Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԶԵԼ ԽՍՏՈՐԵՆ, ՍԻՐԵԼ ՀԱՅՐԱԲԱՐ



ՄԱՐԶԵԼ ԽՍՏՈՐԵՆ, ՍԻՐԵԼ ՀԱՅՐԱԲԱՐ-Մենք քարից հող կորզող ժողովուրդ ենք,- ասում է ավագ սերժանտը:

Մտածում եմ, որ սխալմամբ հաց բառի փոխարեն հող ասաց: Զարմանալի չէ, որովհետև զինվորականի սրտում, գլխում հող բառն ամենասիրելին ու ամենակարևորն է, մանավանդ, եթե հողդ պաշտպանելը կյանքիդ գլխավոր գործն է:

-Հաց,- ուղղում եմ ցածրաձայն:

-Ի՞նչ հաց,- զարմանում է սերժանտը,- ես մեր գյուղի մասին եմ պատմում: Մեր նախնիները սարերի մեջտեղում մի կտոր հարթ տարածություն են գտել, տուն են սարքել, ցորեն են ցանել… Ի՞նչ իմանաս, գուցե հենց սարեր են հարթեցրել, հող դարձրել, որ տուն սարքեն ու ցորեն ցանեն: Մենք պատվարժան ժողովուրդ ենք՝ շատ կենսունակ ենք, աշխատասեր, խիզախ, խելացի, պաշտում ենք մեր հողը, մեր ընտանիքը, չենք կոտրվում դժվարություններից, պահպանում ենք մեր գույնը, մեր ավանդույթները ու տաք, սիրող սիրտ ունենք…

Ես միանգամից խանդավառվում եմ. զգում եմ, թե ինչպես է մի թրթռուն ալիք շարժվում դեպի նախնիներիցս ժառանգած իմ «տաք ու սիրող» սիրտը, իսկ նա շարունակում է.

-Իմ ծնողները՝ ձեզ օրինակ: Հայրս տրակտորիստ էր: Մեր տարածաշրջանում մի քանի հատ տրակտոր կար միայն, ու հայրս լույսը դեռ չբացված՝ աշխատում էր մինչև մութն ընկնելը: Ոչ մեկին չէր մերժում՝ անկախ այն բանից՝ կվճարեին, թե չէ: Մայրս հորս աշխատանքի համար անհրաժեշտ վառելիքը բաժանում էր չունեցողներին, թեև մեր տանը 6 երեխա էր մեծանում, ու նրանց կերակրել էր պետք: Ասեմ, որ այդուհանդերձ, հացը չէր պակասում մեր տանը: Մեծանում էինք կուշտ ու ապահով: Հացը սիրո պակասից է կտրվում, երբ մարդը չի կիսում իր ունեցածը, բաժին չի հանում կարիքավորին:

Ես հետաքրքրությամբ լսում եմ ավագ սերժանտին, շտապելու տեղ չունենք: Զրույցը ծավալվելով կգա, կհանգի հետախույզի մասնագիտությանը, որը նա ընտրել է առանց տատանվելու ու գիտակցաբար և ավելի քան 10 տարի ծառայում է պատվով՝ խրախուսվելով պատվոգրերով, շնորհակալագրերով ու մեդալներով:

-Սերն է աշխարհը կանգուն պահում: Իսկ Հայրենիքի հանդեպ սերը ամենազորեղն է: Այն քեզ ստիպում է մոռանալ ամեն ինչ ու գնալ վտանգին ընդառաջ:

Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մայրն ու հայրը պատմեցին քեռու՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված Վարդան Խաչատրյանի մասին: Պատմեցին հպարտությամբ, ակնածանքով… Համազգեստ կրելու միտքը սկզբից տարտամ սողոսկեց գլուխը, հետո մեծացավ, դարձավ երազանք, նպատակ: Մի օր էլ զինվորական համազգեստով մի տղամարդ եկավ դպրոց ու աշակերտներին պատմեց «Փոքր Մհեր» կրթահամալիրի մասին: Այդ ժամանակ 10 տարեկան էր, ու ծնողները կտրուկ մերժեցին «Փոքր Մհերում» սովորելու նրա խնդրանքը: Տղան երեք օր լաց եղավ: Սկզբում հայրը փափկեց, հետո համոզեց մորը:

-«Փոքր Մհերը» իմ տունն է, ես այնտեղ վերածնվել եմ, – ասում է ավագ սերժանտը,- իմ դրական հատկանիշները, կյանքի, մարդկային հարաբերությունների մասին իմ պատկերացումները, իմ ներքին մղումները հիմնականում այնտեղ են ձևավորվել: Կրթահամալիրում մեզ մարզում էին խստորեն, սիրում էին հայրաբար:

Ռազմամարզական ուղղվածությամբ կրթահամալիրն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ ու, որպես ժամկետային զինծառայող, ծառայության անցավ ինժեներասակրավորային ստորաբաժանումում:

