ՀԱՅՐԵՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Եգանյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո իր ծննդավայր Սարիգյուղում բացել է հացի ու հացաբուլկեղենի թխման արտադրամաս: Անցել է 7 տարի, ու այսօր նա հացով ապահովում է Սարիգյուղը, մերձակա գյուղերը, ինչպես նաև տարածաշրջանի 8 գյուղերի դպրոցները: Դավիթ Եգանյանը 2019 թվականին արժանացել է «Տարվա լավագույն երիտասարդ գործարար» տիտղոսին: Նա լավագույններից մեկն էր նաև բանակում: Ծառայության ընթացքում քանիցս ճանաչվել է «Զորամասի լավագույն զինծառայող»:
Դավիթ Եգանյանը կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին: Իսկ 2023 թվականին վարժական հավաքների ամփոփիչ արդյունքներով ստացել է սպայի զինվորական կոչում:
-Դավի՛թ, նախքան մեր զրույցը ես ծանոթացա Ձեր ծննդավայրի պատմությանը, ներկային, ու ինձ զարմացրեց մի փաստ՝ Սարիգյուղում կա հացի արտադրամաս, շինանյութի խանութ, կերի մասնագիտացված խանութ… Այս «քաղաքային» բարեկեցությունը բնորոշ չէ հեռավոր սահմանային գյուղերին: Ինչո՞վ է Սարիգյուղը առանձնահատուկ:
-Մեր գյուղը փռված է երկու սարերի զառիթափ լանջերին ու անչափ գեղեցիկ է: Սարիգյուղի խորհրդանիշը հնամենի սոսին է, որը Աշոտ Երկաթն է տնկել: Երբ ես փոքր էի, մեր տան դիմաց ճաշարան կար, որտեղ կենդանի երաժշտություն էր հնչում: Ես առավոտ կանուխ մի բաժակ հյութ էի խմում այնտեղ: Ինչպես ասում էր Գրիգոր պապը, որը ճաշարանի տերն էր, միշտ «սվթեն» էի, այսինքն՝ առաջին այցելուն: Մեր ճաշարանը հայտնի էր ամբողջ Հայաստանում: Միայն այնտեղ էին պատրաստում Գրիգոր պապի հայտնի կարտոֆիլով քաբաբը, որի համից չէիր կշտանա: Ճաշարանը միջպետական ճանապարհի վրա էր, ու կարտոֆիլով քաբաբի համբավը անգամ Վրաստան էր հասել: Ճաշարանում էր աշխատում Աղուն տատը: Նա տեղացի չէր, եկվոր էր ու ժամանակին ֆրանսիացի հայտնի դերասան Լուի դը Ֆյունեսի խոհարարն էր եղել: Աղուն տատի նրբահամ խորտիկները Հայաստանի ոչ մի ռեստորանում չէիր գտնի: Հաճախ Մադաթյան Էդոն՝ ինքնուս բանաստեղծը, երգահանն ու երգիչը, Սարիգյուղի գովքն էր անում՝ սրտաբուխ գեղգեղալով իր հորինած երգերը, հետո անցնում էր կողքի գյուղերին: …Ես այնքան ամուր եմ կապված այս ամենին, այնքան եմ ներծծված հիշողություններով, որ ինձ անհնար է բաժանել իմ մանկությունից: Բառերով չեմ կարող բացատրել, թե ինչու է դա ինձ համար այդքան կարևոր, բայց օրվա մեջ ինչ-որ բան պակաս կլինի, եթե ես չբարևեմ Վասիլ բիձուն ու չլսեմ մեր հարևան Ջեմիկ տատի օրհնանքը: Հարցնում էիք, թե ինչո՞վ է առանձնահատուկ Սարիգյուղը: Սերը կարող է առանձնահատուկ դարձնել ամեն ինչ: Ձեզ նույն պատասխանը կտան այն տղաները, որոնք չհեռացան գյուղից, չմտածեցին իրենց բիզնեսի շահութաբերության մասին ու գործ դրեցին Սարիգյուղում, որ կյանքը հարազատ ծննդավայրում դառնա ավելի հարմարավետ ու բարեկեցիկ:
-Հայրենասիրությունը վարակիչ է, Սարիգյուղը կարող է օրինակ լինել շատերի համար:
-Ես հայրենասիրություն բառի փոխարեն նախընտրում եմ հայրենագործություն բառը: Իրոք, լավ գործը վարակիչ է: Մի օր նկատեցի, որ հայրենիքը պաշտպանելիս զոհված հերոսների արձանը անխնամ տեսք ունի: Անմիջապես զանգեցի ընկերներիս, համապատասխան գործիքներ վերցրինք ու գնացինք, որ տարածքը կարգի բերենք: Կարճ ժամանակ անց համարյա ամբողջ գյուղը հավաքվեց արձանի շուրջ. ջահել, ահել, մեր ու մանուկ ինքնաբուխ եկել ու գործ էին անում:
Երբ ես փոքր էի, ու իմ երազանքները միայն իմ մասին էին, ցանկանում էի դերասան դառնալ՝ փառք, ճանաչում, շքեղություն… Բայց ինձ շրջապատող մարդկանց կենսագրությունը այլ մտքեր էր հուշում: Մորս օրինակը բերեմ, նա 43 տարվա մանկավարժ է, դասվար, սարիգյուղցիների 11 սերնդի տառաճանաչ է դարձրել, փոխանցել առաջին հմտությունները, լավի ու վատի մասին առաջին պատկերացումները: Երբ եկավ մասնագիտության ընտրության ժամանակը, ես սկսեցի մտածել՝ ի՞նչ սովորեմ, որ պետք լինի իմ գյուղին: Ու ընտրեցի զբոսաշրջությունը: Ընդունվեցի Երևանի պետական համալսարանի տուրիզմի բաժինը: Երազում էի Սարիգյուղը հռչակել աշխարհով մեկ: Բայց երբ վերադարձա բանակից, իմացա, որ այդ բաժինը համալսարանում փակվել է, և կրթությունս շարունակեցի պատմության ֆակուլտետում: …Իսկ հիմա հացթուխ եմ:
