Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ



ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸՈւսումնական զորամասերում նորակոչիկների պատրաստության եռուն շրջանն է: Տեսական պարապմունքների և գործնական վարժանքների ընթացքում նրանց սովորեցնում են զինվորական գործի նրբությունները, պատրաստում որպես ապագա մասնագետների: Վերջերս զորակոչված տղաներն ամբողջությամբ հարմարվել են նոր միջավայրին և ամեն օր նոր գիտելիքներ են ձեռք բերում: Զորամասերից մեկում նորակոչիկներից մի քանիսը ներկայացնում են ծառայության առաջին փուլի մասին իրենց տպավորությունները:

 

Վանիկ Ներսիսյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումների բաժինը և օրեր անց մեկնել պարտադիր ժամկետային ծառայության։ Ֆիզիկական լավ պատրաստվածությունը այժմ զորամասում շատ է օգնում նրան։

Վանիկը ոգևորությամբ խոսում է իր զինվորական մասնագիտության մասին.

-Սովորում և հմտանում եմ որպես հրետանավոր։ Դասերը անցնում են հագեցած և հետաքրքիր։ Հատկապես սպասված են մարտավարական դաշտում անցկացվող պարապմունքները: Ուսումնական փուլն ավարտելուց հետո լինելու եմ ականանետային հաշվարկի հրամանատար, ինչը մեծ պատասխանատվություն է։ Դրա համար էլ հիմա սովորում եմ, վարժվում, որ հետագայում կարողանամ գերազանց կատարել մասնագիտական պարտականություններս:

Բանակային առօրյան բարդ է թվացել միայն սկզբնական մի քանի օրերին, հետո արդեն ամեն ինչ սովորեցի։ Նույնիսկ զինվորական ծառայության օրակարգն այս պահին սովորական է դարձել։

Արման Շախյանը ևս զորակոչվել է բուհ ընդունվելուց հետո։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժինը։

-Զինծառայող հարազատներ ունեմ և արդեն վաղ տարիքից նրանց միջոցով պատկերացում եմ կազմել ծառայության վերաբերյալ։ Մեր ընտանիքում այն շատ հարգի է։ Հրետանավորների ստորաբաժանման կազմում ընդգրկվելն ավելացրեց դրական սպասումներս։ Շուրջ 2 ամիս է՝ զորամասում եմ, և ոգևորությունս ավելի ու ավելի է մեծանում: Ամեն րոպե մենք այստեղ անելիք ունենք, մասնագիտական դասերի և պարապմունքների ենք մասնակցում։ Անհամբեր սպասում եմ ուսումնական փուլի ավարտին, որ լիարժեք տիրապետեմ իմ զենքին և անցնեմ իմ բաժին առաքելությանը,- ասում է Արմանը, ապա հավելում:

-Ես պատրաստ եմ ծառայության 2 տարիների դժվարություններին ու նաև իմ բանաձևն ունեմ՝ «Եթե հաճույքով ծառայես, ամեն ինչն էլ հեշտ կստացվի»։

Արսեն Հովհաննիսյանն անկեղծանում է՝ բանակի մասին իր պատկերացումներն այնքան էլ դրական չեն եղել։ Բայց այժմ վստահ ասում է՝ իրականությունը այստեղից-այնտեղից լսածից բավականին տարբեր է։ Առաջին տպավորությունները շատ լավն են, հեշտ է հարմարվել առօրյային: Սպաները, սերժանտները ամեն ինչ անում են անձնակազմին ոգևորելու, օգնելու նպատակով, ավագ ընկերոջ իրավունքով խորհուրդներ են տալիս:

Արսենը նշում է, որ հրետանավորի մասնագիտությունը սկզբում խորթ է եղել իր համար, սակայն հետո հասկացել է՝ հենց իր ուզածն է: Բավականին հետաքրքիր և հագեցած դասերն էլ ամրապնդել են այդ կարծիքը։ Չի բացառում, որ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո էլ կշարունակի իր զինվորական ճանապարհը:

Արսենն ունի ծառայության իր ամենասիրելի օրակարգային հատվածը՝ երեկոյան անվանականչն է:

-Ես անվանականչի իմ ընկալումն ունեմ: Օրվա ավարտին հնչեցնում են քո անունը, դու էլ արձագանքում ես՝ ե՛ս եմ: Դրանով, կարծես, հաստատում ես, որ դու կարևոր ամբողջի մասնիկն ես, օրվա ընթացքում կարևոր գործ ես կատարել: Երբ հասկանում ես արարողակարգի խորքային իմաստը, առավել պիտանի ես զգում քեզ։

 

ԴԱՎԻԹ ԱԲԱՂՅԱՆ

Խորագիր՝ #31 (1544) 13.09.2024 - 20.09.2024, Ազգային բանակ


30/09/2024