Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀՐԵՏԱՆՈՒ ՄԱՍԻՆ



ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀՐԵՏԱՆՈՒ ՄԱՍԻՆՀրետանին բազմադարյան պատմություն ունի։ Այն փոխարինելու եկավ Հին Արևելքի երկրներում՝ Եգիպտոսում, Չինաստանում և այլուր ծնունդ առած պարսպակործան տեխնիկային։

Եվրոպայում հրետանու օգտագործման առաջին վկայությունները հայտնաբերվել են Ֆլորենցիայում: Արձանագրությունների համաձայն՝ ձուլարաններ են վարձվել Ֆլորենցիայի զինանոցի համար բրոնզից թնդանոթներ արտադրելու համար:

Սկզբնական շրջանում «տարօրինակ նոր զենքեր» ստեղծողներն ու դրանցով կրակողները մեղադրվում էին կախարդության մեջ։

***

Վաղ շրջանում հրետանային միջոցները տեղաշարժում էին ձիերի միջոցով: Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա Նիկոլո Մաքիավելին իր աշխատություններից մեկում գրել է, որ իտալական հրետանին քաշում էին եզները, և սովորաբար այն շատ ուշ էր հասնում մարտադաշտ:

XV դարում զարգացած բանակներում սկսեցին կիրառել հրետանու անվավոր հենոցները, որոնք նշանավորեցին անցումը անշարժ փայտե կոճղերից շարժական հրետասայլերին։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀՐԵՏԱՆՈՒ ՄԱՍԻՆԱրդեն 17-րդ դարում լայն տարածում ստացավ հրանոթների և արկերի ձուլումը թուջից, դրանց պատրաստման գործընթացում նկատվեց որոշակի համահարթեցված մոտեցում: Միևնույն ժամանակ, աճեց հրետանու դերը պատերազմներում:

Ավելի ուշ հրանոթներն սկսեցին ձուլել պղնձից ու բրոնզից։ Դա հնարավորություն տվեց նշանակալիորեն արագացնել և դյուրացնել հրանոթների արտադրությունը, բարելավել դրանց կառուցվածքը:

***

Ժամանակի հետ հրետանային միջոցներն ավելի ու ավելի էին զարգանում, փոփոխություններ էին տեղի ունենում նաեւ զենքերի դիզայնի մեջ՝ կախված դրանց նպատակից: Իսպանացի զինվորական ինժեներ Լուիս Կոլադոն (16-րդ դար) իր գրվածքներում առանձնացնում է հրետանու երեք տեսակ համապատասխան հիմնական գործառույթներով՝ թշնամու աշխատուժի ոչնչացում, ամրոցների պատերի քանդում եւ թշնամու նավատորմի խորտակում:

***

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀՐԵՏԱՆՈՒ ՄԱՍԻՆ1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմը հրետանու հետագա զարգացման ազդակ ծառայեց։ Այդ պատերազմում առաջին անգամ կիրառվեց փակ դիրքերից կրակ վարելու եղանակը, ծնվեց հրետանային սպառազինության նոր տեսակ՝ ականանետը։

XX դարի 20-30-ական թվականներին բոլոր երկրներում տարվում էին հրետանու արդիականացման, թեթև ու ծանր հրանոթների, հակատանկային նոր նմուշների ստեղծման աշխատանքներ։

Հրետանու հետագա զարգացումը կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: Այդ տարիներին արագընթաց զարգացավ հատկապես ռեակտիվ, զենիթային, հակատանկային, ինքնագնաց հրետանին: Խորհրդային բանակը կիրառեց «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, որը էապես նպաստեց տվյալ ուղղության զարգացմանը:

Հրետանին այսօր էլ անընդհատ կատարելագործվում է: Օգտագործվում են ձուլման նոր, ժամանակակից նյութեր, ավելանում է հրետանու հեռահարությունը, կրակի ճշգրտությունը: Անկախ այլ զորատեսակների, տեխնոլոգիաների զարգացումից, հրետանին մնում է ցամաքային ուժերի աջակցման հիմնական միջոցը: Ժամանակակից ոչ մի մարտ չի սկսվում առանց հրետանային նախապատրաստության:

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #34 (1547) 14.10.2024 - 21.10.2024, Պատմության էջերից


25/10/2024