Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓԱՌՔԸ ՉԵՄ ԶԻՋԻ ՈՒՐԻՇԻՆ



ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓԱՌՔԸ ՉԵՄ ԶԻՋԻ ՈՒՐԻՇԻՆԶրույց Արշալույս գյուղի դպրոցի զինղեկ Ռաֆայել Ազիզյանի հետ

 

-Ռաֆայե՛լ, Ձեր կենսագրությունը պայքարի ու հաղթանակի պատմություն է: Ինչո՞ւ եք Դուք միշտ ընտրում ամենադժվար ճանապարհը:

-Ես իմ երազանքի ճանապարհն եմ ընտրում, դժվարությունների պատճառով չեմ հրաժարվում նրանից: Ամեն մարդ իր նախասիրություններն ունի: Ես էությամբ մարտիկ եմ, մանկուց սիրել եմ մրցել: Տարբեր մարզաձևերում ուժերս փորձելուց հետո հասկացա, որ իմը ռինգն է: Ռինգը քո երկարատև մարզումների, քո ոգու ամրության, ուժի, կամքի, քո տոկունության փորձաքարն է: Այն քննություն է, որը բացահայտում է քո հնարավորությունները, ցույց տալիս առավելություններդ ու թերություններդ, ուժեղ ու թույլ կողմերդ:

-Այդուամենայնիվ, Դուք մարզիկ չդարձաք, ընտրեցիք զինվորականի մասնագիտությունը:

-Իմ ձգտումների ամենամեծ դրդապատճառը եղել է Հայրենիքը: Հայրս դպրոցի տնօրեն էր ու պատմության ուսուցիչ, և հայ ժողովրդի անցյալը մեր ընտանեկան զրույցների մշտական թեման էր: Ես երազում էի մեծ մարզիկ դառնալ, որպեսզի իմ հաղթանակների պատվին փոքրիկ Հայաստանի դրոշը աշխարհի ամենամեծ երկրների դրոշներից վեր բարձրանա: Զարմանալի չէր, որ Հայրենիքի թեման եկավ, հանգեց բանակին: Հետզհետե իմ միտքը սևեռվեց Հայրենիքի պաշտպանության գաղափարի վրա: Հասկացա, որ չկա ավելի խիզախ ու պատվաբեր գործ, քան զենքը ձեռքիդ Հայրենիքի սահմանները պաշտպանելը: Չկա ավելի մեծ սեր Հայրենիքի հանդեպ, քան կյանքդ նրա ազատության համար վտանգելը: Ես առավելապաշտ եմ, չեմ սիրում կիսատ-պռատություն: Սպայի գործը իմ սրտով էր իր բոլոր մանրամասներով՝ կարգապահությամբ, ռեժիմով, ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, խիզախելու հնարավորությամբ, հրամանատարի գործունեության առանձնահատկություններով, քո օրինակը զինվորներիդ փոխանցելու պարտավորությամբ…

-Իսկ ո՞ւր մնաց մրցելու ու հաղթելու ոգին:

-Բանակում դու ինքդ քեզ հետ ես մրցում: Սա շատ ավելի դժվար է , քան ուրիշի հետ մրցելը: Եթե որոշել ես լավ հրամանատար դառնալ, ապա ամեն օր պիտի կատարելագործես քո մասնագիտական որակները, գոնե մի քայլ ինքդ քեզնից առաջ անցնես… Ես ավարտեցի «Փոքր Մհեր» վարժարանը, հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը ու զորքեր գնացի լավագույնը լինելու նպատակով ու վճռականությամբ:

-Ռազմական ակադեմիայում հիշում են, որ ապրիլյան քառօրյա գործողությունների ժամանակ դիմել էիք բուհի ղեկավարությանը՝ առաջնագիծ գնալու խնդրանքով: Իսկ ավարտելուց հետո վիճակահանությանը մասնակցելու փոխարեն առաջարկել էիք Ձեզ ուղարկել սահմանի ամենավտանգավոր հատվածի պահպանությունն իրականացնող զորամաս:

