ԼԵՌՆԱԳԱԳԱԹԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է
Զինված ուժերում արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի տարբեր լեռնագագաթներ բարձրանալը: ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի օրը մեր զինծառայողները «Լեռնագագաթի հաղթահարում՝ խմբի կազմով» ստուգատեսի շրջանակում նվաճեցին հերթական բարձունքը։ ԶՈՒ զորամիավորումները, հետախուզական ստորաբաժանումները, ռազմական ակադեմիան և խաղաղապահ ուժերի բրիգադը ներկայացնող թիմերը բարձրացան Խուստուփ լեռան գագաթը։
Մասնակիցների լրացուցիչ հրահանգավորումից հետո մրցավարի ազդանշանով սկսվում է իր բնույթով եզակի արշավը։ Ոչ ոք չէր պատրաստվում զիջել դիրքերը։ Լարելով ուժերը՝ զինծառայողներն անցան ավելի քան 15 կիլոմետր ճանապարհահատված, որի մեծ մասը թեք սարալանջն էր։
Լեռնալանջին ինքնաձիգի և սաղավարտի ամեն մի կիլոգրամը կրկնապատկվել էր՝ դանդաղեցնելով զինծառայողների ընթացքը։ Դժվարությունները, սակայն, ի զորու չէին նվազեցնելու մասնակիցների համառությունն ու առաջադրված խնդիրը րոպե առաջ կատարելու պատրաստակամությունը։
Առաջինը, զգալի ժամանակային առավելությամբ, լեռնագագաթը նվաճեց հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկը ներկայացնող թիմը։ Երկրորդ պատվավոր տեղն զբաղեցրեց ռազմական ակադեմիայի հավաքականը, առաջատար եռյակը եզրափակեց երրորդ բանակային զորամիավորման ընտրանին։
Մասնակիցները խոստովանում են՝ դժվար էր վերելքը, բայց իրենց համար պատիվ էր ՀՀ անկախության օրը Խուստուփի լեռնագագաթին դիմավորելն ու նշելը։ Իսկ հաղթող թիմի ավագն ասում է.
-Անընդհատ նայելով լեռնագագաթի վերին հատվածին՝ ոգևորում էինք իրար՝ գագաթը մեզ է սպասում, առաջինը մենք պիտի լինենք այնտեղ: Խնդրի գերազանց կատարումից հետո զգացողություններն աննկարագրելի էին: Հիմա առավել քան պատրաստ ենք հետագա այլ խնդիրների կատարմանը: Իսկ գերազանց արդյունքի գաղտնիքը մեկն է՝ քրտնաջան աշխատանք, ուժերի կենտրոնացում մեկ նպատակի շուրջ՝ ապացուցել, որ լավագույնն ենք:
Մասնակիցներից Նաիրի Գալոյանը նշում է.
-Ճիշտ է՝ ճանապարհը բավականին երկար էր, բարձունքը՝ բարդ, սակայն անձնակազմի համախմբվածությունը և ստորաբաժանումների ներդաշնակված լինելը թույլ տվեց ժամանակին հասնել նշված կետին:
Մխիթար Գիշյանը առաջին անգամ էր մասնակցում նման մրցարշավի:
-Տպավորություններս շատ բարձր են: Ամբողջ ընթացքում ադրենալինի չափաբաժինն ու վերելքն առաջինը հաղթահարելու ցանկությունը անսահման մեծ էին: Օրվա խորհուրդը մեծ նշանակություն ունեցավ, նպաստեց ավելի պատրաստակամ, վճռական, հպարտորեն մասնակցելու: Տոն օրերին նման վայրերում միջոցառում կազմակերպելը հաստատ դրական ազդեցություն կունենա նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը:
Մրցույթի ավարտին հենց լեռնագագաթին անցկացվեց երեք մրցանակային տեղերն զբաղեցրած թիմերի պարգևատրման արարողությունը։ Հավաստագրերն ու մեդալները հաղթող հավաքականների անդամներին հանձնեց ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը։ Ամփոփելով արդյունքները՝ գնդապետն ասաց.
-Այս տարվա առաջնությունը չափազանց բարդ էր, քանի որ մինչ լեռնագագաթը հաղթահարելը զինծառայողները խմբի կազմում անցան 10 կմ բավական բարդ ճանապարհ: Մենք տեսանք թիմային պայքար, հաղթելու ցանկություն, այնպես, ինչպես վայել է իսկական զինվորականին:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Խորագիր՝ #33 (1546) 04.10.2024 - 11.10.2024, Ազգային բանակ