Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ



ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԶրույց Ռազմական ակադեմիայի՝ Ք. Իվանյանի անվան հրետանու ֆակուլտետի պետ, գնդապետ ԱՐՏԵՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

 

-Պարոն Խաչատրյան, նախ համառոտ անդրադառնանք բանակի հրետանավոր սպաների «դարբնոցի»՝ հրետանու ֆակուլտետի կազմավորմանը:

-Մեր երկրի պաշտպանունակության կարեւոր ու առանցքային բաղադրիչներից է որակյալ, համակարգված գիտելիքով զինված ռազմական մասնագետների պատրաստումը. եւ այս համատեքստում անգնահատելի է ռազմական կրթօջախների դերը: 30 տարի առաջ՝ ՀՀ կառավարության 1994 թ. հուլիսի 24-ի որոշմամբ հիմնվեց ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը՝ ներկայիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, որտեղ զինվորական տարբեր մասնագիտական ամբիոններ սկսեցին գործել, այդ թվում՝ հրետանային մասնագիտությամբ: Հրետանու ամբիոնի առաջին պետը Ալբերտ Մկրտչյանն էր: Հետագայում ռազմական բուհի վերակազմավորվելուց հետո  ամբիոնը դարձավ ֆակուլտետ:

-Այժմ հետադարձ հայացք ձգելու, անցյալն ու ներկան համեմատելու հնարավորությունն ունենք: Ի՞նչ է արվել տարիների ընթացքում:

-Գրեթե զրոյից մեկնարկեց ամեն ինչ՝ միաժամանակ ե՛ւ զորանոցների շինարարություն էր ընթանում,  ե՛ւ ուսումնական  ու նյութատեխնիկական բազա էր ստեղծվում, կրթական ծրագրերն էին հայկական հենքի վրա դրվում, մասնագիտական գրականություն էր թարգմանվում, գրքեր ու ձեռնարկներ  էին գրվում եւ հրատարակվում: Հրամանատարական ու դասախոսական կազմն էլ համալրվում էր խորհրդային բանակից հայրենիք վերադարձած զինվորականներով, մարտական գործողությունների մասնակցած կամավորականներով:

ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԵս ռազմական կրթօջախն ավարտել եմ 2000 թվականին, երրորդ սերնդի շրջանավարտներից եմ: Մեր ամբիոնի պետը գնդապետ Ռաֆայել Ներսիսյանն էր՝ զինվորականի իսկական կատարելատիպ, իր գործի գիտակ, ազդեցիկ: Խորհրդային բանակի սպա էր, գնդի հրամանատար էր եղել, բոլոր կուրսանտները  ձգտում էին նմանվել նրան։ Նրա և մեր մյուս դասախոսների շնորհիվ մենք իրոք լիարժեք յուրացրել ենք մեր մասնագիտությունը:

-Ռազմական ոլորտը մշտապես զարգանում է: Ֆակուլտետի ուսումնանյութական բազան ապահովո՞ւմ է ուսումնական գործընթացի արդյունավետությունը, նորարարությունների կիրառումը:

-Իհարկե, պարբերաբար վերանայվում են ուսումնական ծրագրերը, արդիականացվում է դասավանդման մեթոդաբանությունը: Մեր ուսումնանյութական բազան համալրվել է  տեսապրոյեկտորներով,  դիաֆիլմերով, ունենք վարժասարքեր, նմանակման միջոցներ, հրետանային հրաձգարան, սիմուլյացիոն ԱԹՍ կենտրոն, խելացի գրատախտակներ… Ուսումնառությունը ժամանակակից մեթոդներով կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր կուրսանտի հատկացվել է ներքին ցանցին միացված անհատական համակարգիչ, որի միջոցով հնարավորություն է տրվում օգտվելու տվյալների պահոցում առկա մասնագիտական գրականությունից ու տեսահոլովակներից, դասախոսական կազմի մշակած նյութերից: Տվյալների պահոցը մշտապես արդիականացվում և թարմացվում է: Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչությունն էլ  գործուն աջակցում է ամեն նախաձեռնության ու առաջարկության: Հրետանու ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը մշտապես համագործակցում է  նաեւ տարբեր գիտական, ռազմարդյունաբերական հիմնարկների հետ, հանդես գալիս առաջարկություններով, որոնք ըստ անհրաժեշտության ներդրվում ու կիրառվում են զինված ուժերում:

ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ-Զինվորական գործը միայն տեսական գիտելիքներով հնարավոր չէ յուրացնել, ինչպե՞ս են կուրսանտները գործնական հմտություններ ձեռք բերում:

