ՀԱՄԱԶԱՐԿ
-Իմ առավոտն սկսվում է այստեղից,- ասում է ականանետային մարտկոցի դասակի հրամանատար, մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Սուրեն Սարգսյանը: -Սա իմ հենման կետն է երկրի վրա:
Դիրքում ենք: Դիմացը սար է, քիչ հեռու՝ արևի շողերից փայլող լճակները:
-Լճակները կապույտ են, մայրամուտին կկանաչեն, երբ արևը հորիզոնին նկարի ծիածանի բոլոր գույները,- Սուրեն Սարգսյանի դեմքին անթաքույց հիացմունք կա. պատկերն, իրոք, աննկարագրելի գեղեցիկ է:
-Երաժշտությունը չե՞ք լսում,- հարցնում է դասակի հրամանատարը:
Ես լարում եմ լսողությունս, բայց դիրքի անեզր լռության մեջ շշուկ անգամ չկա:
-Ամեն անգամ, երբ կանգնում եմ այստեղ, ականջներիս մեջ «Երազ իմ Երկիր, Հայրենի» երգն է հնչում… Մի ժամանակ ինձ թվում էր, որ հայրենասիրությունը գիտակցված վերաբերմունք է հայրենիքի հանդեպ: Հիմա հասկանում եմ, որ այն յուրաքանչյուրիս ներսում քնած զգացողություն է՝ պատրաստ արթնանալու ամենափոքր հպումից: Այստեղ՝ դիրքերում, քո կյանքը՝ փոքրանում, հայրենիքը մեծանում է: Ու երբ հասկանում ես, որ պատրաստ ես ամենաթանկը տալ Հայրենիքի համար, զինվոր ես դառնում:
Այսպես արվեստագետներն են խոսում Հայրենիքի մասին, իսկ իմ զրուցակիցը զորամասի լավագույն սպաներից մեկն է, որի ղեկավարած ստորաբաժանումը մշտապես բարձր արդյունքներ է ցուցաբերում քննությունների ժամանակ:
…Սարն ու լճերը մնացել են թիկունքում: Դասակի հրամանատարը նստելու տեղ է գտել, որտեղից միայն լերկ, արևախանձ ժայռերն են երևում:
-Ես օպերային երգիչ եմ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եմ ավարտել,- ասում է սպան, ու ամեն ինչ ավելի է խճճվում: Նրան խնդրում եմ կենսագրությունը պատմել:
-Իմ մանկությունը թոնրի մեջ թխված տաք լավաշ էր ու մեր տանը միշտ հնչող երգ,- այսպես է սկսում դասակի հրամանատարն իր պատմությունը: -Մայրս հրաշալի էր երգում: Ազգային, ժողովրդական, հայրենասիրական մեղեդիները մորս ձայնով հնչելիս մոգական ուժ էին դառնում հոգուս մեջ: Երբ պարզվեց, որ ժառանգել եմ մորս ձայնը, ինձ երաժշտական դպրոց տարան: Երաժշտական դպրոցն ու Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասական վոկալի բաժինն ավարտեցի գերազանցությամբ: Հետո ընդունվեցի կոնսերվատորիա՝ Աշխեն Թադևոսյանի դասարան: Իմ ճանապարհը կանխորոշված էր՝ պիտի առաջ շարժվեի դեպի նոր հաջողություններ ու մեծ բեմեր, մանավանդ՝ արդեն բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթներում մրցանակային տեղեր էի գրավել: Իսկ առաջ շարժվելու դրդապատճառը իմ պատմության ուսուցիչը՝ Համլետ Բակլաչյանն էր «հուշել»: Կարճ ասած՝ նա պատմություն չէր դասավանդում, այլ հայրենասիրություն: Նրա նկարագրած Հայաստանը հոգուս մեջ ակնածանքի, սիրո, հպարտության, որդիական պարտքի ուժեղ զգացումներ էր արթնացնում: Ու ես մեծ բեմեր էի երազում, որ իմ հայկական ազգանունը հնչի ամենուր: Սովորում էի, իմ արվեստը կատարելագործում էի մեծ եռանդով, որ Հայաստան անունը բարձր պահեմ արտերկրում: Բայց կոնսերվատորիան ավարտելուց հետո որոշեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մեկամյա դասընթացներին մասնակցել ու սպայի կոչում ստանալ: Վստահ էի՝ որպես սպա ավելի մեծ գործ կանեմ բանակի համար ժամկետային ծառայության փոխարեն: Ուզում էի առավելագույն արդյունավետությամբ օգտագործել իմ ուժերը: Այն ժամանակ մտքովս չէր անցնի, որ ծառայության պայմանագիրը երկարացնելու մտադրություն կունենամ…
-Բա մեծ բեմե՞րը,- ես անկեղծորեն զարմանում եմ այդ կտրուկ անցումից:
Սպան թոթվում է ուսերը:
-Մեկ էլ տեսնում ես՝ համազգեստդ ձուլվել է մաշկիդ, չես կարողանում հանել…
-Ավելի լավ բացատրեք,- ասում եմ,- ավելի հասարակ: Ի՞նչն է Ձեզ այդպես հրապուրել բանակում:
-Շատ եմ սիրում իմ զենքը, շատ եմ սիրում համազարկ,- պատասխանում է լեյտենանտը: -Հրետանու համազարկը նման է սիմֆոնիայի: Հրամանատարի «դիրիժորական փայտիկն» ուղղորդում է անձնակազմին, ու ծնվում է համազարկը: Այն քո երկրի ուժի, պատվի, խաղաղության, ինքնիշխանության, միասնականության մասին է: Համազարկը մի ամբողջ փիլիսոփայություն է: Մեր ազգին համազարկ է պետք՝ մեջքն ուղղելու ու առաջ շարժվելու համար:
Առաջին անգամ եմ լսում, որ երաժշտական տերմիններով պատմեն զենքի, իսկ ռազմական տերմիններով՝ մարդկային փոխհարաբերությունների մասին:
-Բանակի յուրաքանչյուր ստորաբաժանում իր ներքին ռիթմն ունի: Եթե ռիթմը խախտվում է, ու ինչ-որ մեկը դուրս է մնում ռիթմից, նա, բնականաբար, խանգարում է, արգելակում է ընդհանուր շարժը, թուլանում են ներքին կապերն ու միասնական ձեռքբերումները: Զինվորական անձնակազմի ամեն անդամ կարող է իր հոգու թաքուն անկյուններում հազար երգ ունենալ, բայց ամենագլխավոր երգը հիմնի նման պիտի երգենք՝ միասին, հավատով, վստահ ու ամբողջ հոգով:
-Ինչի՞ մասին:
-Հայրենիքի բացառիկ կարևորության, աննկուն կամքի, ազգային հպարտության, ինքնավստահության, ապագայի հանդեպ հավատի… Բանակից հետո ուր էլ գնամ, ինչ էլ անեմ, զինվոր եմ լինելու: Եթե դու քո գործով անմնացորդ ծառայում ես Հայրենիքիդ, զինվոր ես, ինչ գործ էլ անես:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #30 (1543) 04.09.2024 - 10.09.2024, Ազգային բանակ