ԴԱՐՁԵԼ ԵՄ ԱՎԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ՀՀ զինված ուժերում կանանց ներգրավվածությունն ընդլայնվում է: Կանայք ընտրում են զինվորական ուղին՝ քաջ գիտակցելով թե՛ ռազմական գործի դժվարությունները, թե՛ պատվաբեր առաքելության մեջ իրենց մասնաբաժինն ունենալու մեծ պատասխանատվությունը: Շատերն անգամ զինվորական բարձրագույն կրթություն են ստանում, արտասահմանյան ռազմակրթական բուհեր գործուղվում։ Տարիներ առաջ էլ Մանե Ալոյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ էր։ Այժմ նա հրետանային դասակի հրամանատար է, ավագ լեյտենանտ:
-Մայրս է սերմանել հետաքրքրությունը զինվորական գործի հանդեպ: Փոքր էի, ինձ դուր էր գալիս զինվորական համազգեստը, կարգուկանոնը: Մեծացա ու զինվորական դառնալու որոշում կայացրի: 2016 թ. ընդունվեցի ռազմական ակադեմիա, ավարտեցի ու համալրեցի սպաների շարքերը:
Կուրսանտական տարիներին, երբ ինձ հարցնում էին, թե՝ ինչպե՞ս է անցնում քո առօրյան, պատասխանում էի՝ դժվար, շատ ծանրաբեռնված: Հիմա, երբ սպայական ուսադիրներ եմ կրում, պատասխանս փոխել եմ՝ ավելի շատ իմ պատասխանատվությունն է մեծացել, քանի որ արդեն պատասխանատու եմ ոչ միայն ինձ համար, այլև ենթականերիս:
Տարեցտարի կանանց ավելի հաճախ կարելի է տեսնել զորային օղակում, հրամանատարական տարբեր պաշտոններում։ Մանեին հարցնում եմ՝ ի՞նչ առանձնահատուկ անձնային որակներ պետք է ունենա կին զինծառայողը անձնակազմի հետ հաղորդակցություն կառուցելիս։
-Քանի որ իմ ենթակաները ժամկետային զինծառայողներ են, ինձ հաճախ հարցնում են՝ զինվորները քեզ լսո՞ւմ են, թե՞ ոչ: Պատասխանը միշտ նույնն է՝ իհարկե, լսում են: Իրենց հետ շատ հեշտ է աշխատել: Երբ դու հասկանում ես զինվորի հոգեբանությունը, ամեն ինչ հեշտանում է: Ես իմ ենթակաների հետ շփվում եմ ոչ միայն որպես սպա, նրանք իմ փոքր եղբայրներն են, մարդիկ, որ տնից հեռու են և ունեն ընտանեկան ջերմության, սիրո կարիք:
Մանեն առանձնացնում է նաև, որ կանանց ներկայությունը զորամասում տղամարդկանց օգնում է պահպանել ներդաշնակությունը միջանձնային հարաբերություններում, ծագած հակասությունները լուծել դիվանագիտորեն, խաղաղ ճանապարհով։ Այսպիսով ծառայողական մթնոլորտը շատ ավելի հաճելի է դառնում։
Ծով համբերատարության, սրտացավության և մասնագիտական բարձր արհեստավարժության շնորհիվ Մանեին հաջողվել է կարճ ժամանակում վաստակել հրամանատարության ու ենթակաների վստահությունն ու հարգանքը։ Ծառայությանը զուգահեռ Մանեն նաև հոգեբանության մագիստրոսի որակավորում է ձեռք բերել եւ բավականին արդյունավետ համադրել երկու մասնագիտությունները։
-Բանակն իմ մեջ շատ բան է փոխել, դարձել եմ պատասխանատու, հոգատար: Վերջերս ավարտեցի քաղաքացիական բուհի մագիստրատուրան՝ որպես հոգեբան, հիմա ավելի շատ տրամադրված եմ իմ հետագա ծառայությունը շարունակելու այդ ուղղությամբ՝ որպես ռազմական հոգեբան:
Դաշտային պարապմունքներ, զորավարժություններ, խիստ կանոնակարգված կենցաղ ու առօրյա, զենք, զինամթերք, համազգեստ… այս ամենն, իհարկե, գրավիչ է, բայց Մանեն ծառայել ցանկացող աղջիկներին խորհուրդ է տալիս լավ մտածել: Զինվորական ծառայությունն առաջին հերթին գերպատասխանատվություն է։
-Առաջին կամային հատկանիշը, որ կինը պետք է ունենա, բնավորությամբ շատ ամուր լինելն է: Չի կարելի հիասթափվել, միշտ պետք է պատրաստ լինել վերելքների ու վայրէջքների: Այն աղջիկները, որոնք պատրաստ են դրան և ուզում են բանակում ծառայել, թող առանց երկմտելու համալրեն մեր շարքերը: Հայրենիքի պաշտպանությունն, իհարկե, բոլորի պարտքն է: Թիկունքում, թե առաջնագծում կինը ևս հնարավորություն պետք է ունենա մասնակցելու իր երկրի պաշտպանության գործին, բայցև չմոռանալով, որ ինքը կին է, ընտանիքի սյունն ու հենարանը։
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #32 (1545) 26.09.2024 - 02.10.2024, Ազգային բանակ