-Այս պահին էլ մեր կուրսանտները դաշտային ելքերի են մասնակցում: Տարվա ընթացքում համապատասխան խմբերը ներգրավվում են գործնական պարապմունքների՝ մարտական հրաձգությամբ: Պարբերաբար անցկացվող ճամբարային հավաքների նպատակը տեսական ու գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների կատարելագործումն է, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումը:

-Յուրաքանչյուր զորավարժություն և մարտական գործողություն զորատեսակի համար մասնագիտական «քննություն» է, արդյունքները վերլուծելու, անհրաժեշտ հետևություններ կատարելու միջոցով նոր մեթոդներ, նոր մոտեցումներ մշակելու առիթ:

ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ-Հրետանին, մարտական գործողությունների ժամանակ համագործակցելով մյուս ստորաբաժանումների հետ, մշտապես իր վճռորոշ դերակատարումն է ունեցել ՀՀ զինված ուժերի գործողություններում: Փաստ է՝ հրետանավորները միշտ առաջադրված խնդիրը կատարել են գերազանց:

Իրենց մասնագիտական ունակություններով փայլող հրետանավոր սպաների մեծ մասը հենց մեր ֆակուլտետում է սովորել կամ վերապատրաստվել: Հայաստանի ազգային հերոս, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը եւս այստեղ է ուսանել: Պատերազմի ժամանակ նրա ղեկավարած ստորաբաժանումը գերազանց է գործել:

Ճիշտ նկատեցիք՝ մարտական ամեն գործողությունից հետո հետեւություններ են արվում, նոր մոտեցումներ են մշակվում, նորագույն տեխնոլոգիաներ են ներդրվում: Մի խոսքով՝ «պատերազմի աստվածն» իր դիրքերը չի զիջել՝ կրակային խոցման առյուծի բաժինն այսօր էլ հրետանուն է պատկանում: Հրետանին նաեւ հոգեբանական մեծ ազդեցություն ունի, հուժկու համազարկը ոգեւորում ու գոտեպնդում է զինվորներին:

ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ-Զորատեսակի մարտական բաղադրիչը զարգանում է, բայց խոսենք նաև ապագա հրետանավորների սոցիալական երաշխիքների, արտոնությունների մասին:

-Ռազմական բուհ ընդունված կուրսանտները բազում առավելություններ ունեն, իսկ ավարտելիս ունենում են բնակարան: Կուրսանտները ստանում են որակյալ բարձրագույն կրթություն, հնարավորություն ունեն նաեւ ուսումը շարունակելու արտերկրում: Ինչ խոսք, սոցիալական գործոնը չափազանց կարեւոր է, բայց ես ուզում եմ, որ բանակը համալրեն միայն նվիրյալները, երիտասարդներն անցնեն ծառայության իրենց առաքելության կարեւորությունը հստակ գիտակցելով: Ու անընդմեջ զարգանան, ինքնակատարելագործվեն, կատարելապես տիրապետեն իրենց զինատեսակին: Մեզ մոտ սովորողը հասկանում է՝ գիտելիքը, հմտությունները վստահություն են հաղորդում:

Ճշգրիտ հաշվարկ, կրակի կառավարում, նշանակետի խոցում: Հրետանին խմբային զինատեսակ է և պահանջում է համախմբված, թիմային աշխատանք,  մի  օղակի աննշան սխալը, վրիպումը կարող է վճռորոշ լինել մարտի դաշտում եւ  ուղղակիորեն ազդել վերջնարդյունքի վրա: Մեզ այնպիսի հրետանավոր սպաներ են պետք, որ վստահորեն կատարեն իրենց  պարտականությունները, բարդ ու փոփոխվող իրադրության պայմաններում արագ ու ճիշտ կողմնորոշվեն եւ օպտիմալ որոշում կայացնեն:

Նշեմ, որ կուրսանտների ընտրությունը ֆակուլտետն է անում՝ հաշվի առնելով դիմորդների կրթական, իմացական մակարդակը, վերլուծական միտքը: Շեշտը միայն ու միայն որակի վրա է:

-Պարոն Խաչատրյան, հոկտեմբերի 19-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես հրթիռային զորքերի և հրետանու օր: Ի՞նչ կբարեմաղթեք զորատեսակի զինծառայողներին:

-Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր հրետանավորներին: Մաղթում եմ, որ իրենց առջեւ դրված խնդիրները գերազանց, մեծ վարպետությամբ կատարեն, ինչպես միշտ:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #34 (1547) 14.10.2024 - 21.10.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/10/2024