ԽԱՉՎԵՐԱՑ
Խաչվերացը Քրիստոնեական եկեղեցու հնագույն տոներից է և նվիրված է Քրիստոսի խաչափայտի փառաբանմանը: Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար տոներից վերջինն է, որ տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
Խաչվերացի տոնի հիմքում ընկած են մի քանի պատմական իրադարձություններ: 313 թվականին Միլանի հրովարտակով Կոստանդիանոս Մեծ կայսրը թույլատրեց քրիստոնեական դավանանքը, որով քրիստոնյաները իրավունք ստացան ազատորեն դավանելու և կատարելու ծիսական արարողություններ: Սկսեցին բարեկարգվել, վերաշինվել քրիստոնեության քարոզչության և առաքյալների նահատակության սրբավայրերը, որոնք պղծվել և ավերվել էին Դիոկղետիանոս կայսեր՝ քրիստոնյաների հանդեպ հալածանքների ժամանակ: Կոստանդիանոս կայսեր կառավարումը նաև որոշակի խաղաղություն բերեց Հռոմեական կայսրության և նրա հարևան պետությունների համար, որի շնորհիվ զարգացավ ուխտագնացությունը: Համաձայն եկեղեցական ավանդության՝ Կոստանդիանոսի մայրը՝ Հեղինե կայսրուհին, երազ է տեսնում, որ նրան հրահանգվում է գնալ Երուսաղեմ և փնտրել Տիրոջ խաչափայտը: Կայսրուհին որպես ուխտավոր այցելում է Երուսաղեմ, հանդիպում Մակարիոս հայրապետին, և հրաշքով գտնում են խաչափայտը 330 թ. սեպտեմբերի 14-ին: Խաչափայտը հրեաները թաղել էին հողի մեջ, և վրան ռեհան էր աճել: Ի նշանավորումն այս մեծ իրադարձության՝ կայսրուհին Երուսաղեմում՝ Գողգոթայի վրա, կառուցում է Հարության, իսկ Բեթղեհեմում՝ Քրիստոսի Ծննդյան տաճարները: Քրիստոսի խաչը ի պահ է հանձնվում Երուսաղեմի հայրապետին և պահվում Հարության տաճարում:
614 թվականին Պարսկաստանի Խոսրով Բ Փարվեզ թագավորը, որի կինը քրիստոնյա էր, հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում։ Որպես անարգանք քրիստոնյաներին՝ Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև խաչափայտը։
18 տարի անց՝ 628 թվականին, Բյուզանդիայի Հերակլիոս կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սուրբ Խաչը և այն վերադարձնում Երուսաղեմ։ Պատմիչները հիշատակում են, որ այդ սրբազան արարողությանը միանում է նաև հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։ Եվ ինչպես հաղորդում է Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս պատմիչը՝ դեպի Պարսկաստան արշավանքից առաջ Սյունյաց Բյուրեղ իշխանուհին Վասպուրականում Հերակլիոս կայսերն ընծայել էր հազար սաղավարտ, ոսկեկուռ զենք ու հազար զրահ և հանձնել էր 3000 հոգանոց զորաբանակ: Արշավանքից հետո կայսրը որպես պարգև առաջարկում է նրան գանձեր, հողատարածքներ, սակայն Սյունյաց իշխանուհին խնդրում է իրեն ընծայել Քրիստոսի խաչափայտից մի կտոր։ Իրեն ընծայաբերված մասունքը իշխանուհին զարդարում է ոսկով ու թանկարժեք քարերով և պահպանության հանձնում իր կառուցած Արկազի Սուրբ Խաչ վանքին:
Իսկ Խաչափայտը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ։ Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կոստանդնուպոլսում պահելուց հետո անձամբ Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով՝ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և սկսվում է մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը։
Քրիստոսի խաչափայտը Հայաստանի տարածքով անցնելու պատմական իրադարձությունը հավերժացնելու համար 639-640 թվականներին Հայոց իշխան Դավիթ Սահառունին (Սեբեոս պատմիչի վկայությամբ) նախաձեռնում է Մրենի տաճարի կառուցումը, որի հյուսիսային մուտքի բարավորին պատկերված է Խաչափայտի վերադարձի պատմությունը:
Հայ Առաքելական եկեղեցում Խաչվերացի տոնական պատարագից հետո՝ երեկոյան ընդունված է կատարել տարվա վերջին անդաստանը (աշխարհի չորս կողմերի օրհնությունը): Ռեհանով զարդարված ու վարդաջրով ցողված խաչը թափորով դուրս է բերվում եկեղեցու բակ, խաչապտույտից հետո քահանաները անդաստանի կարգ են կատարում՝ օրհնելով աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով: Խաչվերացի խորհուրդը խաչը գտնելու մեջ է, և այս տոնը հաստատվեց խաչի երեք գյուտերի արդյունքում:
Խորագիր՝ #31 (1544) 13.09.2024 - 20.09.2024, Հոգևոր-մշակութային