ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ուսումնական կենտրոնում առօրյա եռուզեռ է։ Լսարաններում, ֆիզպատրաստության հրապարակում, կրակադաշտում մշտական տեղակայման զորամասեր մեկնել պատրաստվող ապագա կրտսեր հրամանատարները յուրացնում են հետևակի մարտական մեքենա վարելու առանձնահատկությունները, հղկում ու զարգացնում են մարտավարամասնագիտական, կրակային և ֆիզիկական պատրաստությունը։
Զուգահեռ պայմանագրային ծառայության է պատրաստվում «Պաշտպան հայրենյաց» ծրագրին միացած տղաների հերթական խումբը: Եռամսյա պատրաստության ավարտին տղաները կատեստավորվեն ու պայմանագրայինի կարգավիճակով կուղևորվեն նախընտրած զորամասեր, նախընտրած մասնագիտությամբ ծառայելու:
Զորամասի կրակադաշտում հրահանգավորվում են հրաձգությանը նախապատրաստվող զինվորները։ Նրանց շարքում է նաև Գոռ Եղիազարյանը։ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի դպրոցում անգլերեն ուսանած զինվորը նպատակասլացության շնորհիվ հաղթել է դրամաշնորհը և ուսանել է ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի ավագ դպրոցներից մեկում։ Ուսման ավարտին վերադարձել և ծառայության է անցել ՀՀ բանակում։ Երեք ամիս ծառայած Գոռը նկատում է՝ այս կարճ ժամանակահատվածն էլ բավական էր բարելավելու կրակային և հատկապես ֆիզպատրաստության ցուցանիշները։
-Փոքրուց սիրել եմ զինվորական գործը: Կյանքս պատկերացնում եմ միայն Հայաստանում, դրա համար էլ այսօր այստեղ եմ: Շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ ծնողներին, միշտ պատրաստ եմ հանուն նրանց լինել սահմանին,- ասում է Գոռը: -Ծառայությանս առաջին օրն ընդամենը երկու ձգում եմ կատարել պտտաձողից, այժմ արդեն տասն եմ կատարում և ֆիզիկական ընդհանուր պատրաստվածությունս զգալիորեն բարելավել եմ: Քրտնաջան աշխատում եմ, անում եմ առավելագույնը ու փորձում եմ միշտ ավելին սովորել, որ հիմնական զորամասում կարողանամ իմ ջոկի անդամներին ևս ուսուցանել և օրինակ ծառայել:
Շարունակելով խոսքը՝ շարքային Եղիազարյանն ասում է՝ թեպետ ծառայության ավարտին ուսումը շարունակելու նպատակով կրկին մեկնելու է արտերկիր, այնուհանդերձ, անպայման վերադառնալու է, քանի որ այստեղ իր հայրենիքն է։
-Ես ապագա դիվանագետ եմ, արդեն իսկ դիմել եմ ԱՄՆ Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին, սպասում եմ արդյունքներին: Սովորելուց հետո միանշանակ վերադառնալու եմ Հայաստան ու ստացածս գիտելիքները ծառայեցնելու եմ Հայաստանի բարեկեցությանը:
Զինվորական ծառայության առաջին ամիսներն ու դրանց ընթացքում ստացած տպավորությունները վճռորոշ էին նաև Արթուր Սարգսյանի համար: Նա որոշում է կայացրել դիմել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ստանձնել սպայի դժվարին, բայց և պատվաբեր առաքելությունը։
-Պատիվ է համազգեստ կրելը, հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը: Վճռական եմ իմ որոշումն իրագործել այնպես, որ գերազանց պատրաստված սպա դառնամ:
Ուսումնական կենտրոնի մարզահրապարակում ֆիզպատրաստության ցուցանիշներն են բարելավում առաջիկա ատեստավորմանը նախապատրաստվող «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները։ Պատրաստության ծրագրի ավարտին դեռ մեկ ամիս կա, բայց ժամկետային զինծառայությունը պայմանագրայինով փոխարինած տղաների գնահատմամբ՝ իրենք արդեն իսկ պատրաստ են լավագույնս ներկայանալու քննություններին։
-Եռամսյա ուսումնական փուլը մոտենում է ավարտին, ու հաստատ արդյունքը գոհացուցիչ է լինելու: Ֆիզիկական պատրաստությունից «գերազանց» կամ «լավ» գնահատական ունենալու համար հարկավոր է ամենօրյա հետևողական աշխատանք: Բոլորն էլ այդ գիտակցումով են ծառայում, կատարելագործում վարժվածության աստիճանը,- ասում է Հովհաննես Մարգարյանը:
Խոսելով ուսումնական գործընթացի մասին՝ մեր զրուցակիցներն ընդգծում են՝ բանակում բոլորն են գիտակցում զինվորական ծառայության դերն ու նշանակությունը, պատրաստակամ են իրենց ուսումնառությամբ ու անդուլ աշխատանքով նպաստելու զինված ուժերի մարտական պատրաստության բարելավմանը։ Գոռն ու Հովհաննեսը հաջորդաբար ամփոփում են մեր զրույցը:
-Տրամադրությունս մարտական է: Ուզում եմ ամեն օր սովորել, զարգանալ: Հավատում եմ ուժերիս, որ կարող եմ երկու տարվա ընթացքում օրինակ լինել իմ ընկերների համար:
-Վստահ եմ, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք բանակի մարտական պատրաստության որակը առնվազն մեկ աստիճանով բարձրացնել: Մենք ձգտում ենք առավելագույն արդյունքի:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Խորագիր՝ #34 (1547) 14.10.2024 - 21.10.2024, Ազգային բանակ