ԿԱՊԸ ԲԱՆԱԿԻ ՍԻՐՏՆ Է
Սեպտեմբերի 14-ը կապի զորքերի օրն է: Գնդապետ Անդրանիկ Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում հանդիսավորությամբ նշվեց կապավորի տոնը, խրախուսվեցին ծառայության մեջ աչքի ընկած զինվորականները: Մայոր Վլադիմիր Չաչյանը եւս խրախուսվողների շարքում էր, միջոցառման ժամանակ էլ զորամասի մարտական դրոշի դրոշակակիրն էր, հպարտորեն ու պատվով է անցել շարահրապարակով:
Զինվորականի ընտանիքում է ծնվել մայոր Չաչյանը: Դպրոցը գերազանց գնահատականներով ավարտելուց հետո սովորել է ռազմական ավիացիոն համալսարանում, դարձել կապի մասնագետ: Կիրթ ու բանիմաց երիտասարդը ռազմական բուհն էլ է գերազանց առաջադիմությամբ ավարտել:
-Կապի ոլորտը մշտապես զարգանում է, կատարելագործվում, այն լի է նորարարություններով, հենց այդ պատճառով էլ նախընտրեցի կապավորի մասնագիտությունը,-ասում է Վլադիմիրը:
Որպես գերազանց առաջադիմություն ունեցող շրջանավարտի՝ նրան իրավունք է վերապահվել առանց վիճակահանության մասնակցելու ընտրել հետագա ծառայավայրը: Վլադիմիրն ընտրել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը: Եվ ինչպես ուսման մեջ, այնպես էլ զորամասային ծառայության ընթացքում նա ձգտել է լինել լավագույնների շարքում:
Սպան 44-օրյա պատերազմի մասնակից է: Մարտական գործողությունների ժամանակ առավել խորն է ընկալել հայտնի ճշմարտությունը՝ զինվորական գործում մանրուքներ չկան: Զորամասի սպաների մեծ մասը անցել է պատերազմով, ու այժմ բոլորը միասին ենթականերին իրենց փորձն ու փորձառությունն են փոխանցում:
-Այդ օրերին առավել լավ հասկացա կապավորի մասնագիտության կարևորությունը ու նաև, որ պետք է շատ գիտելիքներ ունենալ ու շատ սիրել մասնագիտությունը: Կապավորի գործը հոգեհարազատ է ինձ, և այժմ ես կրկնակի ջանասիրությամբ զբաղվում եմ ինքնակրթությամբ, մասնագիտական գրքեր ընթերցում: Անհրաժեշտ է ժամանակին համահունչ պատրաստված լինել: Ներկայումս զինված ուժերում գործում են կապի տարբեր տեսակներ: Ունենք նաև հայրենական արտադրության սարքավորումներ: Կապի միջոցները չափսերով փոքրացել են, իսկ տեխնիկական հնարավորությունները զգալիորեն մեծացել են: Տարիներ առաջ, օրինակ, 300 կմ հեռավորության վրա կապ ապահովելու համար երկու կողմում էլ մի քանի հոգի անձնակազմ էր պետք, արդիականացման շնորհիվ այդ նույն խնդիրն այսօր մի զինվոր է կատարում: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ կապի համակարգը այսօր առավելագույնս պաշտպանված է, վտանգները հասցված են նվազագույնի: Ստեղծված է ճկուն ու կենսունակ համակարգ՝ կապի մի տեսակի խափանման դեպքում այն արագ փոխարինվում է մյուսով: Ունենք նաեւ պահեստային տարբերակներ:
Առանց կապի ժամանակակից միջոցների անհնար է դիմակայել արդի մարտահրավերներին, կազմակերպել զինված ուժերի բնականոն գործունեությունը: Ու շատ կարևոր է, որ անձնակազմն ամբողջությամբ տիրապետի դրանց, կարողանա կիրառել տարբեր իրավիճակներում: Զորամասում պարբերաբար անցկացվող միջոցառումների ընթացքում համապատասխան մասնագետներին ներկայացվում է նորագույն միջոցների շահագործման կարգը, տեխնիկական տվյալները, հնարավորությունները:
Կապը զորքի ղեկավարման ու կառավարման հիմնական միջոցն է: Միայն կապով հնարավոր չէ կռվել, բայց առանց կապի հնարավոր չէ հաղթել,- խոսքը եզրափակում է մայոր Չաչյանը:
***
Սերժանտ Ալվինա Մկրտչյանը ռադիոհեռախոսավարների խմբի պետն է: Հրամանատարների գնահատմամբ՝ իր գործի նվիրյալն է: Ամեն օր Ալվինան քաղաքից քաղաք երկար ճանապարհ է կտրում, բայց միշտ սահմանված ժամին ծառայավայրում է:
-Մանկուց սիրել եմ զինվորականի գործը, երբ համազգեստով մեկին տեսնում էի, ոգեւորված ասում էի՝ ես էլ եմ զինվորական դառնալու: Այն ժամանակ կանայք ռազմական կրթություն ստանալու հնարավորություն չունեին, եթե լիներ նման տարբերակ, անպայման ռազմական բուհ կդիմեի,- ասում է հաստատակամորեն: -Մայրս ծիծաղում էր, կատակում՝ ծառայությունն ուր, դու ուր: Հայրս հակառակը՝ ոգեւորում էր, բայց ասում էր՝ ինչ գործի էլ լինես, այնպես կանես, որ գլուխս բարձր պահեմ, հպարտանամ քեզնով: Ու հաստատ կհպարտանար, ափսոս, չտեսավ զինվորական դառնալս,- Ալվինան տխուր ժպտում է:
Դպրոցն ավարտելուց հետո տարիներ անցան: Ամուսնացավ, երեք զավակ ունեցավ: Կյանքն ընթանում էր բնականոն ռիթմով, առօրյա մանր ու մեծ հոգսերով: Մի օր ընկերուհին տեղեկացրեց, որ մոտակա զորամասում զինվորականների թափուր հաստիքներ կան, ու առաջարկեց՝ դու սիրում ես զինվորական գործը, արի՛, միասին դիմենք:
Վստահ չէր, որ ծառայության կընդունեն. արդեն 35-ն անց էր, բայց հոգու խորքում փայփայում էր, որ վաղեմի երազանքը կկատարվի…
-Ամուսինս սկզբում դեմ էր, որ ես զորամասում աշխատեմ, թեև ինքն էլ այդ ժամանակ պայմանագրային զինծառայող էր: Առաջին հրամանատարս՝ Գոռ Նազարեթյանը, զրուցեց ամուսնուս հետ, ու նա դժվարությամբ, բայց համաձայնեց: Ինքն էլ հորս խոսքերն ասաց՝ էնպես կծառայես, որ գլուխս բարձր պահեմ:
Եվ արդեն 14 տարի Ալվինան բանակում է, ծառայում է անսահման նվիրումով:
-Համազգեստը հպարտությամբ եմ կրում: Այնպես եմ ծառայում, որ տնեցիներս էլ հպարտանում են: Ուրախալի է, որ թե՛ տանը, թե՛ դրսում ամեն քայլափոխի զգում եմ զինվորականի հանդեպ հարգանքն ու ակնածանքը:
Ալվինան ծառայությունն սկսել է ՀՕՊ զորամասում՝ որպես ավագ պլանշետավար, հետո տեղափոխվել է կապի զորամաս: Անկեղծանում է՝ սկզբում մի փոքր դժվար էր, բայց ծառայակից ընկերներն օգնել են, մանրամասն ներկայացրել են կապի գործառույթները, հնարավորությունները: Ինքն էլ ջանացել է լավ սովորել, կատարելագործել գործառութային պարտականությունների իմացությունը: Հիմա արդեն ինքն է իր ենթականերին բացատրում ռադիոկապի առանձնահատկությունները, բացազատում շարժական կապի հանգույցը ու անպայման ասում՝ կապը բանակի սիրտն է, սրտի պես կարեւոր է:
Ալվինան խոսում է կապավորի մասնագիտության կարեւորությունից, անհրաժեշտ որակներից: Զրույցի վերջում նա մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում է բոլոր կապավորներին, բարեմաղթելով՝ թող մեր զինված ուժերում կապը միշտ անխափան գործի:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #31 (1544) 13.09.2024 - 20.09.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում