Մեզ անտառն էր պահում: Մեր Թեղուտ գյուղը չորս կողմից շրջապատված էր անտառով, որտեղ ինչ ասես չէիր գտնի՝ մրգեր, հատապտուղներ, սունկ, ծաղիկներ: Անտառը երբեք հորս ձեռնունայն չէր թողնում: Եթե ոչինչ չլիներ, փայտը կար ու կար: Հայրս վերադառնում էր ծանրաբեռ, մայրս վաճառում էր անտառի բարիքները, մեզ համար սկզբում հաց ու կոշիկ, հետո՝ գիրք ու կոնֆետ էր գնում: Միշտ չէ, որ գրքի ու կոնֆետի փող էր մնում: Այդ ժամանակ ես սովորում էի դասընկերներիս գրքերով, իսկ կոնֆետ ունենալու համար գնում էի անտառ, սունկ կամ ձնծաղիկ հավաքում, ապա վաճառում: Մի անգամ ես ու եղբայրս՝ 7-8 տարեկան երեխաներ, այնքան ձնծաղիկ վաճառեցինք, որ վերմիշել ու ձեթ գնեցինք տան համար: Երբեք չեմ մոռանա այդ օրվա ուրախությունս:

Մանկությանս բոլոր խաղալիքներն իմ ձեռքերով եմ պատրաստել: Անտառում թափված փայտի կտորները, ճամփեզրին ընկած մետաղե անպիտան իրերը, քարերն ու լարերը խաղալիք էին դառնում իմ ձեռքի տակ: Ես ժամերով տաշում, խարտում, մշակում էի դրանք:

-Ո՞րն է եղել մանկության ամենակարևոր ու պետքական դասը:

-Հույսդ դիր միայն քեզ ու Աստծուց քեզ տրված շնորհի վրա, մի՛ վախեցիր ոչ մի դժվարությունից ու շատ աշխատիր: Հիշի՛ր՝ ոչ ոք առանց շնորհի չի ծնվում:

-Հատկապես գյուղերում մարդիկ օգնում են իրար, ասես՝ մեծ ընտանիք լինեն, ինչո՞ւ պիտի հույսդ միայն քեզ վրա դնես:

-Շնորհակալություն օգնողներին, իսկ չօգնողներից չեմ նեղանում: Եթե սկսում ես ապավինել ուրիշի բարեհաճությանը, թուլանում ես, կամքն ու վճռականությունը հեռանում են քեզնից: Ես ինքս ինձ համոզել էի, որ կարող եմ «հնազանդեցնել» յուրաքանչյուր նյութ, կարող եմ կոտրել ցանկացած դիմադրություն… Ընդունված է կարծել, որ ղաժի(բոխի) ծառի փայտից ոչինչ հնարավոր չէ պատրաստել, քանի որ այն կոպիտ է, չի տաշվում, կոտրվում է: Բայց ես հատկապես ղաժի ծառի փայտն էի օգտագործում: Շատ էի տանջվում, և ուրիշների համար անպիտան փայտը իմ ձեռքերի մեջ դառնում էր գեղեցիկ լուսամփոփ, շերեփ կամ զարդ… Այդ ամենօրյա «հաղթանակները» ինձ ուժ էին տալիս ու քայլ առ քայլ մոտեցնում էին իմ երազանքին: Երբ իմ պատրաստած առաջին իրերը սկսեցին վաճառվել, ավելի ոգևորվեցի:

-Ի՞նչ էիք երազում:

-Ի՞նչ պիտի երազեր վագոն-տնակում ապրող տղան՝ գեղեցիկ, մեծ տուն՝ սեփական ձեռքերով կառուցված: Ես մտովի տեսնում էի այդ տունը, այն աչքերիս առաջ էր՝ քնած, թե արթուն: 16 տարեկանում ավտոէլեկտրիկի մասնագիտություն սովորեցի, որ ավելի արագ հասնեմ երազանքիս, բայց հետո հասկացա՝ երազանքն իրականացնելու միակ ճանապարհը սիրած գործով զբաղվելն է: Ու թողնելով ավտոէլեկտրիկի աշխատանքը՝ ամբողջովին նվիրվեցի իմ արհեստին:

-Թե՞ արվեստին: Ձեր պատրաստած լուսամփոփները, ագաթի ու մետաղի համադրությամբ զարդերը, կենցաղային իրերը արվեստի գործեր են:

-Ես շատ եմ չարչարվում, որ իմ գործերը անթերի լինեն: Ոչինչ աչքաթող չեմ անում, ոչ մի մանրուք չեմ անտեսում: Ամենաանպետք ու տձև նյութի վրա սեր ու քրտինք եմ թափում, և այն գեղեցկանում է, կենդանանում, շնչում… Սա արդեն կյանքի փիլիսոփայություն է ինձ համար՝ սերն ու ջանքը ամեն ինչ կվերածեն գեղեցկության ու հաղթանակի: Ի դեպ, ագաթը նույնպես մեր բնությունն է տալիս, ոչինչ չեմ գնում: Պիտի սիրես, հոգ տանես, որ բնությունը բացվի քո առաջ, պիտի հասկանաս բնության լեզուն: Եթե անողոքաբար շահագործես բնությունը, նա կխռովի քեզնից, քեզ դուրս կնետի:

-Ես Ձեր գործերը տեսել եմ նաև Դիլիջանում կայացած ցուցահանդես-վաճառքի ժամանակ, երբ հայերն ու վրացիները համատեղ ցուցադրում էին իրենց ազգային մշակույթը: Այդ ժամանակ ասացիք, որ ինչ-որ դրամաշնորհ եք շահել:

-Ինչպես վկայում է հավաստագիրը, դրամաշնորհը նպատակ ուներ թուլացնելու ճնշումը անտառային էկոհամակարգերի վրա, այսինքն՝ նախատեսված էր նրանց համար, ովքեր առանց բնությունը վնասելու, թափոնները օգտագործելով՝ պետքական գործունեություն են ծավալում: Իմ բիզնես ծրագիրը ճանաչվեց լավագույնը: Ես դրամաշնորհով քարամշակման գործիքներ գնեցի:

-Հովի՛կ, ե՞րբ կիրականանա սեփական տուն ունենալու Ձեր երազանքը: Ե՞րբ վագոն-տնակից կտեղափոխվեք քարաշեն բնակարան:

-Իմ երազանքն արդեն իրականացել է: Ես 15 տարի սեփական ձեռքերով կառուցել եմ իմ տունը տուֆ քարից և արդեն այնտեղ եմ բնակվում: Երկհարկանի մեծ, սիրուն տուն է՝ ինչպես կար իմ մտապատկերում: Ավելին, այդ ընթացքում հասցրել եմ ամուսնանալ: Ես 33 տարեկան եմ, բայց արդեն 5 երեխա ունեմ, երկուսը տղա են, երեքը՝ աղջիկ:

-Երկհարկանի տուն եք կառուցել, 5 երեխա եք մեծացնում… թափոններից ստացված ձեռքի աշխատանքո՞վ:

-Իմ աշխատանքները հիմա շատ թանկ են վաճառվում: Ես օրնիբուն տքնել եմ վարպետության հասնելու համար: Ասեմ, որ ևս մեկ տուն եմ գնել Դիլիջանում: Եթե հնարավորություն ունենամ, էլի տուն կկառուցեմ իմ ծննդավայրում: Ես տուն շատ եմ սիրում: Իմ հիմնական գործին զուգահեռ, երբեմն նաև ուրիշների համար եմ տուն կառուցել: Ոչ ոք չպետք է ապրի ժամանակավոր կացարանում՝ վագոն-տնակում: Տունդ պետք է շարված լինի քո հողից դուրս եկած, հողիդ հարազատությունը, ջերմությունն ու ուժը ներծծած քարերով, տունդ պետք է խրված լինի հողիդ մեջ…

-Ո՞րն է հայրենասիրության Ձեր սահմանումը:

-Սիրել նշանակում է հոգալ, պահպանել, խնամել: Սիրել նշանակում է տալ: Իմ տանը ապագա երկու զինվոր է մեծանում (առայժմ՝ երկուսը): Ես նրանց պիտի սովորեցնեմ սիրել Հայրենիքը իմ օրինակով, պիտի օրինակելի կյանք վարեմ նրանց աչքի առաջ, որովհետև սովորեցնելու ու դաստիարակելու ուրիշ ձև չկա:

Սա թերևս իմ կյանքի ամենակարևոր գործն է, որ պիտի անեմ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1543) 04.09.2024 - 10.09.2024, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


20/09/2024