-Այո՛։ Նույն պահին ինձ հիշեցրին տվյալ տեղանքում ծառայելու վտանգավորության մասին: Ես էլ ասացի՝ հենց ինձ համար է:

-Այդ տեղանքը հսկող դիրքում կատարվեց ճակատագրական դիպվածը, որը կտրուկ փոխեց Ձեր կյանքի ընթացքը:

-Պետք էր դիտարկում անել վտանգավոր հատվածում: Ես վերցրի հեռադիտակը զինվորի ձեռքից, որովհետև հրամանատարը ինքը պիտի գնա վտանգին ընդառաջ ու հնարավորինս պաշտպանի զինվորին: Սա հրամանատարական վարքականոնի չգրված օրենք է։ Հակառակորդի դիպուկահարը կրակեց ուղիղ հեռադիտակի դիտանցքին: Գնդակը դեմքիս աջ հատվածը բառացիորեն ոչնչացնելով, գնաց, խրվեց ծոծրակիս մեջ: Բժիշկները փրկեցին կյանքս: Դրանից հետո արդեն ես պիտի որոշեի, թե ինչպես եմ ապրելու՝ հրաժարվելո՞ւ եմ իմ երազանքներից, թե՞ շարունակելու եմ պայքարել:

-Ռաֆայե՛լ, ինչպե՞ս, որտեղի՞ց է ծնվում պայքարելու որոշումը, երբ դժվարությունները անհաղթահարելի են, հնարավորություններդ՝ փոքր, ու անգամ չգիտես, թե ինչի՞ համար ես պայքարում:

-Որոշում ես չհանձնվել, ու վե՛րջ: Որոշում ես քայլ անել, եթե դեռ մի կաթիլ ուժ ունես: Երբեք չես դադարում առաջ շարժվել: Ու ընթացքում պարզում ես, որ ամեն փոքր հաղթանակից հետո նոր հնարավորություններ են բացվում քո առաջ, նոր ուժեր են հայտնվում քո հոգում ու մարմնում: Կյանքը քեզ նոր առաջադրանք է տալիս:

Ինձ տասը անգամ վիրահատեցին: Դեռ էլի են վիրահատելու: Բժիշկները արգելեցին ֆիզիկական ծանրաբեռնվածություն, այլևս չէի կարող ծառայել զորքերում: Թվում էր՝ ճակատագիրը խլել է իմ ամենանվիրական երազանքները: Բայց ես չընդունեցի իմ պարտությունը, չհանձնվեցի:

ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓԱՌՔԸ ՉԵՄ ԶԻՋԻ ՈՒՐԻՇԻՆ– Ընդամենը 22 տարեկան էիք այդ ժամանակ:

-Բայց զինվորական էի, սպա: Սկսեցի բազկամարտով զբաղվել: Ու ավելի մեծ սպորտային հաջողություններ ունեցա, քան այն ժամանակ, երբ դեռ չէի վիրավորվել: Դարձա Հայաստանի չեմպիոն:

Չկարողացա զորքեր վերադառնալ, բայց շարունակում եմ համազգեստ կրել ու զինվորների կրթել բանակի համար, որովհետև հիմա իմ հայրենի Արշալույս գյուղի դպրոցում նախնական զինվորական պատրաստություն եմ դասավանդում, զինղեկ եմ, իսկ դրանից առաջ նույն առարկան դասավանդում էի Վարդգես Համազասպյանի անվան քոլեջում: Այս ընթացքում երկրորդ մասնագիտությունն եմ ստացել, որ լրացնում է իմ առաջին մասնագիտությունը՝ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Միևնույն ժամանակ, մարզիչ եմ աշխատում «Լեգենդների մարզասրահում», մարզում եմ զինհաշմանդամներին:

«Լեգենդների մարզասրահը» հիմնել է մեր իրականության ամենամեծ լեգենդը՝ Հայկական բանակի սպա Սարգիս Ստեփանյանը, որը մարտական առաջադրանք կատարելիս կորցրել է 4 վերջույթներից երեքը: Նա այսօր ապրում է լիարյուն կյանքով ու շատ ավելի մեծ բարձունքներ է նվաճում, շատ ավելի մեծ գործ է անում Հայրենիքի համար, քան հազարավոր առողջ տղամարդիկ: Այսինքն՝ մարդու ուժը հոգու մեջ է, ու հոգով հաշմանդամները շատ ավելի թույլ են ու տկար, քան նույնիսկ երեք վերջույթները կորցրած քաջը: Սարգիս Ստեփանյանի օրինակը ինձ ուժ է տվել, նրա կենսագրությունը, նրա սխրանքը հարյուրավոր մարդկանց ստիպել է չհուսալքվել, հավատալ սեփական ուժերին ու ապրել: Ես ուզում եմ, որ իմ օրինակն էլ վարակիչ լինի, ուժ տա նրանց, ովքեր հանգամանքների բերումով ստիպված են անցնել ցավի ու դժվարությունների միջով:

Ես ամենաօրհասական պահին ամուր կառչեցի իմ երազանքներից, ներդրեցի ամբողջ ուժերս, կամքս, հավատս… ու հաղթեցի: Երջանիկ եմ, որ դարձյալ համազգեստ եմ կրում, դարձյալ բանակի հետ եմ, իմ աշակերտներն իմ «զինվորներն են», իսկ ես՝ նրանց «հրամանատարը»: Ես զինվորական ուսուցիչ եմ, դա հենց այն է, ինչ երազել եմ մանկուց: Ամեն ինչ անում եմ, որ Հայրենիքի, զինվորական գործի հանդեպ իմ սերը, իմ բարոյական ըմբռնումները, մարդկային ու հատկապես տղամարդկային որակների մասին իմ պատկերացումները փոխանցեմ աշակերտներիս…

-Այս հարցը գուցե այնքան էլ չի սազում մեր զրույցին, բայց ես ուզում եմ իմանալ՝ չե՞ն եղել հուսահատության պահեր:

-Երբ առաջին անգամ տեսա դեմքս, ավելի ճիշտ, տեսա, որ դեմքիս կեսը չկա, ուղեղս կարծես քարացավ: Դա մի կարճ ժամանակահատված էր, երբ չգիտեի անելիքս, չգիտեի՝ որտեղից սկսեմ: Այդ ժամանակ, բարեբախտաբար, կողքիս հայտնվեցին մարդիկ, որոնք խղճալու փոխարեն ինձ ուժ տվեցին: Հուշեցին՝ քեզ հերոսանալու հնարավորություն է տրված:

-Կյանքը Ձեզ ստիպեց անցնել մեծ ցավի ու դժվարությունների միջով: Գուցե Ձեր ճանապարհն այլ ընթացք ունենար, եթե ռազմական բուհն ավարտելիս չխնդրեիք Ձեզ ուղարկել ամենավտանգավոր սահմանագիծը պաշտպանելու: Անկեղծորեն, չե՞ք զղջում Ձեր ընտրության համար:

-Եթե հիմա էլ ընտրության առաջ կանգնեմ, կընտրեմ ամենադժվարը, ամենավտանգավորը, ամենաբարդը: 44-օրյա պատերազմի ժամանակ դիմեցի զինկոմիսարիատ՝ ռազմաճակատ գնալու խնդրանքով, բայց ինձ մերժեցին: Այդուամենայնիվ, գտա հնարը ու հասա Ստեփանակերտ….

Ես այլ կերպ չեմ կարող: Կփոքրանամ, կխեղճանամ, կկոտրվեմ, եթե սկսեմ տաքուկ տեղեր փնտրել՝ խիզախությունն ու փառքը զիջելով ուրիշներին:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1545) 26.09.2024 - 02.10.2024, Բանակ և հասարակություն


07/10/2024