-Հացի արտադրամասին ավելի ուշ անդրադառնանք, հիմա խոսենք Ձեր զինծառայության մասին:
-Հայրենիքի պաշտպանությունը ամենակարևորն է հայրենագործության մեջ: Ես զորակոչվեցի այն գիտակցումով, որ սկսվում է կյանքիս ամենապատասխանատու ու ամենանշանակալի փուլը, ուստի՝ պիտի ներդնեմ ամբողջ ուժերս, կամքս, համառությունս, աշխատասիրությունս, համարձակությունս, որ լավ զինվոր դառնամ: Զրույցի ընթացքում առաջին անգամ պիտի արտաբերեմ մի նախադասություն, որ հպարտությամբ է լցնում սիրտս՝ ես տանկի հրամանատար եմ: Չգիտեմ՝ սիրել բառը այստեղ ճիշտ է, թե ոչ, բայց ես սիրում էի տանկը: Ինձ համար այդ երկաթե հրեշը ուժի, քաջության, պատվի խորհրդանիշ էր:
Ես լավ զինվոր եմ եղել: Իմ նկարը զորամասի պատին՝ օրինակելիների շարքում էր նույնիսկ ծառայությունս ավարտելուց տարիներ անց: Ես բազմաթիվ խրախուսական արձակուրդներ եմ ստացել, 8 ամիս անընդմեջ ճանաչվել եմ «զորամասի լավագույն զինծառայող»:
-Դուք մի քանի հատկանիշ նշեցիք, այդ թվում՝ համառություն, կամք, աշխատասիրություն… դրանք բանակո՞ւմ են ձևավորվել, թե քաղաքացիական կյանքում:
-Ես միշտ էլ աշխատասեր եմ եղել: Ընտանիքս ապահովված էր, բայց ես 14 տարեկանից իմ վաստակած փողն եմ ծախսել: Խոտ էի բարձում, անտառից հավաքած փայտ էի վաճառում: Համառությունը նույնպես շատ բնորոշ է իմ խառնվածքին: Հիշում եմ՝ 8-րդ դասարանում խոստացա ու անգիր արեցի «Տաղ Վարդավառի»-ն: Գրաբար տեքստը դժվարությամբ էի մտապահում ու շատ տանջվեցի, բայց կատարեցի խոստումս: …Բանակն ամրապնդում է բոլոր դրական հատկանիշներդ: Բանակը կտրում է բոլոր կապերդ ու կախվածություններդ: Առաջին անգամ կանգնում ես սեփական ոտքերիդ վրա, սովորում ես քեզ կառավարել: Բանակը քեզ տալիս է մարդաճանաչություն ու ինքնաճանաչություն: Այն յուրատեսակ վարժանք ու քննություն է կյանք մտնելուց առաջ:
-Ի՞նչ եք արել զինծառայությունից հետո եւ ինչպե՞ս եք արժանացել «Տարվա լավագույն երիտասարդ գործարար» տիտղոսին:
-Զորացրվելուց հետո կասկած չկար, որ պիտի գյուղում ապրեմ ու աշխատեմ: Սկսեցի մտածել, թե ինչի կարիք ունեն իմ համագյուղացիները: Հիշեցի, որ հացը հեռվից են բերում, ու որոշեցի ամեն օր տաք, անուշահամ հաց դնել սարիգյուղցիների սեղանին: Կարիք չկա պատմելու, թե ինչ դժվարությունների միջով եմ անցել, դա ինքնին հասկանալի է: Անկեղծ ասած՝ ցանկությունս այնքան մեծ էր, ու այդ գործն այնքան սրտովս էր, որ դժվարությունները չնչին էին թվում: Երբ առաջին անգամ թարմ հացի հոտը բռնեց թաղը, անպատմելի երջանիկ էի: Գուցե գերզգայուն թվամ՝ բայց իմ սիրուց մի մասնիկ տաք հացի տեսքով ամեն օր մտնում է սարիգյուղցիների տները, հասնում մերձակա գյուղերի դպրոցների աշակերտներին… Ես պատմաբանի դիպլոմով, բարձրագույն կրթությամբ հացթուխ եմ: Ու այս աշխատանքը ինձ երջանկություն է բերում: Նաև ծաղկի տեսքով բուլկիներ եմ թխում, և պատրաստման գաղտնիքը միայն ես գիտեմ:
-Ի՞նչ երազանքներ ունեք:
-Ես 20 տարեկանում ամուսնացել եմ ու արդեն 2 որդի ունեմ՝ Հովհաննես-Նժդեհս ու Վահագնս: Ուզում եմ, որ նրանք հզոր Հայաստանում ապրեն: Ես կամավոր մասնակցել եմ 44-օրյա պատերազմին, և դրանից հետո հզոր Հայաստանի երազանքը դարձել է սևեռուն նպատակ ինձ համար: Ուզում եմ՝ իմ գյուղը ցուցադրական դառնա ամբողջ Հայաստանում իր բարեկեցությամբ ու հարմարավետությամբ: Ուզում եմ՝ հարազատ ծննդավայրը սեփական ձեռքերով դրախտ դարձնելու սարիգյուղցիների ջանքը վարակիչ լինի բոլորի համար:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #34 (1547) 14.10.2024 - 21.10.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում