Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ



ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՍեպտեմբերի 7-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես ինժեներական զորքերի օր: Պատասխանատու և վտանգավոր է նրանց աշխատանքը: Ինժեներասակրավորային ստորաբաժանումների առօրյայի անբաժանելի մասն է ինժեներական-ամրաշինական  ապահովումը, ականապատումն ու ականազերծումը, պայթյունավտանգ առարկաների վնասազերծումը: Ինժեներական զորքերն իրենց ուրույն դերն ունեն ոչ միայն պատերազմական, այլ նաեւ՝ խաղաղ պայմաններում:

 

Մասնագիտական տոնի առիթով գնդապետ Ա. Ֆիդանյանի հրամանատարությամբ գործող զորամասում ենք: Որոշ ստորաբաժանումներ առավոտից արդեն վարժադաշտում են՝ տեսական գիտելիքները կատարելագործում են գործնական պարապմունքներով:

Իրենց կատարած աշխատանքն է ներկայացնում սլավոնական արտաքինով երիտասարդը՝ էքսկավատորավար, շարքային Մաքսիմ Բիրուկովը: Լոռու մարզի Լերմոնտովո գյուղից է, մոլոկան է: Ասում է՝ հսկա տեխնիկայով անգամ բարձրադիր վայրերում են խնդիր կատարել:

-Ինժեներական տեխնիկայի մեխանիկ-վարորդները ամրաշինական, ճանապարհաշինական տարբեր աշխատանքներ են իրականացնում, խրամատներ փորում դիրքերում՝ զորքի անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով: Արագ եւ որակով անենք ամեն գործ՝ սա է մեր նշանաբանը:

-Որ զինվորի համար անվտանգ  ու ապահով լինի,- լրացնում է կրտսեր սերժանտ, սակրավոր Գոռ Ավետիսյանը:

Գոռի ընտանիքն արդեն մի քանի տարի է՝ Ռուսաստանում է ապրում:

-14 տարեկան էի, երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, ապրում-շնչում էինք հայրենիքից եկող լուրերով: Պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում, առաջին հերթին՝ մտածելակերպս: Ինքս ինձ խոսք տվեցի, որ պիտի վերադառնամ ու ծառայեմ մեր բանակում, եթե ծառայել, ապա միայն Հայրենիքին…

Գոռն իր խոստումը կատարել է, ավելին՝ պայմանագրային զինծառայող է, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով է ծառայում: Ներկայումս մասնակցում է եռամսյա դասընթացներին, առաջիկայում էլ ատեստավորվելու է:

-«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը համատեղել է իմ կյանքի ամենակարեւոր բաղադրիչները՝ ուսում, ծառայություն, աշխատանք, անձնական կյանք: Չեմ կտրվում ոչ մեկից, զուգահեռ հայրենիքիս օգտակար եմ լինում, հեռակա ձեւաչափով ուսում եմ ստանում ու, միաժամանակ, աշխատում:

Ուսումնական զորամասում հրետանավորի մասնագիտությունն եմ յուրացրել, 3-րդ կարգի հրետանավոր եմ: Հետո արդեն մշտական տեղակայման վայրում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայելու պայմանագիր կնքեցի՝ նախընտրելով սակրավորի մասնագիտությունը: Սիրում եմ առաջին գծում լինել: Ասում են՝ պատերազմը սկսում եւ ավարտում են սակրավորները: Այս յուրահատուկ մասնագիտության տերը պետք է լինի սառնասիրտ, հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստված, աչալուրջ, արագ կողմնորոշվող…

Սակրավորը սխալվելու իրավունք չունի, հետևաբար, իրավունք չունի կատարյալ մասնագետ չլինելու: Նա անընդհատ պիտի կատարելագործվի, ինքնակրթվի: Սակրավորի գործը ստեղծագործական մոտեցում է պահանջում, երբեմն հարկ է լինում երևակայությանը զարկ տալ՝ խնդիրն ամբողջությամբ պատկերացնելու համար: Դասագրքում եղածն ընդամենը հիմքն է, մշտապես պիտի փնտրես նաեւ ոչ ստանդարտ լուծումներ,- այսպես է իր ծառայության մասին պատմում Գոռը:

Մինչ զորակոչվելը նա Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ընդունվել, ապագա դիվանագետ է: Հիմա էլ զուգահեռներ է անցկացնում քաղաքացիական և զինվորական մասնագիտությունների միջև:

-Դիվանագետի մասնագիտությունը նման է սակրավորի մասնագիտությանը: Այդ ոլորտում մի սխալն էլ ճակատագրական կարող է լինել ազգի համար, այնպես, ինչպես սակրավորի սխալն իր ու իր ստորաբաժանման համար:

Գյումրեցի Հայկ Պապոյանն էլ սակրավորի մասնագիտության իր ինքնատիպ սահմանումներն ունի ու կեսկատակ-կեսլուրջ, գյումրեցու ցայտուն առոգանությամբ թվարկում է.

-Սակրավորը պիտի լինի խելացի, բանիմաց ու քթածակով, կարողանա տեղանքը ճիշտ գնահատել, դատել սառը գլխով, այնքան սրատես ու դիտողունակ լինի, որ ոչ մի կասկածելի իր աչքից չվրիպի…

Մասնագիտական որակները մեկիկ-մեկիկ թվարկելուց հետո եզրահանգում է.

-Շատ նուրբ գործ է…

Ծառայության մեծ մասն անցած երիտասարդը ժպիտով մտաբերում է, թե առաջին զորավարժանքի ժամանակ ինչքան էր լարվել: Հիմա արդեն վստահ ու վարժ է գործում, ջոկի հրամանատար է ու ինքն է ուսուցանում, իր փորձն ու հմտություններն է փոխանցում զինակից ընկերներին: Խորհուրդ է տալիս ուշադիր լինել, սեփական ուժերին վստահ եւ անսխալ գործել ու հիշել՝ ամեն րոպեն կյանք է՝ ե՛ւ քո, ե՛ւ ընկերներիդ…

-Մեր սպաներն իրենց գործի փայլուն մասնագետներն են, մենք հիմնարար գիտելիքներ ենք ստացել: Սովորել ենք ականի տեսակները, քաշը, կառուցվածքը: Գործնական պարապմունքների ժամանակ ական ենք տեղադրում, հանում: Ձայներով, շոշափիչներով տարբերում ենք ականները: Ականազերծման աշխատանքների ենք նաև մասնակցել: Մի խոսքով՝ մեր գործին արհեստավարժորեն տիրապետում ենք:

Մեր վերջին զրուցակիցը՝ ավագ սակրավոր, շարքային Արթուր Միքայելյանը, զինակից ընկերներից տարիքով փոքր-ինչ մեծ է: Խոհեմ, կիրթ, բազմակողմանի զարգացած երիտասարդը Հառիճավանքի «Թրբանճյան ընծայարանում» է սովորել: Ժամկետային ծառայության ընթացքում ընտրել է «Պաշտպան հայրենյաց» ձեւաչափով ծառայությունը, որին զուգահեռ նպատակադրվել է նաեւ հեռակա  ուսանել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Արթուրը պատերազմում ընկերներ է կորցրել: Ցավ ու դառնություն կա նրա խոսքում, բայց նաեւ չկոտրվելու հաստատակամություն ու վճռականություն:

-Ժամկետային ծառայության ժամանակ մարտական դիրքերում ինժեներական, ամրաշինական աշխատանքներ ենք իրականացրել, ու այս մասնագիտությունը շատ եմ սիրել, կարևորել: Անցել եմ պայմանագրային ծառայության տվյալ ոլորտում՝ մեր բանակին առավել օգտակար լինելու համար: Ամեն մեկս պիտի ջանք ու եռանդ չխնայի մեր բանակն ամրապնդելու, երկիրը հզորացնելու, մեր ու նաև զոհված տղաների երազանքների երկիրը կառուցելու համար:

Չեմ բացառում, որ հետագայում՝ ծրագրի ավարտից հետո, զինվորական գործն ընտրեմ որպես կյանքի ճանապարհ ու կարեւոր առաքելություն:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #30 (1543) 04.09.2024 - 10.09.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/09/2024