-Դա իմ նոր ճանապարհի սկիզբն էր: Սակրավորի մասնագիտությանը տիրապետելու համար ես տքնաջան աշխատեցի, հոգեբանական ու ֆիզիկական լուրջ պատրաստություն անցա: Զգուշավորություն, սառնասրտություն, խիզախություն, կամք… սրանք հատկանիշներ են, որոնց կատարելագործումը սահման չունի, չկա մի կետ, որտեղ կարող ես կանգ առնել: Ու ծառայության ամեն օրը քեզ ավելի ու ավելի հմուտ է դարձնում, որովհետև տեսական գիտելիքներդ ամրապնդում ես գործնական աշխատանքով: Այդ ընթացքում աստիճանաբար ճանաչում-բացահայտում ես քո թույլ և ուժեղ կողմերը, ինքնուսուցմամբ ու ինքնավարժանքով հղկում ես ինքդ քեզ:

Առաջին հայացքից թվում է, թե անցումը հետախույզ-սակրավորից հատուկ նշանակության ստորաբաժանում պիտի որ հեշտ լիներ, բայց զրուցակիցս անկեղծորեն խոստովանում է՝ հոգեբանական ու ֆիզիկական տվյալները բարելավելը մեծ ջանքեր է պահանջել իրենից:

-Պիտի կարողանաս կատարելապես կառավարել մարմինդ ու հույզերդ: Ճարպկություն, հնարամտություն, համբերատարություն, համարձակություն, արագ կողմնորոշում, ծայրահեղ ուշադրություն… Այս հատկանիշները միանգամից ձեռք չես բերում, այլ աստիճանաբար, ֆիզիկական պատրաստությանը զուգահեռ, որովհետև ֆիզիկական պատրաստությունը ներքին դիմադրողականության բարձրացման առաջին նախապայմանն է: Չի կարող թույլ մարմնում ուժեղ հոգի լինել: Լեռնագնացություն, մարտարվեստ, երկարաժամկետ վազք ու ֆիզիկական տարաբնույթ վարժություններ ճքճքան ցրտին, հորդառառ անձրևի կամ կիզիչ արևի տակ: Նաև մասնագիտական գիտելիքների յուրացում՝ ուսումնական պարապմունքների ժամանակ: Այս ամենի նպատակը մեկն էր՝ մարտական առաջադրանքը կատարել հնարավորինս անթերի ու անվտանգ:

Թե ինչ առաջադրանքներ է կատարել ավագ սերժանտը, չի կարելի բարձրաձայնել: Քանի անգամ է նայել մահվան աչքերին, դարձյալ հայտնի չէ: Գաղտնիության քողով պատված ծառայողական կենսագրությունում բացահայտ են միայն զինվորականի ստացած խրախուսանքները, որոնք ուղղակիորեն փաստում են հաջողությունների ու ձեռքբերումների մասին:

Այսօր նա զորամասի հատուկ ֆիզիկական պատրաստության գծով հրահանգիչ է: Ավելի պարզ ասած՝ մարզում է ապագա հետախույզ ժամկետային զինծառայողներին: Հատուկ բառի նշանակությունը տվյալ դեպքում ամբողջ խորությամբ գիտեն միայն այն նորակոչիկները, որոնք ուսումնական փուլից որոշ ժամանակ անց դառնում են հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ:

-«Մարզել խստորեն, սիրել հայրաբար». սա իմ նշանաբանն է՝ որպես հատուկ ֆիզպատրաստության հրահանգիչ, այն «Փոքր Մհեր»-ից եմ բերել ինձ հետ: Քննություն բռնած մեթոդ է: Յուրաքանչյուր տղայի մեջ նստած է հայրենիքի համար անձնուրաց պայքարելու պատրաստ հերոսը, պարզապես այդ հերոսին արթնացնելու-խանդավառելու ձևը պիտի գտնես:

Երկու երեխա ունի: Տղան ավագն է ու արդեն 8 տարեկան է: Լող է պարապում, բռնցքամարտ, սիրում է զինվորական համազգեստը և ուզում է ուժեղ տղա դառնալ:

-Կուզենայի՝ տղաս անցներ իմ ճանապարհը,- ասում է ավագ սերժանտն ու բացատրում է: -Այս հատուկ ծառայությունը Հայրենիքին քեզ քո կամքից անկախ ավելի լավն է դարձնում: Գնահատում ես կյանքիդ ամեն վայրկյանը, գեղեցիկ ես ապրում, սիրով, լիաթոք: Ինքդ քո աչքում բարձրանում ես, դառնում ես հպարտ ու ինքնաբավ, երբ առաջադրանքը կատարած վերադառնում ես ու քայլում հարազատ փողոցներով: Այդ պարզ, սովորական զբոսանքը այնպիսի ուրախությամբ է լցնում հոգիդ, որ ակամա ժպտում ես անծանոթ մարդկանց:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #36 (1549) 4.11.2024 - 11.11.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/11/2024