Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ



ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆՏանկի նախատիպի հեղինակը, ենթադրաբար, նկարիչ, քանդակագործ, գյուտարար Լեոնարդո դա Վինչին է: Աշխատելով Միլանի դքսի համար՝ նա ստեղծել է զրահավորված մեքենա` հագեցած 8 զինվորների կողմից կառավարվող 36 հրազենով: Դա փայտե «արկղ» էր անիվների վրա՝ կրակելու համար հարմարեցված անցքերով։ Սակայն այս տեսակը լայնորեն չի օգտագործվել և շուտով մոռացվել է։

***

Տանկերն առաջին անգամ գործածվել են Առաջին աշխարհամարտի ժամանակ: Մարտական այս մեքենաները ռազմաճակատ ուղարկելուց առաջ բրիտանական հակահետախուզությունը լուրեր էր տարածում, որ, իբր, ռուսական կառավարությունը Անգլիային պատվիրել է խմելու ջրի համար նախատեսված ցիստեռների մեծ խմբաքանակ: Երկաթուղով տեղափոխվող քողարկված տանկերի վրա հենց այդպես էլ գրված էր` water tank (ջրի բաք): Այդ կոդավորումն այդպես էլ մնաց որպես անվանում (անգլերեն tank-բաք, ցիստեռն):

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆԱռաջին տանկը 28 տոննա քաշով տրանսպորտային միջոց էր՝ 5-ից 12 մմ հաստությամբ զրահով, արտադրված սպառազինության երկու տարբերակով՝ գնդացիր կամ թնդանոթ։ Քաղաքացիական տրակտորից վերցված 105 ձիաուժանոց շարժիչը տանկին ապահովում էր ընդամենը 6,4 կմ/ժ առավելագույն արագությամբ։ Առաջին նմուշների դիզայնը չափազանց անկատար էր, կային տեխնիկական զգալի թերություններ: Այնուամենայնիվ, տանկերը կարողացան հասնել զգալի հաջողությունների՝ ավանդական մեթոդների կիրառմամբ հարձակման համեմատ: Մեծ դեր ունեցավ նաեւ հոգեբանական հսկայական ազդեցությունը՝ երկաթե հսկաների երևալուն պես հակառակորդի զինվորները խուճապի էին մատնվում։ Աստիճանաբար տանկը դարձավ ցամաքային ուժերի հիմնական հարվածային ուժը:

***

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆԵրկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Աֆրիկայում կռվող գերմանական տանկային անձնակազմներն անսովոր ծես էին օգտագործում՝ նրանք հավատում էին, որ իրենց տանկերը ուղտի թրիքի կույտի վրայով վարելը հաջողություն կբերի։

Բրիտանացի զինվորականները տեղեկացել էին այս ավանդույթի մասին և խորամանկ ծրագիր մշակել: Նրանք հակատանկային ականները թաքցնում էին ուղտերի թարմ կեղտի տակ եւ հաջողության ծեսը վերածվում էր տանկի հրաժեշտի «ծիսակատարության»:

***

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆՏանկաշինության բնագավառում փոքր չէ նաեւ հայ գիտնականների ավանդը: Հ. Թեւոսյանի գլխավորությամբ աշխարհում առաջինը բլյումինգների (բարձր արտադրողականությամբ գլոցման հաստոց) վրա գլանեցին զրահային պողպատ: Հենց այդ պողպատով զրահապատված խորհրդային տանկերը պատմության ամենադաժան` Կուրսկի տանկային ճակատամարտում ընդհարվեցին այն ժամանակ գերմանական նորագույն տանկերի հետ և ցրեցին դրանց անխոցելիության մասին տարածված առասպելը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թնդանոթների նոր, առավել կատարյալ տեսակներ ստեղծելու եւ բանակը դրանցով ապահովելու գործում առանցքային դերակատարում է ունեցել հայ ժողովրդի զավակ, պետական ու ռազմական գործիչ, ինժեներահրետանային ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյանը: Նրա ղեկավարած հրետանային գործարանում արտադրվել են 85 մմ տրամաչափի 2 կմ հեռահարությամբ թնդանոթներ տանկերի համար:

***

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆԲոլոր պատերազմներն իրենցից հետո «հետք» են թողնում: Միլիոնավոր դոլարներ են ծախսվում մարտական մեքենաների ստեղծման համար, իսկ այսօր երբեմնի ռազմական հզորության խորհրդանիշները լքված թափված են երկրագնդի տարբեր անկյուններում: Այդպիսի օրինակ է Քուվեյթում գտնվող տանկերի ամենամեծ գերեզմանոցը: Այն ստեղծվել է 1991 թվականին՝ Պարսից ծոցում ընթացող պատերազմի հետեւանքով: Այդ ժամանակահատվածում երկիրն ահռելի վնասներ կրեց և չուներ միջոցներ շարքից դուրս եկած տեխնիկան վերանորոգելու համար: Արդյունքում ընտրվեց ամենահարմար տարբերակը՝ տեխնիկան տեղափոխեցին մոտակա անապատային տարածք:

***

Խորհրդային բանակում հատուկ վարժեցնում էին շուն-մահապարտներ: Կենդանին ռումբը հասցնում էր թշնամու տանկի մոտ, ատամներով բացում փականն ու փախչում: Թե որքանով են արդյունավետ գործել այս շները, ստույգ տվյալներ չկան: Հայտնի է, որ միայն Կուրսկի ճակատամարտում ծառայողական 16 շուն պայթեցրել է գերմանական 12 տանկ:

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (1546) 04.10.2024 - 11.10.2024, Պատմության էջերից


16/10/2024