Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆ



ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆՈւսումնական զորամասերում շարունակվում է զինծառայողների մարտավարամասնագիտական պատրաստությունը: Պարապմունքների նպատակը զինվորական մասնագիտությանը լիարժեք տիրապետող հայրենիքի պաշտպաններ պատրաստելն է: Ուսումնառության ընթացիկ փուլում զինծառայողներն արդեն հասցրել են ձեռք բերել բավականաչափ գիտելիքներ, փորձ և հմտություններ, որոնք շուտով իրենց հիմնական զորամասերում կծառայեցնեն բանակի մարտունակության բարձրացմանը:

 

Մարտավարական դաշտում բացազատվել են ուսումնական կետեր։ Տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու ժամանակն է։

-Ամեն օր մարտավարական դաշտում անցկացնում ենք գործնական դասեր, սովորում ենք ինչպես գործել մարտի ժամանակ: Բոլորս էլ ուզում ենք դառնալ լավ հրաձիգ, հայրենիքի լավ պաշտպան: Քաջ գիտակցում ենք՝ ինչ պատասխանատվություն է դրված մեր ուսերին,- ասում է Արթուր Թախմազյանը:

Գործնական աշխույժ եռուզեռը շարունակվում է։ Ստորաբաժանման հրամանատարն է հետևում զինանձնակազմի գործողություններին, տալիս անհրաժեշտ ցուցումները, շտկում նկատվող թերությունները, որպեսզի մարտավարական հնարքները կատարվեն արագ, հստակ և ներդաշնակ։

Լեյտենանտ Սամվել Չոմոյանն ինքն էլ որպես երիտասարդ սպա ընդամենը մեկ տարի է, ինչ համալրել է զինված ուժերի շարքերը։ Ծառայում է «Պատիվ ունեմ» ծրագրով՝ մեծ պատիվ ու պատասխանատվություն համարելով իրեն վստահված կարևոր հանձնառությունը:

-Պարապմունքների առաջնահերթ նպատակն է, որ տղաները ներդաշնակ գործեն, կարողանան իրենց մարտական խնդիրը կատարել: Զինվորներին սովորեցնում ենք մարտավարություն, աշխատում ենք ֆիզպատրաստության ուղղությամբ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ստացած գիտելիքներս փոխանցում եմ անձնակազմին, ինքս էլ անընդհատ կատարելագործվում եմ: Հմտանալու, զարգանալու տեղ միշտ կա, ու նույնը պետք է սովորեցնել ենթականերին:

«Պատիվ ունեմ» ծրագիրն եմ ընտրել՝ մտածելով, որ բանակին ավելի շատ օգուտ կտամ՝ որպես սպա: Երիտասարդ տարիքում արդեն զբաղեցնում եմ դասակի հրամանատարի պաշտոնը, ինչը շատ մեծ պատիվ է ու պատասխանատվություն: Մասնագիտական դժվարություններ կան, բայց հաղթահարելի են: Հեշտ է երիտասարդների հետ աշխատելը, իրար լավ ենք հասկանում: Զորամաս ոտք  դնելու օրվանից տղաներին բացատրում ենք, որ այստեղ բոլորը եղբայրներ են՝ հավաքված մեկ նպատակի շուրջ՝ պաշտպանելու հայրենիքը:

Պայմանական մարտադաշտում տարբեր են իրավիճակներն ու զարգացումները, ուստի տարբեր են նաև հնչող հրամաններն ու առաջադրվող խնդիրների բնույթն ու բովանդակությունը։ Յուրաքանչյուր զինծառայող իր խնդիրն է կատարում՝ քաջ գիտակցելով, որ բանիմաց մասնագետ դառնալու կարևոր գրավականը սովորելն է և օրեցօր հմտանալը։

Ինչպես ճիշտ և արագ բացազատել հաստիքային միջոցները, հարկ եղած դեպքում՝ դրանք նախապատրաստել մարտի և կիրառել առավելագույն արդյունավետությամբ. այս թեմայի շուրջ է ուսումնական  հաջորդ կետում ընթացող գործնական պարապմունքը։

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆ-Օրեցօր ավելի եմ զարգացնում իմ մասնագիտական գիտելիքները, հմտությունները: Ջանք չեմ խնայում, փորձում եմ ամեն ինչ անել լավ մասնագետ դառնալու, զենքիս լիարժեք տիրապետելու համար, որ հայրենիքիս պիտանի զինվոր լինեմ: Զինվորական ծառայությունը շատ եմ կարևորում, սա ինձ համար ամենակարևոր առաքելությունն է: Հայրենիք պաշտպանելու և բոլորիս խաղաղությունն ապահովելու գործը սուրբ է,- ասում է Հայկ Սաֆարյանը:

Ուսումնական մյուս կետում զինվորները կրակային պատրաստություն են անցնում։ Նրանք խոցում են տարբեր հեռավորության վրա գտնվող թիրախները, և պատասխանատուներն արձանագրում են դրական առաջընթացը։

Հարազատ եղբայրներ Գագիկ ու Էդուարդ Ներսիսյանները ծառայում են շուրջ 4 ամիս։ Զինվորական ընտանիքի զինվորական եղբայրները համոզված են՝ ուսումնական փուլն ավարտելու են գերազանց առաջադիմությամբ։

-Ես կրակային պատրաստությունը շատ եմ կարևորում, որովհետև զինվորը պարտավոր է լավ տիրապետել իր զենքին, լավ կրակել իմանալ: Դա նրա ամենակարևոր հատկությունը պետք է լինի: Այս պահին վարժադաշտում կատարում ենք զորատեսակների համար նախատեսված «2-րդ ստուգողական հրաձգություն» վարժությունը: Հաճախ ենք հրաձգություն կատարում, ու արդյունքներն էլ օրեցօր բարելավվում են: Բոլոր թիրախներն էլ կարողանում եմ խոցել,- ասում է Էդուարդը, իսկ Գագիկը շարունակում է.

-Ինձ համար նույնպես կրակային պատրաստությունը կարևոր դեր ունի: Մինչև հրաձգություն կատարելը անցնում ենք ուսումնական կետերով, նախապատրաստվում ենք, հրահանգավորվում: Ձգտելու եմ հետագա ծառայությանս ընթացքում բարելավել արդյունքներս:

Եղբորս հետ ծառայությունը հետաքրքիր է: Ես ու եղբայրս ամեն ինչ անում ենք, որ գիտելիքներ ձեռք բերենք, լավ զինվոր դառնանք: Երկուսս էլ ոգևորված ենք, ծառայում ենք բարձր տրամադրությամբ: Գիտակցում ենք մեր պարտքը ու կատարում ենք այն:

Ուսումնական գործընթացը շարունակվում է, և շուտով տղաները, որպես կրտսեր հրամանատարներ, իրենց սովորածը կկարողանան կիրառել նախորոշված հիմնական զորամասերում՝ ամրապնդելով բանակի մարտունակությունը։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #36 (1549) 4.11.2024 - 11.11.2024, Ազգային բանակ


21/11/2024