Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ



ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸՍահմանի ողջ երկայնքով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պահպանությունը: Հենակետերից մեկում զրուցեցինք մեր դիրքապահների հետ, ծանոթացանք նրանց ծառայության առանձնահատկություններին:

Կրտսեր սերժանտ Գագիկ Մելիքսեթյանն ու շարքային Տարոն Եղիազարյանը պատմում են իրենց դիրքի, տղաների տրամադրվածության մասին:

-Այստեղ բոլորս գիտակցում ենք մեր առաքելության կարևորությունը: Գիտակցում ենք` ինչ է դիրքային ծառայությունը, հայրենիքի պաշտպան լինելը: Սահմանին ծառայությունն էլ ավելի է պարտավորեցնում լինել զգոն, ուշադիր, պատասխանատու: Իրավիճակը հանգիստ է, օրվա ընթացքում ցանկացած շարժ անմիջապես զեկուցվում է վերադաս հրամանատարությանը: Ըմբռնումով ենք մոտենում դժվարություններին: Անձնակազմի մարտական ոգին միշտ բարձր է: Յուրաքանչյուրը գերազանց պատրաստված է մասնագիտորեն, տիրապետում է մարտական հաշվարկով նախատեսված պարտականություններին, ամրակցված զինատեսակին,- ասում է Գագիկ Մելիքսեթյանը:

-Գնդացրորդ, շարքային Տարոն Եղիազարյան,- ներկայանում է երիտասարդը: -Ծառայում եմ արդեն 7 ամսից ավելի: Ժամկետային զինծառայությունս ավարտելուց   հետո չեմ բացառում ծառայության անցնել պայմանագրային հիմունքներով:

Տիրապետում եմ մարտավարական անհրաժեշտ հմտություններին, վստահ եմ ուժերիս ու գիտելիքներիս պաշարին:  Միշտ պատրաստ եմ մարտական խնդրի կատարմանը, ինչպես և մեր դիրքի մյուս տղաները: Ծառայությունը դժվար է, պատասխանատվությունը՝ մեծ, բայց չենք դժգոհում: Գիտենք, որ առաջին հերթին մեր ընտանիքների անդորրն ենք հսկում:

Քիչ անց սեղանի շուրջ նստած հյութ ենք խմում, թարմ մրգեր վայելում:

-Հյուրասիրվեք, մեր զորամասինն է, սեզոնային բոլոր մրգերի ու բանջարեղենի մեր բաժինն ուղարկում են, -ասում է տղաներից մեկը: Տարոնը ներկայացնում է ընկերոջը:

-Դիրքի խոհարարն է՝ կրտսեր սերժանտ Տիգրան Խաչատրյանը: Ամեն ինչ շատ համեղ պատրաստելուց զատ, նաև լավ գնդացրորդ է: Ավագ ընկեր է մեզ համար, քանի որ 18 ամսից ավելի ծառայության փորձ ունի:

Տղաները խոսում են իրենց առօրյայից, ծառայողական անցուդարձից: Բոլորն էլ միաբերան նշում են՝ իրենց ոգեշնչում, լրացուցիչ ուժ և վստահություն է հաղորդում այն հանգամանքը, որ բոլորը մեծ հավատ ունեն զինվորի հանդեպ:

-Մարտական հերթափոխի ժամանակ դիրքեր գնալիս մոտակա գյուղերի բնակիչները մեզ ճանապարհում են քաջալերանքի ամենաջերմ խոսքերով: Քաղաքացիական մեքենաները պարտադիր կանգնում են, ուղևորները բռունցքները վեր են պարզում ու գոռում. «Տղե՛րք ջան, մենք ձեր թիկունքին ենք»: Մենք էլ միշտ նույն պատասխանն ենք տալիս բոլորին. «Հանգիստ եղեք, սահմանը պաշտպանված է»:

ՀԱՅԿ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1545) 26.09.2024 - 02.10.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/10/2024