ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ
Մարտական հերթապահությունը դիրքերում շարունակվում է: Կարգապահություն և նվիրում՝ սա է ամենակարևորը դիրքային ծառայությունն անթերի կազմակերպելու համար: Մեր սպաները, պայմանագրայիններն ու ժամկետայինները ամենօրյա պատրաստությամբ, զգոն և աչալուրջ ծառայությամբ լիարժեք իրականացնում են իրենց պարտականությունները:
Այս դիրքերում միանգամից երեք տարբեր կարգավիճակ ունեցող զինվորականներ են հերթապահում՝ ժամկետայիններն են, պայմանագրայինները, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները: Սա պատահականություն չէ։ Հրամանատարությունն է որոշել առաջին անգամ դիրքեր բարձրացող ժամկետայինների և ավագների ծառայությունը համատեղել։ Փորձի փոխանակում է, կանոնադրային հարաբերությունների ամրապնդում, արագ հարմարվելու հնարավորություն՝ պատասխանատու առաքելությունում։
Ամռան ամիսներն անձնակազմն օգտագործել է դիրքը կահավորելու, ավելի պաշտպանված դարձնելու, վերազինելու համար։ Համազորայինների թիկունքում հրետանավորներն են, որ հարկ եղած դեպքում ցանկացած պահի աջակցելու են յուրայիններին։
Գարեգին Ավագյանը դիրքի ժամկետային զինծառայողներից է: Ծառայում է նվիրվածությամբ՝ սովորելով ավելի փորձառուներից, զարգացնելով զինվորական գիտելիքները:
-Բոլորիս խնդիրը մեկն է՝ ապահովել մեր երկրի անվտանգությունը, դրանից կարևոր բան չկա, -ասում է Գարեգինը: -Հրամանատարները անընդհատ մեր կողքին են, անհրաժեշտ ամեն ինչ սովորեցնում են:
Մյուս դիրքապահը՝ Արգիշտի Եփրեմյանը, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուներից է:
-Ժամկետային ծառայությանս վեց ամիսը լրանալուն պես պայմանագիր եմ կնքել, տեղափոխվել իմ նախընտրած զորամաս, այնուհետև անցել մարտական հերթապահության: Ամեն օր աշխատել եմ ինձ վրա: Պարապմունքների ժամանակ սովորածը ինձ բավական չէր, երբեմն նույնիսկ հանգստի ժամին լրացուցիչ պարապում էի, որ ունակություններս ավելացնեմ: Ու հիմա ամեն ինչ շատ լավ է, մասնագիտորեն լիարժեք պատրաստված եմ: Իսկ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ինձ հնարավորություն է տվել հայրենիքիս առջև պարտքս կատարելուց բացի ընտանիքիս կողքին լինելու, գումար աշխատելու:
Դիրքի պայմանագրայիններն առնվազն տասնամյա փորձառությամբ, մարտական ուղի անցած տղաներ են: Տարբեր ժամանակներում և տարբեր իրադրության պայմաններում ծառայելով՝ լավ գիտեն՝ ինչպես դիրքը պահել, ինչպես ապահովել իրենց ու թիկունքի անվտանգությունը։ Նրանցից մեկը Սևադա Մանգասարյանն է:
-Ծառայությունը խիստ կանոնակարգված է, կազմակերպված է յուրաքանչյուր մանրուք հաշվի առնելով: Տղաների հարաբերություններն այնքան ջերմ են, որ ծառայավայրը մեր երկրորդ տունն է դարձել: Պարբերաբար մասնակցում ենք հավաքների: Տարիների փորձը ցույց է տալիս, որ պետք է շարունակաբար կատարելագործենք մեր հմտությունները ծառայության ընթացքում, առաջնագծում չթերանալու համար: Այժմ էլ պատրաստվում ենք ատեստավորմանը, փորձելու ենք հասնել լավ արդյունքների,- ասում է Սևադան:
Դիրքում հատուկ ուշադրություն են դարձնում դիտորդի պարտականությունների իմացությանը, զգոնությանն ու անվտանգության կանոնները պահելուն: Զենքը պարբերաբար ու լիարժեք սպասարկելն էլ, բնականաբար, պարտադիր է։ Այս ամենին աչալուրջ հետևում է հրամանատարական կազմը: Ստորաբաժանման հրամանատար Գարիկ Մելքոնյանը խոսում է ծառայության կազմակերպման մասին:
-Մեր փորձը փոխանցում ենք ենթականերին, հատկապես շատ ենք աշխատում նորեկների հետ: Մեր խորհուրդներով, մասնագիտական օգնությամբ միշտ զինվորի կողքին ենք, ունենում ենք նաև անհատական զրույցներ: Բոլորը պատրաստ են իրենց մարտական խնդրի և առաջադրանքի կատարմանը: Մեծ ուշադրություն ենք դարձնում մարտական պատրաստության համալիր պարապմունքներին, որ զինծառայողների պատրաստվածությունը բարձր աստիճանի լինի:
Մարտական այս դիրքի «բնակիչները» հիմնականում անմիջապես թիկունքում գտնվող համայնքներից են: Բոլորը գիտակցում են, որ պահում են ոչ միայն հայրենիքի սահմանը, այլև պաշտպանում են անմիջապես իրենց տունն ու ընտանիքը։ Եվ սա ստիպում է կրկնապատկել զգոնությունը, ջանքերը՝ անխոցելի և անպարտելի լինելու համար։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #34 (1547) 14.10.2024 - 21.10.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում