ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկում «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ընտրած ժամկետայինները պատրաստվում են ատեստավորման քննություններին։ Ընթանում է զինծառայողների ամենօրյա պատրաստությունը, փորձի փոխանակումն ու հմտությունների կատարելագործումը: Նրանք ամեն օր սերտում են կրակային, ֆիզիկական, շարային ու մասնագիտական դասերը: Այս փուլը հաղթահարելու դեպքում տղաները կուղևորվեն իրենց ընտրած զորամասերը, նախընտրած մասնագիտություններով կշարունակեն ծառայությունը՝ բարձր աշխատավարձով։
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ այս տղաները «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուներ են: Տարբեր զորամասերում մի քանի ամիս ծառայած երիտասարդները որոշում են կայացրել հետագա ծառայությունը շարունակելու ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային հիմունքով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։ Առավելություններն ու արտոնությունները շատ են, սակայն դրան զուգահեռ ուսումնառությունն էլ առավելագույն ջանք ու նվիրում է պահանջում։ Ծրագրի շահառու դառնալու գլխավոր ու պարտադիր նախապայմանն, իհարկե, լավ սովորելն է, հմուտ մասնագետ դառնալը և եռամսյա դասընթացների ավարտին որակավորման քննությունները բարձր արդյունքով հանձնելը։
Ծառայողական օրվա հագեցած կարգացուցակի կարևոր ու անփոփոխ մեկնակետը առավոտյան մարզանքն է։ Բանակում ծառայության տարիները առողջ ապրելակերպ վարելու, ավելի կոփված և ուժեղ լինելու հնարավորություն են յուրաքանչյուրի համար, ուստի ֆիզիկական պատրաստությունն էլ զինվորական օրակարգի պարտադիր պահանջն է։ Ու այդպես էլ սկսում են իրենց օրը ապագա պայմանագրայինները։
-Ծառայությունը շատ լավ է անցնում։ Առօրյան ծանրաբեռնված է, բայց շատ հետաքրքիր է: Շուրջ 13 տարի զբաղվում եմ սպորտով։ Այն շատ մեծ նշանակություն ունի յուրաքանչյուրիս կյանքում, ինձ էլ օգնել է դառնալու ավելի ուժեղ ու ինքնավստահ: Լավ է, որ բանակում կան համապատասխան պայմաններ ավելի կոփվելու, ուժեղանալու համար,-ասում է Գոռ Սահակյանը։
-«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալն ինձ համար պատիվ է: Ծրագիրն ունի մի շարք առավելություններ, որոնցից մեկն ու ինձ համար ամենակարևորը ուսումն ու ծառայությունը համատեղելու հնարավորությունն է: Բացի այդ, կարող ես բնակավայրիդ մոտ զորամասում ծառայել, ընտանիքիդ կողքին լինել։ Ամսվա վերջում էլ ստանում ես բարձր աշխատավարձ, կարողանում ես շատ կարիքներ հոգալ, ընտանիքիդ օգտակար լինել։ Նպատակ ունեմ հետագայում ավելի արդյունավետ ծառայելու, կրծքանշաններիս թիվն ավելացնելու,- սա էլ Հովհաննես Մարգարյանի կարծիքն է ծրագրի վերաբերյալ։
Հովհաննեսի պես բոլորն են նպատակադրված՝ հասնելու մասնագիտական պատրաստության բարձր նշաձողի, իսկ արհեստավարժ զինծառայողներ դառնալու հարցում նրանց օգնում և ճիշտ ուղղություն են ցույց տալիս հրամանատարները։ Սպայակազմի գնահատականը մասնակիցների մասին հետևյալն է՝ նպատակասլաց են, ուզում են սովորել։ Իրենք էլ ջանք չեն խնայում, որ ուսումնական փուլի ավարտին բոլորը լինեն պատրաստված, գրագետ, կարողանան իրենց առջև դրված խնդիրները կատարել լիարժեք։
Վարժադաշտում անձնակազմը պատրաստվում է գործնական հրաձգության հերթական դասաժամին։ Կրակային պատրաստության հմտությունները զարգացնելը ևս ծառայողական օրակարգի կարևոր բաղադրիչներից է։ Ուսումնական կետերից մեկում գերազանց արդյունք է ցույց տալիս Մայիս Յազրյանը։
-Կրակել եմ շարժվող ու անշարժ թիրախների ուղղությամբ, խոցել բոլոր թիրախները։ Գործնական հրաձգությունն սկսելուց առաջ անցնում ենք ուսումնական կետերով, հրահանգավորվում ենք անվտանգության կանոնների, զենքի լիցքավորման, լիցքաթափման, նռնակի նետման և այլ գործընթացների վերաբերյալ:
Միքայել Ավանեսյանն էլ է գոհ իր հրաձգությունից։
-Օր օրի արդյունքների բարելավումը զգում ենք: Շատ խիտ օրակարգով պարապում ենք, պատրաստվում քննություններին, հրամանատարական կազմն էլ մեզ ամեն ինչում աջակցում, օգնում է։ Նման պայմաններում մենք պարզապես պարտավոր ենք բարձր ցուցանիշներ ապահովել։
Դասացուցակը խիտ է և հագեցած՝ ի նպաստ զինվորի մարտավարամասնագիտական հմտությունների զարգացման։ Դասերի ակտիվ փուլը դեռ առջևում է։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների նոր հերթափոխը կշարունակի պատրաստվել, իսկ եռամսյա դասընթացների ավարտական շրջանը կլինեն քննությունները շարային, կրակային, ֆիզիկական և մասնագիտական պատրաստություն առարկաներից։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #30 (1543) 04.09.2024 - 10.09.2024, Ազգային բանակ