Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ



ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸԱնձնակազմի մարտունակությունն ամրապնդելու, ֆիզիկական ու մասնագիտական կարողությունները բարձրացնելու համար զորատեսակների ստորաբաժանումները ներգրավվում են տարբեր բարդության մարզումների։ Այս անգամ զորավարժություն են անցկացրել խաղաղապահները: Նրանք ամենօրյա մարզումներից բացի իրականացնում են զորախաղեր, որոնք կարևոր են ոչ միայն հանրապետությունում, այլև Հայաստանի սահմաններից դուրս առաքելություններ իրականացնելու համար։

 

Պարբերաբար փոփոխվող սցենարի և սեղմ ժամանակացույցի պայմաններում խաղաղապահ ուժերի բրիգադի ստորաբաժանումներից մեկի մասնակցությամբ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվեցին վարժանքներ, որոնց ընթացքում ստուգվեցին զինծառայողների մասնագիտական և մարտական պատրաստության կարողությունները։

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸՍցենարով նախատեսված գործողությունները հնարավորինս մոտեցված էին հավանական հակամարտ գոտում խաղաղապահ առաքելությանը բնորոշ իրավիճակին: Անձնակազմի առջև դրված գերխնդիրը մեկն էր՝ սահմանված ժամանակահատվածում գերազանց կատարել հանձնարարականները։ Եռօրյա զորավարժությանը ներգրավված էին ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի և ռազմաբժշկական ծառայության զինծառայողները, ռազմական և բժշկական տեխնիկա,  ուղղաթիռներ: Ըստ  սցենարի՝ բացազատվեց դաշտային բուժօգնության կետը, որտեղ  իրականացվեց  պայմանական վիրավորների տեսակավորումը՝ ըստ վիրավորման ծանրության  աստիճանի, ցուցաբերվեց անհրաժեշտ բուժօգնություն։

Զորավարժության յուրահատկություններից մեկն էլ այն էր, որ վարժանքի մի մասն անցկացվեց ուսումնական կենտրոնին հարակից բնակավայրերի տարածքներում: Բացի այդ, սցենարի շրջանակում հրահանգավորում եւ բուժօգնություն տրամադրվեց հարակից  համայնքների բնակչությանը:

Դրվագներից մեկում մաքրուհին դպրոցում գտնում է կասկածելի պարունակությամբ տոպրակ, անհապաղ տեղեկացնում է զինղեկին և տնօրենին: Իրականացվում է աշակերտների տարհանումը հարակից խաղադաշտ։ Անհապաղ դեպքի վայր են ժամանում փրկարար ծառայության աշխատակիցները, ուսումնասիրում են դպրոցի տարածքը: Կասկածելի տոպրակը հայտնաբերում են եւ զննում պարունակությունը։ Ականազերծման ավարտին փրկարարները իրականացնում են նաև փնտրվող եւ դպրոցի երկրորդ հարկում պատսպարված երկու աշակերտների տարհանումը ճոպանի միջոցով։

Զորավարժության վերջին օրը «Զառ» ուսումնական կենտրոն էր այցելել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: Նա զորավարժության ղեկավարման կենտրոնից հետևեց քննական փուլերից մեկի ընթացքին, շրջեց կենտրոնի տարածքում, հանդիպեց զորավարժությանը ներգրավված ստորաբաժանման զինծառայողներին։

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸԱյս վարժանքներով խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները վերահաստատում են, որ պատրաստ են հակամարտ գոտիներում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելություններին։

Զորավարժությունն ամփոփեց ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանը:

-Անձնակազմը ցույց տվեց իր մարտական պատրաստվածությունը տարբեր դրվագներում, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ պայմանական մարտի, շարասյուների ուղեկցման ժամանակ։ Մեծ ուշադրություն դարձվեց անձնակազմի բուժօգնությունը գործնական պայմաններում կատարելագործելուն: Կազմակերպվեց բացազատված բժշկական կետում առաջին բուժօգնության ցուցաբերումը, ապա նաև խնդրահարույց իրավիճակների կարգավորումը։

Խաղաղապահ ուժերի բրիգադը մշտապես զբաղված է մարտական պատրաստությամբ: Կատարելագործում ենք մեր հմտությունները, որոնք կիրառում ենք միջազգային առաքելությունների ժամանակ: Դա փաստում են մեր գործընկեր պետությունների ներկայացուցիչները։ Ջանք չենք խնայում մեր պատրաստվածությունը բարձրացնելու համար, որպեսզի մեր երկրի պատիվը բարձր պահենք Հայաստանից դուրս։

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #31 (1544) 13.09.2024 - 20.09.2024, Ազգային բանակ


30/09/2024