ՊԱՏՎՈՎ ԿԿՐԵՆ ՍՊԱՅԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
Ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտում ուսումնական առօրյան աշխույժ փուլում է: Կուրսանտները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց մասնագիտական առարկաներից բարձր արդյունքներ գրանցելու համար: Նրանց շարքում են նաև նորեկները, որ ընդամենը մեկ ամիս ապրելով կուրսանտական առօրյայով, բավականին փորձ ու գիտելիք են ձեռք բերել և խոստանում են պատվով կրել սպայի ուսադիրները:
Հերթական դասաժամն է։ Ունկնդիրները առաջին կուրսի կուրսանտներն են։ Առաջին շարքում Լիլիթ Հովհաննիսյանն է։
-Ռազմական բուհ ընդունվելու որոշումը կայացրել եմ դեռ 13-14 տարեկանում, երբ իմացա, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կա աղջիկների ընդունելություն: Հաճախել եմ ԱԹՍ դասընթացների և այստեղ էլ ընտրել եմ նույն մասնագիտությունը:
Լիլիթն անչափ տպավորված է բուհի ընձեռած հնարավորություններից։ Առանձնացնում և կարևորում է գերազանց ուսումնառությանը նպաստող յուրահատուկ մթնոլորտը։
-Ինձ դուր է գալիս այստեղի ծառայությունը, կարգուկանոնը, կարգապահությունը, յուրաքանչյուր սպայի հարգանքը, վերաբերմունքը, դա ինձ համար առաջնային է: Մեր բանակը կարիք ունի սպաների, որ պետք է կատարելագործվեն, ունենան բարձր մակարդակի գիտելիքներ և զարգացնեն բանակը: Գիտակցում եմ յուրաքանչյուր դժվարություն, բայց նաև գիտեմ, որ տքնաջան աշխատանքի արդյունքում դրանք հաղթահարելի են: Ռազմաօդային ուժերի ինստիտուտում ես տեսնում եմ այդ հնարավորությունը:
Ինստիտուտում ուսումնառության առաջին քայլերն է անում նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մեկ այլ շրջանավարտ՝ կուրսանտ Կարապետ Դարբինյանը։ Լինելով սպայի զավակ՝ լավ գիտի ծառայության դժվարություններն ու սահմանափակումները։ Ոչինչ, սակայն, ի զորու չի եղել հետ պահելու նրան զինվորականի բարդ ու պատասխանատու մասնագիտության և կենսակերպի ընտրությունից։
-Սպայի ընտանիքից եմ: Փոքրուց տեսել եմ հորս համազգեստով, ու ինձ ձգել է ծառայությունը: Կարող է շաբաթներով տուն չգար հայրս: Երբեմն գալիս էր ուշ գիշերով, երբ քնած էինք լինում, առավոտ շատ շուտ էլ գնում էր, ու չէինք հասցնում տեսնել նրան: Գիտեմ համազգեստի ծանրությունը, գիտեմ՝ ինչ է ինձ սպասում ապագայում, ու դա խոչընդոտ չի եղել, որ գամ այստեղ:
Շարունակելով խոսքը՝ Կարապետն անդրադառնում է կուրսանտներին տրամադրվող անհատական օգտագործման համակարգիչներին, դրանց միջոցով ներքին ցանցին միանալու, մասնագիտական գիտելիքների ընդգրկուն շտեմարանից օգտվելու հնարավորությանը։
-Դասերն անցկացվում են նոր տարբերակով, ինչն էականորեն ավելացնում է արդյունավետությունը: Ուսուցիչը ցանցում տեղադրում է տվյալ օրվա դասի նյութը, մենք ինքնապատրաստության ժամին այն ուսումնասիրում ենք և արդեն պատրաստված ներկայանում դասին: Ուսուցումն անցնում է ավելի շատ քննարկման ձևաչափով:
Կուրսանտները խոսում են ռազմական բուհից առաջին տպավորությունների մասին: Առանձնացնում են ձեռնամարտի, սամբոյի, ձյուդոյի, լողի, ձիասպորտի և սուսերամարտի խմբակների առկայությունն ու մասնագիտական ուսումնառությանը զուգահեռ՝ օտար լեզուներ յուրացնելու հնարավորությունը, ինչը շատ ավելի արդյունավետ ու հետաքրքիր է դարձնում ուսումը։
Ապագա սպաները վստահեցնում են՝ պատրաստ են ուսումնառությունից քաղել առավելագույնը՝ հայրենիքը պաշտպանելու ունակ արհեստավարժ և ուսյալ սպայի ուսադիրները պատվով կրելու համար։ Կարապետն ամփոփում է զրույցը.
-Մայրս կոլեկտիվում իմ մասին խոսում է հպարտորեն, ու ես իմ ուսումով պիտի ցույց տամ, որ մայրս տեղ ունի հպարտանալու իր որդով: Հայրս էլ ինձ ասում էր՝ կարող է այնպես պատահել, որ մնաս դու և քո գիտելիքները, ուրիշ ոչ մեկը չի օգնելու քեզ այդ դժվար պահից դուրս գալու: Ես սովորում եմ, որ իմ գիտելիքներով պատրաստ լինեմ ցանկացած իրավիճակի:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Խորագիր՝ #33 (1546) 04.10.2024 - 11.10.2024, Ազգային բանակ