ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ
Շուրջ երկու տարի է՝ զինված ուժերում գործում է ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու նոր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Ծրագրի նպատակը զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելն ու արհեստավարժ, մարտունակ ու կոփված զինծառայողներով համալրված ստորաբաժանումներ ստեղծելն է: Ծառայության նոր ձեւաչափն ընտրած երիտասարդների թիվն օրեցօր աճում է: Շատերն էլ արդեն ցանկություն են հայտնել ծրագրով սահմանված հինգ տարի ժամկետը լրանալուց հետո շարունակել պայմանագրային ծառայությունը:
Կապի ուսումնական զորամասում հետեւում ենք «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների պարապմունքներին: Հայրենյաց ապագա պաշտպանները կատարելագործում են մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները, առավել հմտանում: Ուսումնական ծրագրի ավարտին նրանք արդեն որպես պատրաստված մասնագետներ կհամալրեն իրենց իսկ նախընտրած զորամասերը։ Հրամանատարական կազմն ընդգծում է՝ պարապմունքների ընթացքում ակնհայտորեն նկատելի է իրենց գործի կատարյալ մասնագետ դառնալու զինծառայողների պատրաստակամությունը:
Ռադիոհեռախոսավար, շարքային Վահան Մամիկոնյանը զինվորականի ընտանիքում է մեծացել:
-Փոքր տարիքից տեսել ու ապրել եմ զինվորական կյանքը՝ իր դժվարություններով, հպարտության դրսեւորումներով, տագնապալի սպասումներով: Հայրս մարտական գործողությունների մասնակից է, հիմա պահեստազորում է, ու ես իր գործի արժանի շարունակողը պետք է լինեմ: Մենք չորս եղբայր ենք, ավագ եղբայրս՝ Հայկազն արդեն ծառայել է, մյուս երկու եղբայրներս դեռ դպրոցական տարիքի են: Եթե ուզում ենք ամուր ու պաշտպանված հայրենիք ունենալ, ամեն ընտանիքից գոնե մեկը պիտի զինվորական դառնա. սա իմ տեսակետն է:
Վահանը մինչ բանակ զորակոչվելն էր որոշել զինվորական ուղին ընտրել:
-Երկիրը զինվորով է կանգուն, ու Հայրենիքը մենք պիտի պահենք: Ծառայության ընթացքում տեղեկացա «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, նպատակահարմար համարեցի հենց այդ կերպ ծառայել: Պայմանագրի հինգ տարին լրանալուց հետո էլ շարունակելու եմ ծառայությունս: Որոշել եմ ռազմական բարձրագույն կրթություն ստանալ, սպա դառնալ:
Վահանը դժվարություններից չի երկնչում: Վստահեցնում է՝ հատկապես զինվորականների որդիները ծառայելիս առանձնակի դժվարությունների չեն բախվում, քանի որ մանկությունից կարգուկանոն են տեսնում, պարտաճանաչություն, պատասխանատվություն:
-Այդ ամենից զատ, երբ գործդ սիրով ես անում ու գիտակցում ես գործիդ կարեւորությունը, ամեն դժվարություն էլ հեշտ է հաղթահարվում,- ասում է Վահանն ու շարունակում: -Զորամասում ամեն օրը հագեցած է, ամեն րոպեն նպատակային է ու արդյունավետ: Զգալիորեն բարելավել ենք մեր ֆիզիկական, կրակային, մասնագիտական ցուցանիշները: Սովորել ենք ռադիոկայանների հետ աշխատելու նրբությունները, կապի տարբեր միջոցների նշանակությունն ու առանձնահատկություններն ենք ուսումնասիրում: Սպաները հնարավորինս մատչելի բացատրում են դասի նյութը, իրենց փորձն ու գիտելիքը փոխանցում:
Որոշ ժամանակ անց Վահանը կտեղափոխվի մշտական տեղակայման զորամաս: Նա իր ընտրած զորատեսակի կարեւորությունն է շեշտում՝ առանց կապ չկա զորքի կառավարում: Նաև շատ գոհ է, որ իր կարևոր ծառայությունն իրականացնելու է իր նախընտրած վայրում, իր նախընտրած պայմաններով:
-«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է ընձեռում բնակավայրիդ մոտ զորամասում ծառայելու: Ընտանիքիս մոտ կլինեմ, անհրաժեշտ պահին՝ թև ու թիկունք: Միևնույն ժամանակ, կպաշտպանեմ մեծ ընտանիքս՝ Հայրենիքը…
Մանթաշ գյուղից Գուրգեն Չոբանյանը ևս ավագ եղբոր հետ միասին նախընտրել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
-Մեր չորս հոգանոց ընտանիքից երեքը զինվորական են,- ասում է հպարտությամբ: -Հայրս՝ կապիտան Պավել Չոբանյանը, ժամկետային ծառայությունից հետո անցել է պայմանագրային ծառայության: Մարտական գործողությունների մասնակից է, հիմա էլ առաջնագծին մոտ զորամասերից մեկում է: Ավագ եղբայրս՝ Հովհաննեսը, հրետանավորի մասնագիտությունն է ընտրել: Եղբայրներով զորակոչվել ենք հրետանային ուսումնական զորամաս, վեց ամիս ծառայել միասին: Հետո ես փոխեցի զինվորական մասնագիտությունս: Կապավոր ընկերներ շատ ունեմ, կապի մասին այնքան պատկերավոր էին պատմել, զորքի ղեկավարման գործում կապի բացառիկ կարեւորությունն այնքան շեշտադրել, որ նախապատվությունը հենց այս զորատեսակին տվեցի:
Երբ հրետանավոր ու կապավոր եղբայրները հանդիպում են հարազատ հարկի տակ, ամեն մեկն իր ծառայողական առօրյայից է պատմում, իր զորատեսակի հնարավորություններով հպարտանում, մյուսին խորհուրդներ տալիս:
-Նման պահերին հայրս ուշադիր մեզ է լսում, ինքն էլ իր խորհուրդները տալիս՝ մեր զենքին, զինատեսակին գերազանց տիրապետել, զինվորական գործում չթերանալ:
Տղաները հոր խոսքերով ու պատգամներով էլ առաջնորդվում են, օրինակելի ծառայում: Գերազանց առաջադիմության համար Գուրգենը «կրտսեր սերժանտի» կոչում է ստացել:
Գուրգենը խոսում է ապագա ծառայության, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի առավելությունների մասին:
-Շուտով ծրագրով սահմանված վերապատրաստման փուլը կավարտենք ու կվերադառնանք նախանշված զորամաս: «Պաշտպան հայրենյաց»-ը բազմաթիվ առավելություններ ունի, բայց մայրիկիս համար ամենակարեւորը մեր ծննդավայրին մոտ ծառայելու հնարավորությունն է…
Ծառայությանը զուգահեռ հնարավորություն ունեմ նաեւ բարձրագույն կրթություն ստանալու: Որոշել եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվել: Մի ամսից էլ ատեստավորման քննություններ ենք հանձնելու: Լավ արդյունքներ գրանցելու դեպքում մեր աշխատավարձը զգալի ավելանալու է:
Ամեն օր ավելի եմ համոզվում՝ իրապես լավ ծրագիր է: Ամենակարևորը՝ հայրենիքդ ես պաշտպանում, քո լուման ներդնում երկրիդ անվտանգության ապահովման գործում:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #35 (1548) 23.10.2024 - 30.10.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում