ՍՈՎՈՐՈՒՄ ՈՒ ՀՄՏԱՆՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀՐԵՏԱՆԱՎՈՐ
Մեր բանակի հրետանին դժվարին ու փառահեղ ուղի է անցել: Հրետանու առանցքային դերակատարման մասին փոխաբերական անվանումն է հուշում՝ հրետանին պատերազմի աստվածն է: Հրետանավորները մարտական գործողությունների ժամանակ իրենց փայլուն են դրսևորել, այսօր էլ շարունակում են մասնագիտորեն կատարելագործվել, հարստացնել փորձը և զինվել նոր գիտելիքներով:
Հայրենական հրետանին մարտական բոլոր գործողություններում ու բոլոր ժամանակներում անուրանալի ավանդ ունի հայրենիքի պաշտպանության գործում։ Երեք տասնամյակից ավելի այս զորատեսակը զարգացման ճանապարհ է անցել, բազմաթիվ բարդ ու կարևոր առաջադրանքներ կատարել, հազարավորների ընդունել իր շարքերն ու փորձառու հրետանավոր դարձրել։ Եվ մշտապես զորատեսակն աչքի է ընկել իր արդյունավետությամբ, զինտեխնիկայի հմուտ կիրառմամբ և մասնագետների բարձր որակներով։
Ավանդույթի ուժով, հրետանավորները միշտ գերազանց առաջադիմությամբ են փայլել, անցել բարձր պատրաստություն, բանիմաց հրամանատարների շնորհիվ գործել բացառիկ սխրանքներ։
Եվ այսօր նոր սերնդի ուսերին է պատասխանատվությունը՝ հայրենիքը պաշտպանելիս անմահացած հերոս հրետանավորների գործը շարունակելու, իրենց վստահված տեխնիկան մարտունակ պահելու, սահմանագոտու պահպանությունը լիարժեք կազմակերպելու։
Ժամկետային զինծառայող հրետանավորները ամիսներ առաջ զորակոչվել եւ արդեն զինվորական գործի մասնագետ են դարձել։ Նրանք անընդմեջ սովորում են՝ զորամասում, զորավարժարանում։
-Դասերի ընթացքում շատ ենք անդրադառնում հրետանային զորքերի գործողություններին, որ կարողանանք ավելի ճիշտ կատարել մեր առջև դրված խնդիրը: Սկզբում անսովոր էր տեխնիկան, բայց ժամանակի ընթացքում ուսումնասիրեցինք, տեսական ու գործնական պարապմունքների ժամանակ հրամանատարների օգնությամբ շատ բան սովորեցինք: Մեր գործում կարևոր է արագ ու ճշգրիտ կողմնորոշվելը, նաև անձնակազմի լավ հարաբերությունները, քանի որ ամեն ինչ միասին ենք անում ու իրար մի խոսքից պետք է հասկանանք,- ասում է Հովհաննես Ղարիբյանը:
Էրիկ Մարտիրոսյանն էլ խոսում է մասնագիտական առանձնահատկությունների մասին:
-Հրետանավորի համար ամենակարևորը ճշգրտությունն ու արագությունն է: Եթե առաջին իսկ կրակոցից չխոցես թիրախը, դու կհայտնաբերվես, ու ինքդ կդառնաս թիրախ: Դրա համար անհրաժեշտ է հրանոթը լավ սպասարկել, ապահովել բոլոր մեխանիզմների սահուն աշխատանքը: Այդ դեպքում խնդիրը կարող ես կատարել մեկ վայրկյան շուտ, ինչը շատ կարևոր է:
Հրետանային զորամասում պարապմունքներն ամեն օր են: Մինչև դաշտային ելքերի հերթը կգա, տղաները սեզոնային սպասարկում են կատարում: Հրետանային միավորները պետք է անթերի լինեն, անձնակազմը՝ գերազանց պատրաստված։
-Անընդհատ պարապում ենք, ամեն անգամ աշխատում ենք ավելին սովորել ու հմտանալ մեր գործում: Ես հեռաչափորդ եմ ու նշանակետի հեռավորությունը պիտի ճիշտ փոխանցեմ, որ հրանոթները ճիշտ նշանառեն ու կրակով խոցեն թիրախը,- հեռաչափման սարքի մոտ իր գործողություններն է նկարագրում Էրիկ Խեչիկյանը:
Ստորաբաժանումների հրամանատարները հետևում են հաշվարկների գործողություններին, շտկում սխալները։ Մասնագիտական դասերին զուգահեռ, սպաների ուշադրության կենտրոնում միջանձնային հարաբերություններն են. զինծառայողները մեկ ընդհանուր գաղափարի շնորհիվ միայն կարող են լավ մասնագետ դառնալ։
Հայրենական հրետանին դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ ամուր հենքի վրա զարգացնելով զորատեսակն ու բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ մնալով մրցունակ ու մարտունակ՝ պատրաստ դիմակայելու ցանկացած մարտահրավերի։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #34 (1547) 14.10.2024 - 21.10.2024, Ազգային բանակ