Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՀՈՒՅՍ ՈՒ ԿՅԱՆՔ



ՆՈՐ ՀՈՒՅՍ ՈՒ ԿՅԱՆՔԱրմավիրի մարզի Հուշակերտ գյուղում բնակվող Ավետիսյանների ընտանիքում մանկան ճիչ է լսվել: Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ավագ Ավետիսյանի երկվորյակ քույրերը՝ Լուսեն և Լիզան: Փոքրիկները կրկին հույսով ու սիրով են լցրել ծնողների՝ Պարույրի և Աննայի տունը:

 

-Նորից երեխա ունենալու որոշումը բավականին ուշ ու դժվար կայացրինք,- պատմում է երկվորյակների հայրը՝ Պարույրը: -Ավագիցս հետո մեր կյանքը դառնությամբ էր լցվել: Աղջկաս ամուսնացնելուց հետո էլ տունն ասես դատարկվեց, և երեխայի պակասը ավելի սուր զգացինք: Եվ ահա նորից կյանք է մտել մեր ընտանիք: Իհարկե, կուզեինք, որ երեխաներից մեկը տղա լիներ, բայց Աստված այսպես է կամեցել, մենք անչափ ուրախ ենք ու գոհ: Աղջիկների ծնվելը մեզ համար մեծ պարգև է ու օրհնություն:

-Առաջնեկիս՝ Ավագիս ծնվելուց 24 տարի անց երեխա ունենալը սկզբում անընկալելի էր մեզ համար, բայց հիմա արդեն նոր շունչ ենք ստանում մեր փոքրիկներից,- ասում է նորածինների մայրը՝ Աննան: -Բառերով չեմ կարող նկարագրել, թե Լուսեն ու Լիզան ինչ զգացողություններ են արթնացրել մեր մեջ: Ուրախություն է և հուզմունք՝ միախառնված ու բազմապատկված: Որդուս կարոտն անչափելի է, բայց հիմա նրանցից եմ փորձում կարոտս առնել:

Նորածինների լույս աշխարհ գալուց հետո ընտանիքի անդամների կյանքն ամբողջությամբ փոխվել է, իմաստավորվել: Աննան նշում է, որ հաճախ ժամերով որևէ բառ չեն արտաբերել, իսկ հիմա անընդհատ աղջիկներից են խոսում, նաև ժպտում:

-Մեր տան սառած պատերն էլ կարծես ջերմացել են, լույս և ուրախություն է լցվել ամեն անկյուն: Երիտասարդ չենք այլևս, հեշտ չէ երեխաների մասին հոգալը, բայց մեծ սիրով, հաճույքով ենք անում: Մեր տանը այսպիսի ուրախություն 24 տարի առաջ էր եղել՝ Ավագիս ծնվելուց հետո: Հատկապես Լուսեիս շատ եմ նմանեցնում Ավագին՝ դիմագծերը, հայացքը, մազերի գույնն ու առատությունը նման են…

Ավագս ծնվել է 2000 թ. հոկտեմբերի 13-ին: Պարզ հիշում եմ, թե ո՜նց էինք հրճվում: Լավ մարդ էր մեծացել՝ ծնողասեր, մեծերին հարգող: Գյուղում շատ սիրված տղա էր: Բանակ գնաց 2019 թվականին: Իր ձեռքով զինկոմիսարիատից վերցրեց ծանուցագիրը, որ առաջին իսկ հոսքին գնա բանակ: Ես նեղսրտում էի, իսկ նա, թե՝ «Մա՛մ, շուտ գնամ, որ շուտ էլ վերադառնամ»:

-Բանակում իրեն նույն կերպ էր դրսևորում,- շարունակում է Պարույրը: -Շատ ընկերներ ուներ զորամասում, իրեն հարգում ու սիրում էին թե՛ ընկերները, թե՛ հրամանատարները: Շատ էր կապված հատկապես իր վաշտի հրամանատարի՝ Գարիկ Դավթյանի հետ: Ավագի ծննդյան օրը վաշտի հրամանատարն իր թևից հանել էր ժամացույցն ու նվիրել նրան:

2020 թ. սեպտեմբերի 24-ն էր, տղաները նոր էին իջել դիրքերից, լվացվում էին: Ավագն ընկերոջն է տվել ժամացույցը, մինչև ինքը կլվացվեր: Այդ պահին «տագնապ» ազդանշանն է հնչել, ու ժամացույցը մնացել է ընկերոջ ձեռքին: Առաջիկա օրերին մարտեր, զոհեր վիրավորներ… Մեզ ասում էր, որ ամեն ինչ հանգիստ է: Մենք էլ հավատում էինք: Հոկտեմբերի 10-ին հրադադար էր հայտարարված: Վաշտի հրամանատարն ու Ավագը շտապել են վիրավոր զինակիցներին դուրս բերելու ձորակից, և այդտեղ էլ նրանց գտել է թշնամու ԱԹՍ-ն… Որդուս ժամացույցն ընկերը զորացրվելուց հետո բերեց մեր տուն:

-Յուրահատուկ մարդ էր տղաս,- հուզմունքը դժվարությամբ զսպելով՝ ասում է Աննան: -Այսքան տարի կարողացել եմ կրել որդուս կորստի ցավը, ուրեմն՝ հիմա էլ ուժ կգտնեմ և աղջիկներիս կպահեմ, կդաստիարակեմ՝ որպես հերոս զավակիս արժանի քույրեր: Մեծ ցանկությունս է, որ նրանք պիտանի մարդիկ դառնան մեր Հայրենիքի համար: Մեր բալիկների համար ենք այսուհետ ապրելու: Մեր բոլոր լուսեղեն հերոսների փոխարեն թող նորերը ծնվեն: Թող խաղաղություն լինի Հայաստան աշխարհում, մեր մանուկներն առողջ լինեն ու խաղաղ երկնքի տակ ապրեն:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1545) 26.09.2024 - 02.10.2024, Ճակատագրեր


07/10/2024