Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՃԱՇԱՐԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ



ՆՈՐ ՃԱՇԱՐԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐԶինված ուժերի ևս մեկ զորամասում հանդիսավոր արարողությամբ շահագործման հանձնվեց նոր կառուցված ճաշարան: Շենքային նոր պայմանները, արտաքին ու ներքին հարդարանքը, նոր գույքն ու ժամանակակից խոհանոցային սարքավորումները հուշում են, որ սննդի մատակարարման կարգն ու որակական պատկերը այս զորամասում ևս արմատապես փոխվելու են։ Ճաշարանը զինվորների առջև իր դռներն է բացում թարմ, համեղ կերակրատեսակների ընդլայնված ցանկով։ Պաշտպանության նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ զինանձնակազմի համար սննդի պատրաստման ու մատակարարման պարտականությունը ստանձնել է «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը։ Ընկերության ճաշարանային նախագծերի ղեկավար Խաչիկ Հակոբյանը երաշխավորում է՝ իրենց իսկ սահմանած որակի բարձր նշաձողը չեն իջեցնի։

-Կարող եմ վստահեցնել, որ զինվորները ծնողներից սնունդ խնդրելու կամ խանութից գնումներ կատարելու անհրաժեշտություն այլևս չեն ունենա։ Մեր մատուցած սննդամթերքը ներառում է քաղցրավենիք, կաթնամթերք, մսի տեսականի։ 3 անգամյա սնունդը կապահովի լիարժեք ծանրաբեռնվածություն ունեցող զինծառայողներին անհրաժեշտ կալորիաները։

Ճաշի ժամն է: Խոհանոցում վերջին նախապատրաստություններն են։ Ախորժելի հոտը հուշում է, որ անձնակազմին դիմավորելու ճիշտ ժամանակն է։ Շարքով ու զինվորական կարգով զինվորների քայլերն ուղղվում են դեպի ճաշարան: Լավագույն զինծառայողներից երկուսը կտրում են ավանդական կարմիր ժապավենը, ու ճաշարանը պաշտոնապես բացված է։ Օրվա ճաշացանկով նախատեսված ուտեստները փորձելուց հետո զինվորները գոհ են սննդի բազմազանությունից ու, հատկապես, որակից։ Ավագ խոհարար Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ ճաշացանկը կազմելիս հաշվի են առնելու զինվորների նախընտրությունը։

-Կարևոր պայման է, որ շաբաթվա ընթացքում կրկնվող ճաշատեսակներ չլինեն։ Այսօրվա համար պատրաստել ենք երկու տեսակի աղցան, երկու տեսակի ապուր, հավի ու տավարի մսով ուտեստներ։ Նախաճաշին, որպես կանոն, լինում է թեյ, սուրճ, խտացրած կաթ, մեղր, կաթնամթերք, հավկիթ և այլն։ Իսկ ընթրիքին անպակաս են միրգն ու թխվածքաբլիթը։

Ճաշարանը գործելու է հոսքագծային սպասարկման տարբերակով։ Սա նշանակում է, որ զինվորներն անձամբ են մոտենում ճաշարանի աշխատակիցներին, վերցնում առաջին և երկրորդ կերակրատեսակներն ու նախընտրած աղցանը։ ՊՆ ԹԱՎ պարենային ծառայության պետ, գնդապետ Կարեն Բունիաթյանը նշում է՝ այս ձևաչափը մի շարք զորամասերում վաղուց ապացուցել է իր արդյունավետությունը։

-Զինված ուժերում հերթական նոր ճաշարանն է հանձնվում շահագործման։ Այն հագեցած է ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչի արդյունքում խոհարարները ավելի համեղ ու որակյալ սնունդ պատրաստելու հնարավորություն կունենան։ Պաշտպանության նախարարությունը բոլոր զորամասերի ճաշարաններում իրականացնելու է ամենօրյա վերահսկողություն։

Զինված ուժերի պարենային ծառայության պետը տեղեկացնում է, որ մինչև տարեվերջ տարբեր զորամասերում շահագործման կհանձնվեն մեկ տասնյակից ավելի  այսպիսի ճաշարաններ։ Հարմարավետ պայմաններն ու համեղ սնունդը ավելի գրավիչ կդարձնեն ծառայությունը։

ՏԱԹԵՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1549) 4.11.2024 - 11.11.2024, Ազգային բանակ


21/11/2024