Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱԳ, ՀՈՒՍԱԼԻ, ԱՆԽԱՓԱՆ



ԱՐԱԳ, ՀՈՒՍԱԼԻ, ԱՆԽԱՓԱՆՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կապի զորքերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, նաև վաստակած հանգստի անցած կապավորներ:

Զորամասի անձնակազմը շարվեց հանդիսավոր տողանի: Շարահրապարակ բերվեց զորամասի մարտական դրոշը՝ մարտական փառքի և արիության խորհրդանիշը: Այնուհետև ելույթ ունեցավ ԶՈւ ԳՇ կապի զորքերի պետ-կապի եւ ԱԿՀ վարչության պետ, գնդապետ Վ. Մկրտչյանը: Շնորհավորելով անձնակազմին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ գնդապետը ներկայացրեց կապի զորքերի անցած ուղին: Նա նշեց, որ տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումները թույլ են տալիս վստահորեն ասել՝ կապի ստորաբաժանումները մարտունակ են, պատրաստ են կատարելու ցանկացած դժվարության առաջադրանք:

Մյուս ելույթ ունեցողները ևս բարձր գնահատելով կապի զորքերի դերն ու նշանակությունը զինված ուժերում՝ անդրադարձան զորքերի ստեղծման պատմությանը, անցած ուղուն և ներկայիս գործունեությանը:

Շնորհավորական խոսք ասաց զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Պողոսյանը՝ ամենից առաջ շնորհակալություն հայտնելով կազմավորման օրվանից զորամասում ծառայած յուրաքանչյուր զինծառայողի:

-Շնորհավորում եմ բոլորիս կապի մասնագիտական տոնի առթիվ: Կապի առկայությունը զինված ուժերի անընդհատ և հուսալի ղեկավարումն ապահովելու կարևորագույն բաղադրիչն է: Ճիշտ կազմակերպված կապի համակարգն է մարտական գործողությունների ժամանակ ապահովում ստորաբաժանումների հմուտ ղեկավարումն ու գործակցությունը: Ոլորտն անընդհատ զարգանում է, բանակը համալրվում է կապի ժամանակակից միջոցներով: Վստահ եմ՝ բոլորս էլ ճիշտ ենք հասկանում մեր գործի կարևորությունը և պատրաստ ենք ամեն պահի մեր մասնագիտական հմտությունները կիրառել հայրենիքի պաշտպանության գործում: Այսուհետ ևս շարունակելու ենք բարձրացնել ռազմական գիտելիքների մակարդակը, կատարելագործել անձնակազմի մասնագիտական հմտություններն ու ունակությունները:

Մեր զորամասի յուրաքանչյուր զինծառայող հստակ գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի պաշտպանության սուրբ գործում: Մաղթում եմ բոլորիս անձնվիրաբար ծառայելու կամք, հավատ, հզորություն:

Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետության բանակին ու հայ զինվորին:

Տոնի կապակցությամբ եղան նաև պարգևատրումներ, խրախուսվեցին մարտական և մասնագիտական պատրաստության ընթացքում, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս աչքի ընկած զինծառայողները:

Միջոցառումն ավարտվեց հանդիսավոր երթով: Այնուհետև ներկաներին ցուցադրվեցին զինված ուժերում կիրառվող կապի նորագույն միջոցներն ու տեխնիկան: Դրանից հետո ստորաբաժանումներն անցան օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունների կատարմանը. նրանք պետք է անխափան և հուսալի կապ ապահովեն զինված ուժերի տարբեր օղակների միջև:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (1544) 13.09.2024 - 20.09.2024, Ազգային բանակ


30/09/2024